Մատչելիության հղումներ

Հայ-վրացական սահմանի Բավրայի մաքսակետը երեկ ողջ օրը գրեթե դատարկ էր


Բավրա-Նինոծմինդա մաքսակետ
Բավրա-Նինոծմինդա մաքսակետ

Արդեն չորրորդ օրն է բաց է հայ-վրացական սահմանի Բավրա-Նինոծմինդա մաքսակետը։ Երեկ «Ազատության» նկարահանման ընթացքում հայկական Բավրայի մաքսակետը գրեթե ողջ օրը դատարկ էր, Վրաստանից Հայաստան ժամանող քաղաքացիների չնկատեցինք։

Նախքան մաքսակետի բացումը ջավախահայերը մի քանի անգամ բողոքի ակցիաներ էին արել՝ հակահամաճարակային խիստ սահմանափակումներ մտցրած Վրաստանի իշխանություններից պահանջելով բացել Ռուսաստանի և Հայաստանի հետ սահմանները՝ հնարավորություն տալով իրենց մեկնել արտագնա աշխատանքի։ Բազմաթիվ ջավախահայեր Վրաստանի քաղաքացիությունից բացի նաև հայկական անձնագրեր ունեն ու նրանցից շատերը հենց Հայաստանից են մեկնում Ռուսաստան։ Իսկ Հայաստանից Ռուսաստան Հայաստանից Ռուսաստան օդային սահմանները բացվել են փետրվարի 1-ից։

Բավրա-Նինոծմինդա մաքսակետերով քաղաքացիների տեղաշարժը թույլատրվում է հատուկ պայմաններով։ Վրաստանի քաղաքացիների համար պարտադիր է ոչ միայն կորոնավիրուսի բացասական թեստի առկայությունը, այլ նաև վրացական պատկան մարմինների ելքի թույլտվությունը, «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Վրաստանի քաղաքացիները Հայաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի պատկան մարմինների կողմից տրված ելքի հատուկ թույլտվության պարագայում», - ասաց Նաղդալյանը։

Հարցին, թե նշվո՞ւմ է ինչի համար է ելքի թույլտվությունը տրվում, Հայաստանի արտգործնախարարության խոսնակը պատասխանեց․ - «Այդ մանրամանսերը վրացական կողմը կարող է միայն ասել, որովհետև դա իրենց ներքին ընթացակարգն է՝ իրենց քաղաքացիների ելքն ու մուտքը COVID-19-ով պայմանավորված իրադրությունում համակարգելու հետ կապված, և դա իրենց իրավասության տակ է, թե ինչ փաստաթղթեր են իրենք ներկայացնում, էդ մասով ես չեմ կարող մեկնաբանել, բայց կարող եմ ասել, որ Վրաստանի քաղաքացիները Հայաստան կարող են մուտք գործել միայն իրենց պատկան մարմինների կողմից տրված ելքի հատուկ թույլտվության պարագայում։ Որքան ես տեղյակ եմ, խոսքը Վրաստանի արտգործնախարարության մասին է»։

Արդյո՞ք վրացական կողմի թույլտվությունը վերաբերում է նաև արտագնա աշխատանքի մեկել ցանկացողներին, Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակն ասաց՝ այդ մասին տեղեկություն չունի։ «Արտագնա աշխատանքի մասով ես տեղեկություն չունեմ, մենք գիտենք, որ վրացական կողմի հետ ձեռքբերված պայմանավորվածությամբ հատուկ որոշում է կայացվել ուսանողների հետ կապված, որպեսզի թույլ տրվի մեր հայրենակիցներին գալ այստեղ և շարունակել ուսումը հայկական ուսումնական հաստատություններում», - ասաց Նաղդալյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանից Վրաստան մեկնել ցանկացող քաղաքացիներին, ապա դա հնարավոր է միայն օդային ճանապարհով, այն էլ կորանավիրուսի դեմ պատվաստվելուց հետո, ընդ որում՝ երկու դեղաչափով:

Հայաստանում, սակայն, պատվաստման գործընթացը չի էլ մեկնարկել, մեկնարկելու դեպքում էլ սկզբում պատվաստվելու են միայն հատուկ հաստատությունների աշխատակիցներն ու ռիսկային խմբում գտնվող քաղաքացիները։

Հայ-վրացական սահմանի երկու՝ Բավրայի և Բագրատաշենի ցամաքային մաքսակետերով Վրաստան կարող են մուտք գործել միայն բեռնափոխադրողները։

XS
SM
MD
LG