Մատչելիության հղումներ

Իշխանությունն ընդդիմադիրներին առաջարկեց հուշագիր ստորագրել արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ


Չենք անի քայլ, որը ժողովրդին կզրկի իշխանություն ձևավորելու լծակից, այսօր Ազգային ժողովում պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ արտահերթ ընտրությունների մասին հարցին՝ հայտարարեց վարչապետ Փաշինյանը, այդպես էլ չհստակեցնելով կլինեն արտահերթ ընտրություններ և եթե այո, երբ:

«Եթե խորհրդարանական ուժերը շարունակեն մերժել, ընդդիմադիր ուժերը, այդ տրամաբանությունը, մենք համապատասխան դիրքորոշում կձևավորենք արդեն այդ իրողության նկատմամբ, բայց հարցն այն է, որ ձեր ասած բոլոր հարցերի լուծման համատեքստում վճռորոշ խոսքը պատկանում է ժողովրդին, և մենք չենք թույլ տա այնպիսի զարգացում, որ այս բանաձևը խախտվի», - հավելեց վարչապետը:

Երբ նույն հարցը բարձրաձայնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Արմեն Եղիազարյանը, պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ շեշտելով, որ այսօր առաջին անգամն է, որ ընդդիմության կողմից արտահերթի մասով նման հստակ դիրքորոշում է արտահայտվում։ Փոխվարչապետը ընդդիմադիրներին առաջարկեց հուշագիր ստորագրել արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:

«Պետք չէ արտահերթ ընտրությունները կապել ինչ-որ հուշագրի և նախապայմանների: Ես կարծում եմ, որ եթե դուք վստահ եք ձեր քաղաքական ուժի, ձեր վստահության վրա, պետք չեն այդ հուշագրերը: Հուսով եմ` մենք հասկանում ենք` ինչ հուշագրի մասին է խոսքը, և դուք վտանգ չպետք է զգաք: Հակառակ պարագայում եթե դուք վտանգ եք զգում, որ վտանգը չեզոքացնելու համար պետք է այդ հուշագիրը, շատ ավելի կասկածի տակ է ձեր ղեկավարումը երկրում», - ասաց Եղիազարյանը:

Հարց ու պատասխանի ընթացքում մի քանի անգամ հարց հնչեց գերիների վերադարձի մասին։ Չնայած «Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանի հարցն ուղղված էր վարչապետին, բայց ամբիոնին մոտեցավ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Այս փաստը դուր չեկավ պատգամավորին, և նա շատ սուր արձագանքեց. «Եթե Դուք իմ հարցին պատասխանում եք Ձեր ցանկությամբ, ապա ասեմ, որ Դուք իմ հարցի հասցեատերը չեք: Եթե Դուք իմ հարցին պատասխանում եք վարչապետի ցուցումով, ապա դա նշանակում է, որ ինչպես Մոսկվայում վարչապետը չկարողացավ լուծել այդ հարցը, ապա նաև այստեղ` Ազգային ժողովի դահլիճում, պարզապես ունակ և կարող չէ իմ հարցին տալ պատասխան, հետևաբար խնդրում եմ զբաղեցնել Ձեր տեղը, ես Ձեզ արձագանքելու ոչինչ չունեմ»:

Նույն հարցը բարձրացրեց «Լուսավորից» մեկ այլ պատգմավոր` Գևորգ Գորգիսյանը` հայտարարելով, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա, քանի որ Մոսկվա վերջին այցը ցույց տվեց, որ նա չի կարողանում առաջ տանել Հայաստանի համար թիվ մեկ առաջնահերթությունը՝ գերիների վերադարձը. «Սա ապացուցում է, որ Դուք այլևս այս կարևոր թեմայում` Հայաստան և Ադրբեջան բանակցություններում, ունակ չեք լինելու այլևս պաշտպանել Հայաստանի շահերը: Ըստ այդմ, ինչո՞ւ եք Դուք շարունակում պաշտոնավարել և ինչո՞ւ չեք հեռանում»:

«Հայաստանի Հանրապետությունից միշտ գերիներ են եղել Ադրբեջանում: Այդ ողջ ընթացքում երբեք ավելի մեծ թվով գերիներ Հայաստանի Հանրապետություն չեն վերադարձվել, քան վերադարձվել են նոյեմբերի 9-ից հետո: Հիմա իմ հարցը հետևյալն է` ինչո՞ւ այդ հարցն այդ երկար տարիների ընթացքում չի հնչել, և ընդ որում այդ հարցը միշտ եղել է Հայաստանի օրակարգում` գերիների վերադարձը: Ինչո՞ւ այդ հարցը չի հնչել, որ երկար տարիներ ամենատարբեր ֆորմատներով եղել են հայ-ադրբեջանական բանակցություններ, ինչի՞ մենք ամեն անգամ և մեր կառավարության օրոք իմիջիայլոց, և նախկին կառավարությունների օրոք այդ հարցը չի եղել, դուք գնացիք, գերիներին չկարողացաք վերադարձնել, հետևաբար դուք ինչո՞ւ հրաժարական չեք տալիս: Ինչո՞ւ այդ նույն հարցը չի հնչել ամեն անգամ, որ Դուք այ գնացիք, բանակցեցիք, Ղարաբաղի հարցը չկարողացաք լուծել, ինչո՞ւ հրաժարական չեք տալիս», - արձագանքեց վարչապետ Փաշինյանը:

ԲՀԿ-ական պատգամավոր Արայիկ Աղաբաբյանն էլ վարչապետին ուղղված հարցի ընթացքում հայտարարեց, որ ի սկզբանե իր համար պարզ է եղել, որ Փաշինյանը գալիս է իշխանության` Արցախը հանձնելու համար, ինչին ի պատասխան վարչապետը հակադարձեց` այդ դեպքում ինչո՞ւ աջակցեցիք մեզ և մաս կազմեցիք մեր իշխանության. «Մի անգամ առիթ ունեցել էիք խոսել դավաճանության մասին, ես պարզ հարց տվի` հեռուստատեսություններով թմբկահարվող կամավորական ջոկատը, որը ձեր կուսակցությունը ստեղծեց, այդ ջոկատն ի վերջո տեղ հասա՞վ, թե՞ չհասավ, գնա՞ց մասնակցելու մարտական գործողություններին, թե՞ չգնաց: Ո՛չ, ո՛չ, դա այդպես էլ մնաց հեռուստատեսային ռեպորտաժ հեռուստատեսային գովազդ, ունեք հիմնավորումները, բացեք հիմնավորումները»:

Պատերազմից հետո հարուցված 1358 քրեական գործերը գտնվում են նախաքննության փուլում, պատասխանելով հարցին, թե ինչու դավաճանների մասին ձեր հայտարարությունները անհետևանք մնացին, հայտարարեց Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG