Քննչական կոմիտեն ավարտել է Վազգեն Մանուկյանի գործի նախաքննությունը, մեղադրանքը լրացվել է ևս մեկ դրվագով: Այս մասին այսօր հայտարարեց Քննչական կոմիտեն:
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածուն փետրվարի 20-ին ընդդիմության հանրահավաքի ժամանակ իր ելույթում հայտարարել էր՝ «ցանկացած պահ, դա կլինի այսօր, դա կարող է լինել մեկ շաբաթ հետո, կարող է լինել 10 օր հետո, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը»:
Սա իրավապահները որակում են որպես իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչ: Նման կոչ նաև Քննչական կոմիտեն փետրվարի 12-ին է արձանագրել՝ Վազգեն Մանուկյանին մեղադրանք առաջադրելով Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Ըստ քրեական գործի, Մանուկյանը մի այդպիսի կոչ էլ փետրվարի 26-ի հանրահավաքին է հնչեցրել, ուստի մեղադրանքը լրացվել է:
«Հավատացեք, այնքան ոչ էական հանգամանք է, որը լրացվել է, դրա համար ես նույնիսկ դրան անդրադարձ չէի կատարել: Խոսքը նրա մասին է, որ պարոն Մանուկյանը հրապարակավ հայտարարել էր, որ Զինված ուժերը, Գլխավոր շտաբը անօրինական հրաման չպետք է կատարեն: Այսինքն՝ ըստ Քննչական կոմիտեի, անօրինական հրաման չկատարելու կոչը ևս իշխանությունը զավթելուն, բռնությամբ սահմանադրական կարգը տապալելուն ուղղված կոչ է: Այլ կերպ ասած՝ անմտություն», - ասաց Վազգեն Մանուկյանի շահերի պաշտպան Արամ Վարդևանյանը:
Փետրվարի 26-ին Բաղրամյան պողոտայում կայացած հանրահավաքի ժամանակ Մանուկյանը, անդրադառնալով Գլխավոր շտաբի պետին աշխատանքից ազատելու վարչապետի առաջարկին, ասել էր, որ եթե բանակը ոտքի չկանգնի, իրենք պետք է կանգնեցնեն. «Բանակը հեշտությամբ կենթարկվի՞, որ իր ղեկավարին հանում են, ոչ, բանակը կընդվզի: Ես կոչ եմ անում, որ ընդվզի: Եթե բանակն ուժեղ կանգնած է, ոստիկանությունը չի կարող թփրտալ»:
«Պարզապես հերթական քաղաքական պատվերն են կատարում: Հիմա սա է իրավիճակը, մենք նաև գործ ունենք 5-օրյա ժամկետում նախաքննության ավարտ հայտարարելու հետ, որը նույնիսկ զավեշտալի է, բայց ունենք այն, ինչ ունենք: Ամեն դեպքում միջնորդելու ենք, որ քրեական գործն անհապաղ կարճվի, չեն կարճի, կհանդիպենք դատարանում», - նշեց փաստաբանը:
Քրեական գործի նյութերը տրամադրվել են ծանոթացման համար՝ մեկօրյա ժամկետում բողոքարկման հնարավորություն տալով: Այդ հնարավորությունից օգտվելու են, ասաց Վարդևանյանը և վաղն արդեն փաստաբանը գործը կարճելու վերաբերյալ միջնորդություն կներկայացնի։ Եթե միջնորդությունը մերժվի, գործը կներկայացվի արդեն դատախազություն, որտեղ հաստատվելու դեպքում գործը դատարան կգնա։
Ի դեպ՝ Վազգեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, իսկ Քննչական կոմիտեում հրաժարվել է ցուցմունք տալ, քանի որ գտնում է, որ իր հայտարարությունները Հայաստանի Սահմանադրությունը չեն խախտում. «Երբ որ ես ասել եմ, որ բանակը պետք է ցասում ցուցաբերի և չենթարկվի անօրինական որոշումներին, դրա մեջ մեղադրանք տեսնո՞ւմ եք, բայց դա մտել է մեղադրանքի մեջ»:
Քաղաքական դաշտից հակառակորդներին չեզոքացնելու համար է սա արվում՝ Վազգեն Մանուկյանը շարունակում է նույն կարծիքին մնալ, որ գործի հիմքում քաղաքական ենթատեքստ կա, բայց վստահեցնում է, որևէ բան իրենց չի կանգնեցնի։
«Մեր գործերը՝ Ա պլան Բ, պլան, Ց պլան, թե Դ պլան, բացարձակապես կապված չեն նրա հետ, թե քննիչներն ինչ գործ են հարուցում, դատախազությունն ինչ գործ է հարուցում, իրար հետ կապ չունեցող բաներ են», - նշեց շարժման վարչապետի թեկնածուն:
Իշխող կուսակցության ներկայացուցիչները կտրականապես հերքում են քաղաքական հետապնդման մասին Մանուկյանի հայտարարությունները։