«Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու համար պետք է ստեղծվեն նախադրյալներ», -հայտարարել է Իրանի արտգործնախարար Զարիֆը, ով թեման անցած օրերին քննարկել է Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի ու Վրաստանի առաջնորդների հետ։
Զարիֆը այսօր Ստամբուլում նաև ազդարարել է առաջիկայում Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին, որը նախատեսված է անցկացնել Իրանում։
Իրանի արտգործնախարարը Թուրքիայում է կարճատեւ այցով։ Բացի թուրք պաշտոնակցի հետ հանդիպումից, նրան այսօր ընդունել է նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Բանակցությունների մասին մանրամասներ չեն հաղորդվում։
Չավուշօղլուն ու Զարիֆը, ինչպես հայտնել են կողմերը, քննարկել են երկկողմ հարաբերությունները, Սիրիայի, Աֆղանստանի հարցերը, ինչպես նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը։
Ընդգծելով, որ Իրանն ու Թուրքիան տեղակայված են «բազմաթիվ խնդիրներից տառապող» տարածաշրջանում՝ Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է․ - «Անհրաժեշտ է նպաստել կրակի դադարեցմանը։ Մենք ծրագրում ենք համագործակցել «3+3 ձևաչափով»։ Հարավային Կովկասում կարգավորման ցանկությունը բավարար չէ, համագործակցության միջոցով անհրաժեշտ է հասնել կայուն հրադադարի»։
«3+3 ձևաչափ» ասելով Չավուշօղլուն նկատի ունի վեց երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի մասնակցությամբ այսպես կոչված համագործակցության հարթակը, որի ստեղծման մտադրության մասին շաբաթներ առաջ հայտարարել էր Ադրբեջանի նախագահը: Թուրքիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը շեշտել է , թե «տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը բխում են բոլորի շահերից՝ հատկապես Հայաստանի և հայ ժողովրդի»։
«Այս ուղղությամբ կառուցողական քայլեր ենք ակնկալում Հայաստանից», - հայտարարել է Չավուշօղլուն։
Զարիֆի ստամբուլյան այցին նախորդել էր թուրք-իրանական վեճ։ 44-օրյա պատերազմից հետո Բաքվում տեղի ունեցած ռազմական շքերթի ելույթում Թուրքիայի նախագահի արտասանած բանաստեղծությունը Իրանում բուռն կրքեր էր բորբոքել։ Ռեջեփ Էրդողանի լիրիկական զեղումները Թեհրանում գնահատել էին ռազմատենչ հայտարարություն և արձագանքել կոշտ հայտարարություններով։ Թուրքիայի նախագահը մասնավորապես մեջբերել էր Բախտիար Վահաբզադեի «Գյուլիստան» պոեմից մի քանի տող՝ «Արազը կիսեցին,/ Ավազով այն լցրեցին։/Ես քեզ երբեք չէի լքի,/Մեզ ուժով բաժանեցին»: Իրանցի պաշտոնյաները մեկը մյուսի հետևից դատապարտեցին և բացատրություն պահանջեցին Անկարայից՝ ընդհուպ արտգործնախարարություն հրավիրելով թուրք դեսպանին։ Նախարար Զարիֆը հայտարարեց, թե Էրդողանը այդ հայտարարությամբ Իրանի տարածքների նկատմամբ հայտ է ներկայացնում:
Թուրքիան Մոհամադ Ջավադ Զարիֆի տարածաշրջանային այցի վերջին կանգառն է։ Վերլուծական շրջանակների բնորոշմամբ՝ Թեհրանը փորձում է նոր դեր ստանձնել հետպատերազմյան Կովկասում, որն այժմ Թուրքիայի եւ Ռուսաստանի ազդեցության գոտին է դարձել։
Սակայն Իրանի արտգործնախարարի հինգ երկրներ կատարած այցերը չհստակեցրեց Թեհրանի այդ նոր տեղը։ Միակ նորությունը թերևս Իրանի կողմից առավել ադրբեջանամետ դիրքորոշում որդեգրելն է։ Համենայն դեպս այդ մասին է վկայում Բաքվում նախարար Զարիֆի աղմկահարույց հայտարարությունը․ - « Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանը վերադարձրել է իր տարածքները»։
Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Իրանի արտգործնախարարը նաև ասել էր․ - «Ձեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը, օկուպացիային վերջ դնելը, ինչպես նաև ադրբեջանցիների համար իրենց հարազատ հողերը վերադառնալու հնարավորության ստեղծումը կկարգավորի իրավիճակը, և Իրանը ցանկանում է օգտակար լինել այդ հարցում»։
Մինչդեռ նախկինում պաշտոնական Թեհրանը ձգտում էր չեզոքություն պահպանել հարևան երկրների հետ հարաբերություններում՝ ավանդաբար խուսափելով միակողմանի ձևակերպումներից, ինչպիսիք օկուպացիան, տարածքների ազատագրում, ձեր տարածքներ, տարածքային ամբողջականություն բառակապակցություններն են։