Մատչելիության հղումներ

«Հայրենիքի փրկության շարժմանը» դեռևս հայտնի չէ նախագահի դիրքորոշումը ՍԴ դիմելու վերաբերյալ


«Հայրենիքի փրկության շարժմանը» դեռևս հայտնի չէ նախագահի դիրքորոշումը Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ, «Ազատությանը» հայտնեց շարժման համակարգող, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Վերջինս տեղեկացրեց, որ ինչպես երեկ հայտարարել էին, այսօր նախագահը հանդիպում է ունեցել շարժման ներկայացուցիչներից «Հանրապետական» կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանի հետ: Նախագահն ինքն էր շարժման ներկայացուցիչներին հրավիրել հանդիպման:

«Շարժման անունից այսօր տեղի է ունեցել հանդիպում Վահրամ Բաղդասարյանի հետ, մեկ անգամ ևս նախագահին փոխանցվել է մեր հրապարակային պահանջը, որ վերջին օրերին հնչեցրել ենք, թեման եղել է ստեղծված իրավիճակը երկրում: Եվ մեր պնդմամբ ու պատկերացմամբ` լուծումն այն է, որ նախագահը պետք է դիմի առարկություններով Սահմանադրական դատարան, այսինքն` վիճարկի Նիկոլի` Գլխավոր շտաբի պետի ազատման հարցի սահմանադրականությունը», - ասաց շարժման ներկայացուցիչը:

Նախագահի աշխատակազմից վերոնշյալ հանդիպման մասին հայտնել են` Արմեն Սարգսյանն ու Վահրամ Բաղդասարյանը մտքեր են փոխանակել երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման, վերջին իրադարձություններով պայմանավորված լարվածության թուլացման ուղիների շուրջ:

Հարցին, թե ի՞նչ է ասել նախագահը, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Իր որոշման մասին նա վերջնական չի հայտնել, ասել է, որ ինքը, բնականաբար, հանդես կգա իր որոշմամբ: Իր վերջնական դիրքորոշումը մինչև այս պահը մեզ հայտնի չէ: Մենք շարունակում ենք գտնել և պնդել, որ ինքը պետք է այդ քայլն անի իբրև Սահմանադրության երաշխավոր, և ինքն ունի պատասխանատվություն այս պրոցեսի մեջ»:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Սաղաթելյանը երեկ հայտարարել էր, որ այսօր հանդիպելու են նախագահ Արմեն Սարգսյանին:

Ընդդիմադիրները նախագահից պահանջում են Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու վարչապետի միջնորդությունն ուղարկել Սահմանադրական դատարան։ Բաղրամյան պողոտան արդեն 11 օր փակ պահող ընդդիմադիրները հայտարարում են՝ նախագահը մինչև երկուշաբթի ժամանակ ունի որոշում կայացնելու համար։

Հիշեցնենք՝ փետրվարի 25-ին, երբ առավոտյան հրապարակվեց Զինված ուժերի անունից Գլխավոր շտաբի հայտարարությունը՝ վարչապետի և Կառավարության հրաժարականի պահանջով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանին ներկայացրեց ԳՇ պետին պաշտոնից ազատելու առաջարկությունը: Վարչապետն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց։

Նախագահը փետրվարի 27-ին առարկություններով վերադարձրեց հրամանագրի նախագիծը, սակայն նույն օրը վարչապետը կրկին ուղարկեց իր միջնորդությունը։

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 2-ին հայտարարեց, որ որոշել է չստորագրել ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը և առանձին դիմումով դիմելու է Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։

XS
SM
MD
LG