Վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումն» այսօր դարձյալ բողոքի ակցիա էր անում Ազգային ժողովի մոտ։ Ցուցարարները եկել էին իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների լուսանկարներով ու դավաճան գրառումներով, որոնք նետեցին Ազգային ժողովի ճաղավանդակներին. «Չենք ուզում Ազգային ժողովում օրենք ընդունի մի պատգամավոր, ով չի տիրապետում հայաստանյան իրավիճակին, և նա հայ կոչվելու իրավունք չունի»:
Ցուցարարները բողոքում էին այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված դատական օրենսգրքի փոփոխությունների նախագծից։ Ի թիվս այլ փոփոխությունների կառավարությունն առաջարկում է նաև մինչդատական քրեական վարույթի գործերի և կոռուպցիոն հանցագործությունների քննությունը վերապահել քրեական մասնագիտացված առանձին դատավորներին։ Այսինքն՝ կնշանակվեն դատավորներ, որոնք կքննեն միայն կալանքների, խուզարկությունների, օպերատիվ հետախուզական միջոցառումների մասին գործերը։
«Հայրենիքի փրկության շարժման» անդամ, իրավաբան Արսեն Բաբայանի համոզմամբ՝ իշխանությունն այսպիսով նշանակելու է յուրայինների, որ արագ կալանավորեն իշխանության ընդդիամախոսներին, ինչն այսօր չեն անում շատ դատավորներ. «Երբ օրինակ` ինձ ապօրինի ձերբակալում են, ես դիմում եմ դատարան, և դատարանն ապօրինի է ճանաչում այդ ձերբակալությունը, որովհետև ձերբակալման որևէ պայման ապահովված չէ, որովհետև որևէ տվյալ չկա, որ ես որևէ արարք կատարել եմ, որը հանցագործություն է, դատարանն ինձ ազատ է արձակում: Հիմա այս մարդիկ որոշել են ստեղծել նոր դատավորների հաստիքներ, որոնք կզբաղվեն միայն մինչդատական վարույթներով»:
ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետորսյանն էլ դժգոհեց այս օրինագծից և Նիկոլ Փաշինյանի հեղինակային ձևակերպումով էլ հայտնեց իր կարծիքը. «Նիկոլ Փաշինյանը որտեղից բավարարում չի ստանում, այնտեղ ուզում է փոփոխություն կատարել: Հիմա ինքն այս վերջում համոզվեց, որ իսկապես կան դատավորներ, որոնք վնգստացող չեն, հիմա ինքն ուզում է այդ չվնգստացող դատավորներին վնգստացողներով փոխարինի»»
Բողոքի ակցիան հարթ չանցավ. իրավիճակը լարվեց, երբ ցուցարարները մի քանի րոպեով փակեցին Բաղրամյան պողոտան։ Ոստիկանական ջոկատները արագ բացեցին ճանապարհը, որից հետո սկսեցին բերման ենթարկել ցուցարարներին, ոստիկանների ու ցուցարարների միջև քաշքշուկ սկսվեց:
«Առանց Նիկոլ Հա-յաս-տան, առանց Նիկոլ Հա-յաս-տան», - վանկարկում էին ցուցարարները:
Ոստիկանության լրատվականից հայտնեցին, որ ութ քաղաքացի է բերման ենթարկվել իրավապահների օրինական պահանջին չենթարկվելու հիմքով։
Ցուցարարները երթով շարժվեցին Հանրապետության հրապարակ։ Կարճ կանգ առան ոստիկանական հոծ շարքերով շրջափակված Նիկոլ Փաշինյանի նստավայրի՝ կառավարության մոտ։ Ապա ակցիան շարունակեցին ու ամփոփեցին մոտ երկու ամիս հրապարակում տեղակայված իրենց վրանի մոտ։
Շարժումը երեկ երեկոյան էր կոչով դիմել քաղաքացիներին միանալ այսօրվա ակցիային։ Շարժմանը միացած կուսակցությունների առաջնորդները չէին մասնակցում, երեկ նրանք՝ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, «Դաշնակցության» Գերագույն մարնի անդամ Իշխան Սաղաթելյանը և շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպել են ու քննարկել իրենց հետագա անելիքները։