Իշխանությունները նախատեսում են ամենաուշը մեկ ամսից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը Հայաստան բերել, Առողջապահության նախարարությունն առայժմ չի մանրամասնում, թե այժմ կիրառվող պատվաստանյութերից որն է գնելու։
Նախարարությունը նախատեսում է առաջին հերթին COVID-ի դեմ պատվաստել ռիսկային խմբում գտնվող քաղաքացիներին։ Այսօր «Ազատության» հարցերին պատասխանած տարեց քաղաքացիները հիմնականում հետևում են պատվաստանյութերի վերաբերյալ նորություններին, նրանց մի մասը ցանկանում է պատվաստվել: Որոշներն անգամ կողմնորոշվել են պատվաստանյութերի տեսակների հարցում. «Ռուսականը և ամերիկյանն է լավ, ասում են»:
Ռուսականը «Սպուտնիկ V»-ն է, ամերիկյանը՝ «Մոդերնա»-ն, մյուս երկու տարբերակները բրիտանական AstraZeneca-ն ու գերմանական BioNTech/Pfizer-ն են։ Առողջապահության նախարարության ընտրությունն առաջին խմբաքանակի համար այս պատվաստանյութերից որևէ մեկի վրա կարող է կանգնել, այդ նպատակով Հայաստանը արդեն պայմանագիր է կնքել միջազգային Covax facility նախաձեռնության հետ, որն անձամբ է բանակցում պատվաստանյութ արտադրողների հետ։
Հայաստանը պետբյուջեից 6 միլիոն դոլար է հատկացնելու՝ Covax facility-ից բնակչության 10 տոկոսի չափով պատվաստանյութ ձեռք բերելու համար։
Մինչ նախարարությունը պատվաստանյութ ձեռք բերելու շուրջ բանակցություններ է վարում, գերմանական BioNTech/Pfizer ընկերությունը մեկ ամսով կրկնակի կրճատում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրանքը՝ փետրվարի կեսից արտադրության ծավալները նոր թափով՝ մի քանի անգամ ավելացնելու նպատակով։
«Ազատության» հետ զրույցներում որոշ քաղաքացիներ ասացին՝ առայժմ չեն կողմնորոշվել պատվաստվելու հարցում՝ հավելելով՝ կգնան այդ քայլին, երբ վստահ լինեն դեղամիջոցների արդյունավետության ու անվնաս լինելու հարցում։ Պատվաստվելուն կտրականապես դեմ արտահայտվողներ էլ կային:
Իսկ COVID-ը շարունակում է կյանքեր խլել. անցած մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում 13 մարդ է մահացել, ևս երկու վարակակիր էլ մահացել են այլ պատճառներով։ Կորոնավիրուսի պատճառով Հայաստանում մահացածների ընդհանուր թիվը մոտենում է 3000-ի, նրանց զգալի մասը ռիսկի խմբում գտնվող տարեցներ էին։ Գրեթե մեկ տարի առաջ սովորական կյանքը հիմնովին փոխած COVID-ն ամբողջ աշխարհում արդեն ավելի քան 2 միլիոն մարդու կյանք է խլել։