Մատչելիության հղումներ

«Փաշինյանի իշխանության դեմ պայքարը վերսկսելու ենք ամբողջ գործիքակազմով». ինչ է քննարկվել Քոչարյանի և Սարգսյանի մասնակցությամբ


Իշխան Սաղաթելյանը և Արթուր Վանեցյանը
Իշխան Սաղաթելյանը և Արթուր Վանեցյանը

Վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումը» տևական դադարից հետո վերսկսում է անհնազանդության ակցիաները: Ցուցարարներն այսօր առավոտյան Ազգային ժողովի շենքի մոտ էին հավաքվել, եկել էին իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների լուսանկարներով ու դավաճան գրառումներով. «Չենք ուզում Ազգային ժողովում օրենք ընդունի մի պատգամավոր, ով չի տիրապետում հայաստանյան իրավիճակին, և նա հայ կոչվելու իրավունք չունի»:

Բողոքի ակցիան հարթ չանցավ. իրավիճակը լարվեց, երբ ցուցարարները մի քանի րոպեով փակեցին Բաղրամյան պողոտան։ Ոստիկանական ջոկատներն արագ բացեցին ճանապարհը, որից հետո սկսեցին բերման ենթարկել ցուցարարներին, ոստիկանների ու նրանց միջև քաշքշուկ սկսվեց:

Ցուցարարները երթով շարժվեցին Հանրապետության հրապարակ։ Կանգ առան ոստիկանական հոծ շարքերով շրջափակված Նիկոլ Փաշինյանի նստավայրի՝ կառավարության մոտ։ Ապա շարունակեցին երթն ու ամփոփեցին մոտ երկու ամիս հրապարակում տեղակայված իրենց վրանի մոտ։

«Նիկո՛լ, հեռացիր, Նիկո՛լ հեռացիր», - վանկարկում էին նրանք:

«Հայրենիքի փրկության շարժումը» Փաշինյանի կառավարության դեմ պայքարը վերսկսելու է ամբողջ թափով` ամենօրյա ռեժիմով են լինելու անհնազանդության ակցիաներն ու հավաքները: Շարժման առաջնորդների երեկվա հանդիպմանն այս օրակարգն է հստակեցվել, վստահեցնում է շարժման համակարգող, «Դաշնակցության» Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանը, որը երեկ ներկա է եղել այդ հանդիպմանը: Մասնակցել են նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը և վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Լինելու են անհնազանդության բողոքի ակցիաներ, երթեր, ցույցեր, հանրահավաքներ, որպեսզի համաժողովրդական ճնշման տակ հեռացնենք այս չարիքի կառավարությունը», - ասաց Սաղաթելյանը:

Վերջին շրջանում չեն դադարում Փաշինյանի հրաժարականի շուրջ համախմբված քաղաքական ուժերի պառակտման մասին լուրերը, գլխավոր նպատակը չի իրագործվում, հետագա անելիքների, օրինակ` արտահերթ ընտրություններին մասնակցելու հարցում էլ հակասական դիրքորոշում ունեն: «Շարժման փլուզման մասին խոսակցությունները չափազանցություն են, եթե նման բան տեղի ունենա, բնականաբար բոլորդ տեղյակ կլինեք: Այս պահին ես նման մտահոգություն չունեմ», - նշեց շարժման համակարգողը:

Փաշինյանի հրաժարականի պահանջով պայքարը շարունակելու ենք նոր թափով, ասաց Փաշինյանի երբեմնի դաշնակից Արթուր Վանեցյանը: Պասիվ էին ցրտի պատճառով, խոչընդոտը նահանջում է, օրակարգից չեն շեղվում. «Հիմնական պատճառներից ցուրտն էր, որն ուղղակի մարդկանց հնարավորություն չէր տալիս դուրս գալ փողոցային ակցիաների, կարծես թե ցուրտն արդեն նահանջում է, և շարժումը շարունակելու է լայն թափով իրագործել այն միջոցառումները, բողոքի ակցիաները և օգտագործել ողջ գործիքակազմն իշխանությունների դեմ պայքարելու համար: Քննարկվել են այդ հարցերը»:

Այն, որ նոյեմբերյան եռակողմ հայտարարությունից հետո Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած շարժումն էական հաջողություն չի ունեցել, իր վերջին հարցազրույցում խոստովանել էր նաև Ռոբերտ Քոչարյանը և որպես ձեռքբերում նշել էր արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին վարչապետի հայտարարությունը:

Իշխան Սաղաթելյանը վստահեցնում է, թե արտահերթի հարցն իրենց օրակարգ չի հասել, եթե արտահերթ ընտրություններ, ապա առանց Փաշինյանի վարչապետության. «Մեզանից որևէ մեկը դեմ չէ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, բայց այդ ընտրությունները չպետք է տեղի ունենան այսօրվա վարչապետի գլխավորությամբ»:

Եթե ամեն դեպքում արտահերթը լինի Փաշինյանի ղեկավարությամբ, «Դաշնակցությունը» կմասնակցի՞, Իշխան Սաղաթելյանը հստակ չի պատասխանում. «Եթեներով չենք խոսում, մենք ամեն ինչ անելու ենք, որ այդպես տեղի չունենան»:

Հստակ պատասխանել է Ռոբերտ Քոչարյանը` կմասնակցի: ՀՀԿ-ից արդեն հայտարարել են` Փաշինյանի կազմակերպած ընտրություններին չեն մասնակցելու: ԲՀԿ-ից էլ են մասնակցելուն կողմ: Արթուր Վանեցյանն էլ է պնդում` քաղաքական գլխավոր իրադարձությունը չպետք է բաց թողնեն. «Իհարկե, մասնակցելու ենք, բայց մենք մեր օրակարգից չենք շեղվում»:

Հնարավո՞ր է արտահերթ ընտրությունների վերաբերյալ տարբեր դիրքորոշումները հանգեցնեն շարժման պառակտմանը, արտահերթի հարցը դեռ օրակարգում չէ, կարևորը` գլխավոր նպատակի շուրջ կա ամբողջական համաձայնություն, ասաց շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը. «Արտառոց բան չկա, երբ որ կուսակցությունները տվյալ կոնկրետ հարցի հետ կապված ունենան առանձին մոտեցումներ, բայց գլխավոր նպատակի շուրջ, այն է` Նիկոլ Փաշինյանի րոպե առաջ հեռացում, այստեղ մենք ունենք 100 տոկոսանոց կոնսենսուս»:

XS
SM
MD
LG