Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հարցով որոշումը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը կկայացնի մինչև սահմանված եռօրյա ժամկետի ավարտը՝ այսօր օրվա վերջին։ Այս մասին «Ազատությանը» հայտնեցին նախագահականից։
Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկությունը նախագահին է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 25-ին, երբ առավոտյան հրապարակվեց Զինված ուժերի անունից ԳՇ հայտարարությունը՝ վարչապետի և Կառավարության հրաժարականի պահանջով։ Վարչապետն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց։
Նույն օրը կայացած հանրահավաքում Փաշինյանը նաև հրաժարական տալու կոչ արեց Գասպարյանին։
Երեկ նախագահ Արմեն Սարգսյանը գնաց Գլխավոր շտաբ, որտեղ հանդիպեց Օնիկ Գասպարյանի հետ։ Սարգսյանի և Գասպարյանի ևս մեկ հանդիպում կայացել է այսօր առավոտյան՝ նախագահականում, «Ազատությանը» փոխանցեցին նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հայաստանի նախագահի աշխատակազմից ավելի վաղ հայտարարել էին՝ Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատումը հերթական կադրային փոփոխություն չէ։ «Ռազմական դրության իրավիճակում, առկա ճգնաժամի պայմաններում, վերը նշված հայտարարությունից հետո, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատումը հերթական կադրային փոփոխություն չէ՝ հաշվի առնելով, որ ՀՀ Սահմանադրության համաձայն, Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը», - ընդգծել էր նախագահականը:
Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու առաջարկությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում նախագահը առարկություն ունենալու դեպքում կարող է վարչապետի առաջարկությունը վերադարձնել նրան։ Եթե առարկությունները չընդունվեն, ապա, Սահմանադրության համաձայն, նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան: Եթե ոչ առարկում է, ոչ ստորագրում է, ոչ էլ դիմում ՍԴ, համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով: