Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները հրաժարվում են արտահերթ ընտրությունների շուրջ հուշագիր ստորագրել իշխանությունների հետ


Նման առաջարկ երեկ ԱԺ - կառավարություն հարցուպատասխանին արել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը շեշտում է, որ իրենց պահանջը Փաշինյանի հրաժարականն է՝ առանց նախապայմանների:

Միքայել Մելքումյան
Միքայել Մելքումյան

«Մենք մեր կարծիքը նաև 17-ի շրջանակներում չենք փոխել, որ առանց նախապայմանների պետք է լինի այդ հրաժարականը։ Պառլամենտը պետք է շանս ունենա ընտրի նոր վարչապետ, որը կկայունացնի որոշ ժամանակ իրավիճակը՝ մինչև մեկ տարի, և այդ պարագայում արդեն մենք կգնանք ընտրությունների։ Գնալը էս վիճակում նոր ընտրությունների մեկ-երկու ամիս հետո հղի է լրջագույն վտանգներով», - հայտարարեց Մելքումյանը։

Գործող Ազգային ժողովի արձակման և արտահերթ ընտրությունների միայն մեկ տարբերակ կա․ եթե վարչապետ Փաշինյանը հրաժարական տա և խորհրդարանն երկու անգամ չընտրի վարչապետ։

Իշխանությունների առաջարկած հուշագրի բովանդակությունը հենց դա է, որ ընդդիմադիրները պարտավորվեն այդ պարագայում թեկնածու չառաջադրել։ Սակայն խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցություններն էլ վարչապետի իրենց թեկնածուներն ունեն և այս փուլում ոչ թե արտահերթ ընտրությունների, այլ անցումային կառավարության անհրաժեշտություն են տեսնում։

«Հայրենիքի փրկության շարժմանը» միացած ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։ Իսկ խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժի՝ «Լուսավոր Հայաստանի» թեկնածուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն է։

Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյան

«Այն, որ մենք բանավոր ասում ենք, որ մենք պատրաստ ենք ընտրությունների, և դրա ճանապարհը հրաժարականն է, դա չի նշանակում, որ մենք չենք առաջադրելու թեկնածություն։ Նաև հրապարակային ասել ենք, որ առաջադրելու ենք», - այսօր ասաց Մարուքյանը։

Նրա խոսքով, անկախ նրանից ընդդիմադիրները վարչապետի թեկնածու կառաջադրեն թե ոչ, իշխանությունները այս պահին էլ ունեն բավարար ձայներ խորհրդարանում նոր վարչապետի ընտրություն թույլ չտալու և արտահերթ ընտրությունների գնալու համար։

Ընդդիմադիր գործիչը հետևություն է անում, որ միգուցե իշխանական գործընկերները այս հարցում միասնական դիրքորոշում չունեն – «Մենք «Բարգավաճ Հայաստանի» հետ թող կազմենք 45 հոգի մարդ։ Գումարենք 5 հոգի էլ [«Իմ քայլից»] դուրս եկած պատգամավորները՝ 50» 132-ից եկեք հանենք 50, քանի՞ հոգի մնաց տակը։ 82։ Հիմա հարց՝ կարո՞ղ ա 50-ը մեծ ա 82-ից, ըստ իշխանության։ Եթե իրանք վստահ չեն իրանց 82-ի վրա, որ հնարավոր ա ես առաջարդվեմ, ինձ ընտրեն, ուրեմն դա ուրիշ քննարկման հարց ա, էկեք դա քննարկենք»։

Սուրեն Գրիգորյան
Սուրեն Գրիգորյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը հստակեցնում է՝ այն, ինչ առաջարկում է ընդդիմությունը, արտահերթ ընտրություններ չեն, այլ ուղղակի վարչապետի հրաժարական, ինչն ամբողջությամբ այլ օրակարգ է․ - «Հայաստանի Հանրապետությունում առկա խորհրդարանական ընդդիմությունը նույնպես ներկայացնում է մեր ժողովրդի որոշակի հատվածի՝ այո, փոքրամասնության, բայց որոշակի հատվածի, և մենք կարևոր ենք համարում, որպեսզի խորհրդարանական ընդդիմությունը նույնպես ընդունի, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները առկա իրավիճակի լուծման մեխանիզմ են։ Այո, մենք կարող ենք մեր խմբակցության ձայների, կոնկրետ դեպքում դրանց բացակայության դեպքում նոր վարչապետ չընտրելով հասցնել պրոցեսը նրան, որ առկա լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, բայց մենք համարում ենք, որ դա իրապես կլուծի խնդիրը և հարցը կփակի, երբ որ դրա շուրջ կունենանք նաև կոնսենսուս մեր խորհրդարանական և նաև արտախորհրդարանական գործընկերների հետ»։

Վարչապետ Փաշինյանը արտահերթ ընտրությունների հարցով տարեվերջին փակ հանդիպումներ էր ունեցել խորհրդարանական ընդդիմության ղեկավարների հետ։ Տապալված հանդիպումներից հետո նույն օրակարգով հանդիպումներ Փաշինյանը նախաձեռնել էր նաև արտախորհրդարանական ընդդիմության հետ։

Երեկ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին վարչապետը այդպես հստակ չհստակեցրեց՝ իշխանությունների օրակարգում արտահերթը շարունակո՞ւմ է մնալ, և եթե այո, ապա երբ է դա տեղի ունենալու։

XS
SM
MD
LG