Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյանի գործով նախաքննությունն, ըստ պաշտպանի, ավարտվել է


Քննչական կոմիտեում ավարտել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի գործով նախաքննությունը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Մանուկյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

«Միջնորդելու եմ կարճել այս քաղաքական գործը, քանի որ այն առնչություն չունի քրեական օրենսգրքի հետ` առհասարակ: Զարգացումների մասին հավելյալ կտեղեկացնեմ», - մասնավորապես գրել է պաշտպանը:

Քննչական կոմիտեից ավելի ուշ հաղորդել են, որ այսօր որոշում է կայացվել Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը փոխելու մասին, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը): Ըստ ՔԿ-ի` մեղադրանքը լրացվել է փետրվարի 26-ին Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանի հնչեցված կոչերով, որոնք ևս պարունակում են իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու բռնի կոչեր:

Հիշեցնենք, փետրվարի 20-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին Մանուկյանը հայտարարեց՝ պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը: «Ցանկացած պահ` դա կլինի այսօր, դա կարող է լինել մեկ շաբաթ հետո, կարող է լինել 10 օր հետո, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը», - ասել է նա:

Այս հայտարարությունների մասով քրեական գործ հարուցվեց։ Նրան մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով՝ «իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը», և որպես խափանման միջոց կիրառվեց ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Մանուկյանը մեղադրանքը չի ընդունում, քրգործը «քաղաքական հետապնդում է» որակում։

XS
SM
MD
LG