«Հայաստանում պատվաստումները միայն կամավոր բնույթ են կրելու», - ասաց նախարարը։
Նախարարի փոխանցմամբ՝ առայժմ որևէ պատվաստանյութ ձեռք չի բերվել։ Հայաստանը դեռ նախորդ տարի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու համար միացել էր միջազգային COVAX FACILITY նախաձեռնությանը, որի նպատակն է բոլոր շահագրիռ պետություններին հավասար իրավունքներով հնարավորություն տալ շուկայում առկա պատվաստանյութ ունենալ։ Առաջարկվել է օրինակ՝ AstraZeneca բրիտանա-շվեդական ընկերության և Օքսֆորդի համալսարանի մասնագետների ստեղծած պատվաստանյութը, որն ունի համեմատաբար ցածր՝ 70 տոկոս արդյունավետություն, ամերիկա-գերմանական համատեղ արտադրության Pfizer-ը՝ 95 տոկոս արդյունավետությամբ, ամերիկյան Moderna-ն՝ ավելի քան 94 տոկոս արդյունավետություն։ Սրանք սակայն դեռ քննարկման փուլում են։ Զուգահեռ Հայաստանը բանակցություններ է վարել նաև ռուսական «Sputnik V»-ի ձեռքբերման շուրջ։
Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ այն վստահաբար Հայաստանում կիրառվելու է, կլինի առաջինը, թե երկրորդը դեռ պարզ չէ. - - «Մեր մասնագիտական խումբը աշխատում է՝ գնահատելու բոլոր առաջարկվող պատվաստանյութերը, և իր մասնագիտական կարծիքի մեջ ներառել է նաև Sputnik V-ի կիրառման հնարավորությունը: Մենք առաջիկայում արդեն կունենանք կոնկրետ ժամկետներ, թե երբ ենք ստանալու։ Ակնկալում ենք մարտից արդեն ունենալ որոշակի խմբաքանակ՝ էտապներով պատվաստման գործընթացը սկսելու համար»։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանի խոսքով, պատվաստումներն առաջարկվելու են անվճար, առաջին փուլով առաջնահերթությունը տրվելու է նախ ռիսկի խմբում գտնվողներին. - «65 տարեկանից բարձր անձինք, տարեցների խնամքի ինչպես շահառուները, այնպես էլ աշխատակիցները, բուժաշխատողները, քրոնիկ հիվանդություն ունեցող անձինք։ Երբ որ այս անձանց առաջնահերթություն տալով պատվաստումների առաջին փուլը կմեկնարկի, այնուհետև, հաշվի առնելով ինչպես համաճարակային իրավիճակը երկրում, այնպես էլ պատվաստանյութի առկայությունը և համաճարակաբանական օրինաչափությունները, արդեն որոշում կկայացվի, թե ինչ մեխանիզմներով և երբվանից կոնկրետ կարող են պատվաստանյութ ստանալ նաև բնակչության այլ խմբերը»։
Բրիտանացի գիտական պարբերականներն արդեն հաղորդում են Sputnik V-ի էֆեկտիվության տվյալները. մոտ են 92 տոկոսին։
«Դա բավականին լավ ցուցանիշ է և չնչին է զիջում Moderna-ին ու Pfizer-ին», - ասում է հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը։ - «Նաև եղել են կողմնակի ազդեցություններ, բայց դրանք էական չեն եղել, այսինքն՝ անչափ ծանր, մահացու ելքով ուղղորդվող բարդություններ չեն եղել։ Եեղել են փորձարկման մասնակիցների շրջանում մահեր, բայց, ըստ հեղինակների և ըստ անկախ մարմնի, դրանք պատճառահետևանքային կապ չեն ունեցել պատվաստանյութի հետ։ Բոլոր այդ չորս պատվաստանյութերի երկարատև ազդեցության տեսանկյունից դեռ մենք ինֆորմացիա չունենք, և հիմա պնդել, որ դրանք 100 տոկոսով անվտանգ են և 100 տոկոս ապահով, ոչ մեկ չի կարող։ Բայց այս պահին առկա ինֆորմացիան թույլ է տալիս եզրակացնել, որ իրենց կիրառումը գտնվում է ընդունելի ռիսկի սահմաններում»։