Մատչելիության հղումներ

Հայաստանից Ռուսաստան օդային սահմանները կբացվեն փետրվարի 1-ից


«Գործարկվում է «Ճամփորդիր առանց COVID-19-ի» ծրագիրը, որի վերաբերյալ արդեն Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության կառավարությունները կայացրել են որոշումներ», - այսօր կառավարության նիստին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գրեթե մեկ տարվա դադարից հետո Հայաստանի քաղաքացիները կրկին Ռուսաստան մեկնելու հնարավորություն ունեն։ Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց՝ Հայաստանի քաղաքացիների համար փետրվարի 1-ից կբացվեն Ռուսաստանի օդային սահմանները։ Պարտադիր կլինի թռիչքից առնվազն 72 ժամ առաջ իրականացված կորոնավիրուսի թեստի առկայությունը։

«Կորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա քաղաքացիները հնարավորություն կունենան ճամփորդել օդային տրանսպորտով դեպի Ռուսաստանի Դաշնություն», - նշեց Փաշինյանը:

Առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանեց՝ մինչ COVID թեստի հանձնումը քաղաքացիներն իրենց բջջայինում պետք է ներբեռնեն «Ճամփորդում եմ առանց COVID-19» հավելվածը: «Այդ հավելվածում նշված են այն լաբորատորիաները, որոնք գործում են այս կարգի համաձայն և ընդգրկված են ծրագրում, մոտենալ լաբորատորիա, հանձնել թեստը», - ներկայացրեց նախարարը:

Ծրագիրը դեռ փորձնական է: Վարչապետը տեղեկացրեց՝ Ռուսաստանի Դաշնության օդային սահմանները ՀՀ քաղաքացիների համար բաց կլինեն մինչև մարտի 1-ը: Գործադիրում լավատեսական են, կարծում են, փորձնական ծրագիրը կհաջողի: «Հույս ունեմ, որ արդեն փետրվարի վերջ, մարտի սկզբին կունենանք նախորդ ամբողջ ուղևորափոխադրումների ծավալը, ինչը կարևոր է Հայաստանի համար, կարևոր է ոչ միայն արտագնա աշխատանքի մեկնողների տեսանկյունից, այլ նաև, ըստ էության, զբոսաշրջային ոլորտի համար չափազանց կարևոր որոշում է դառնում», - ընդգծեց Փաշինյանը:

Ռուսաստանը մուտքի սահմանափակումներն անցած տարվա մարտից էր մտցրել՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով, արդեն սեպտեմբերից այդ սահմանափակումները հանվեցին ԵԱՏՄ անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի համար, բացառություն էր Հայաստանը։ Ռուսաստանի սահմանափակումներն ամռանը Հայաստանում բողոքի ակցիաների պատճառ էին դարձել։ Արտագնա աշխատանքի մեկնող Հայաստանի քաղաքացիները կառավարությունից պահանջում էին խնդրին լուծում տալ։

Արդյոք ռուսական կողմի որոշումը կապված է Հայաստանում կորոնավիրուսի թվերի նվազման հետ, այդ մասին կառավարության նիստում խոսք չեղավ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախաձեռնությունը հայկական կողմինն է եղել. «Սա եղել է Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությունը, որն աջակցություն է ստացել գործընկերների կողմից և Եվրասիական բանկը ֆինանսավորել է ծրագիրը»:

Կառավարության օրակարգում մյուս հարցը պատերազմի հետևանքով վիրավորում ստացած անձանց միանվագ աջակցություն տրամադրելու որոշումն էր։

«Նախագծով առաջարկվում է պատերազմի հետևանքով վիրավորում ստացած անձանց հատկացնել միանվագ սոցիալական աջակցություն 500 հազար դրամի չափով՝ բացառությամբ առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց, ովքեր արդեն օրենքով սահմանված կարգով հնարավորություն ունեն և ստանում են ֆինանսական աջակցություն», - ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Գործադիրի միանվագ աջակցությունից կօգտվի մոտ 6000 քաղաքացի։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը պարզաբանեց՝ խոսքը ոչ միայն զինծառայողների մասին է։ Ծրագրից կարող են օգտվել նաև պատերազմին մասնակցած կամավորները։

XS
SM
MD
LG