Մատչելիության հղումներ

ՀՀ Անվտանգության խորհուրդը «խստորեն դատապարտել է Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու բոլոր փորձերը»


Հայաստանի Անվտանգության խորհուրդը խստորեն դատապարտել է Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու բոլոր փորձերը և առաջարկել է նախագահ Արմեն Սարգսյանին՝ բավարարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդությունը և ստորագրել համապատասխան հրամանագիր:

Խորհրդի հայտարարությունում, մասնավորապես, նշված է․ - «Սահմանադրությունը հստակ սահմանում է Զինված ուժերի քաղաքական գործընթացներին ներգրավվելու անթույլատրելիությունը, քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու հանգամանքը:

Օրենքի համաձայն, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի, որպես բարձրագույն զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի, նշանակման և ազատման առաջարկության հիմքում ընկած է կառավարության ղեկավարի հայեցողությունը։

Ընդունելով, որ Սահմանադրության համաձայն, Հանրապետության նախագահը, որպես Սահմանադրության պահպանմանը հետևող կարևորագույն ինստիտուտ, ունի զինված ուժերի բնագավառում՝ զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը նշանակելու և ազատելու հայեցողական այլընտրանքային լիազորություն՝ Անվտանգության խորհուրդը Հանրապետության նախագահին առաջարկում է բավարարել ՀՀ վարչապետի` Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկությունը և ստորագրել համապատասխան հրամանագիրը»:

Փետրվարի 25-ին առավոտյան Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց՝ պահանջելով վարչապետի և Կառավարության հրաժարականը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց և ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու որոշում կայացրեց։

Հանրապետության նախագահը փետրվարի 27-ին Գասպարյանին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը առարկություններով ետ ուղարկեց վարչապետի աշխատակազմ: Վարչապետն էլ միջնորդությունը կրկին ուղարկեց նախագահին` նշելով, որ «այս որոշումը ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը»:

Նշենք, որ Օնիկ Գասպարյանն Անվտանգության խորհրդի անդամ է։ Այսօր վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին Գասպարյանը ներկա չի եղել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG