Մատչելիության հղումներ

Ցուցարարները Դեմիրճյան փողոցում են. Ազգային ժողովի մուտքերը շրջափակված են


Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած հանրահավաքից հետո տեղափոխվեցին Դեմիրճյան փողոց: Նրանք շրջափակել են Ազգային ժողովի մուտքերը, որպեսզի պատգամավորները չկարողանան մտնել շենք:

Իրավիճակը շարունակում է լարված մնալ, հավաքվել են բազմաթիվ ցուցարարներ, բերվել են նաև ոստիկանական զորքեր:

Իրավիճակը լարվեց, երբ հայտնի դարձավ, որ նախագահ Արմեն Սարգսյանն այդպես էլ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու Նիկոլ Փաշինյանի հրամանագիրը չի վիճարկել Սահմանադրական դատարանում:

Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս իրավիճակը լարեց նախագահ Արմեն Սարգսյանը, որը հրամանագիրը այդպես էլ չվիճարկեց Սահմանադրական դատարանում:

Նշենք՝ ավելի վաղ Արմեն Սարգսյանը այն համարել էր հակասահմանադրական:

«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ նպատակ չունեն անցնել խորհրդարանի շենքի տարածք, և սա պարզապես անհնազանդության ակցիա է: Միակ նպատակը, ըստ Սաղաթելյանի, այն է, որ թույլ չտան պատգամավորներին շենք մտնել, քանի որ նրանք այնտեղ այլևս անելիք չունեն:

«Սադրանքների մի տրվեք, մեզանից որևէ մեկը Ազգային ժողովի դարպասը չի անցնելու, սա մեր անհնազանդության բողոքի ակցիան է այս խորհրդարանի դեմ: Մենք գտնում ենք, որ այս խորհրդարանը անելիք չունի», - նշեց շարժման համակարգողը:

Դեմիրճյան փողոցում են նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, նրանք կանգնել են ցուցարարների և սաղավարտներով ու վահաններով զինված ոստիկանների միջև ու ասում են, որ այնտեղ են, որպեսզի թույլ չտան բախումներ:

«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները հայտնեցին, որ փակելու են նաև Դեմիրճյան փողոցը, բերվեցին նաև վրաններ:

Նշենք՝ փետրվարի 25-ից փակ է նաև Բաղրամյան պողոտան:

XS
SM
MD
LG