Մատչելիության հղումներ

Նախագահը դիմեց Սահմանադրական դատարան


Նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ
Նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարան է դիմել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի հարցով։

Նախագահի աշխատակազմի հայտարարությունում ասված է․

«Հանրապետության նախագահը, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Դիմումի ներկայացումը պայմանավորված է նաև նշված օրենքի իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրներով, որոնք առավել ակնհայտ դարձան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի նախաձեռնության և դրան հաջորդած սահմանադրական իրավական գործընթացների արդյունքում:

Սահմանադրական դատարանը օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հնարավորություն ունի՝ համակողմանիորեն և համակարգային առումով փոխկապակցված քննություն իրականացնել և որոշում կայացնել:

Ներկայացված դիմումով Սահմանադրական դատարանի որոշումները և ձեռնարկվող հնարավոր միջոցները կարող են լրջագույն ազդեցություն ունենալ մինչև այժմ ընդունված որոշումների, ստեղծված իրավիճակին առնչվող ներկայիս և հետագա գործընթացների վրա՝ վերը նշված օրենքի մեկնաբանման և կիրառման համատեքստում:

Հանրապետության նախագահը հույս է հայտնում, որ հնարավորինս արագ համապատասխան որոշման կայացումը իրավական որոշակիություն կբերի և կնպաստի ներկայիս ճգնաժամի հանգուցալուծմանը»:

Այսօր առավոտյան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Օնիկ Գասպարյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին։

Փետրվարի 25-ի առավոտյան հրապարակվեց Զինված ուժերի անունից գլխավոր շտաբի հայտարարությունը՝ վարչապետի և Կառավարության հրաժարականի պահանջով։ Վարչապետն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց և ԳՇ պետի պաշտոնանկության առաջարկությամբ դիմեց նախագահին։

Նախագահը փետրվարի 27-ին առարկություններով վերադարձրեց հրամանագրի նախագիծը, սակայն վարչապետը կրկին ուղարկեց իր միջնորդությունը։

Մարտի 2-ին Հայաստանի նախագահը հայտարարեց, որ որոշել է չստորագրել հրամանագիրը և առանձին դիմումով դիմելու է Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։

XS
SM
MD
LG