Մատչելիության հղումներ

Թեհրանի համար ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շատ կարևոր է. Լավրովն ընդունել է Զարիֆին


Իրանը հակամարտության ամենամոտ երկիրն է, և Թեհրանի համար ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շատ կարևոր է՝ երկրի անվտանգության նկատառումներից ելնելով, այսօր Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի հետ բանակցություններից հետո հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։

«Իրանը մեծ ջանքեր է ներդրել իրավիճակը այստեղ կարգավորելու համար և շատ ուրախ ենք, որ Ռուսաստանի ջանքերով գտնվեց խնդրի կարգավորումը, որը մեծ հաշվով նման է այն կարգավորմանը, որ մենք էինք առաջարկում», - հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը։

Ղարաբաղը ռուս-իրանական բանակցությունների օրակարգի հիմնական հարցերից էր, Իրանի արտգործնախարարի այցը Ռուսաստան ղարաբաղյան խնդրի կարգավորմանը նվիրված նրա տարածաշրջանային այցի շրջանակներում է: Մոսկվա Զարիֆը ժամանել է Բաքվից, որտեղ հանդիպել էր Ադրբեջանի ղեկավարության հետ՝ հայտարարելով, թե Իրանը պատրաստ է մասնակցել պատերազմի հետևանքով Ադրբեջանին անցած տարածքների վերականգնմանը:

Համատեղ մամուլի ասուլիսին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծեց, որ Ղարաբաղի հարցին Մոսկվան տասնամյակներ շարունակ մեծ ուշադրություն էր դարձնում։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից հենց Ռուսաստանն է ամենից շատ ակտիվ եղել այս հարցում, մի քանի տարի առաջ ռուսական նոր նախաձեռնությունը կարող էր փրկել հազարավոր կյանքեր, եթե այն ընդունվեր», - ասել է Լավրովը, հավելելով՝ առաջիկայում ևս Ղարաբաղը կլինի Ռուսաստանի ուշադրության կենտրոնում։

Սերգեյ Լավրովը ասուլիսի ընթացքում նաև ընդգծել է, որ կասկած չկա, թե Իրանը կմիանա տարածաշրջանի տնտեսական զարգացման ուղղված նախագծերին։

Այսօր ավելի վաղ՝ Լավրովի հետ բանակցություններին, Իրանի արտգործնախարարն իր ողջույնի խոսքը սկսելիս շնորհավորել է ռուսական կողմին Ղարաբաղյան խնդրին, ինչպես նշել է իրանցի դիվանագետը, վերջ տալու համար և ցանկություն հայտնել ավելի խորն ուսումնասիրել պատերազմից հետո ստեղծված իրավիճակը:

Իրանը, թեև պատերազմից հետո շնորհավորել է Բաքվին տարածքները հետ բերելու կապակցությամբ, պատերազմի ընթացքում պահպանել է չեզոք դիրքորոշում և նույնիսկ հաշտեցման սեփական ծրագիրն էր մշակել, որը սակայն, մնաց թղթի վրա: Այսօր թեև Զարիֆը հայտարարեց, որ այդ ծրագիրը նման էր այն համաձայնագրին, որ նոյեմբերի 10-ին ստորագրել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները։

Ղարաբաղի շուրջ հետպատերազմյան զարգացումներում Թեհրանն ակտիվ ներգրավված է: Մասնավորապես, տրանսպորտային նախագծերը նախատեսում են նաև Հայաստանը և Ռուսաստանն Իրանի հետ կապող երկաթգծի կառուցում ևս: Թեև այս հարցում, ըստ ռուսաստանցի փորձագետների, շատ բան կախված է նրանից, թե երբ Միացյալ Նահանգները կվերադառնա Իրանի միջուկային գործարքին և երբ կհանվեն Իրանի դեմ պատժամիջոցները, որոնց պատճառով ռուսական ընկերությունները չեն կարողանում համագործակցել իրանական ընկերությունների հետ:

2017-ին «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը ծրագրում էր Իրանի համար երկաթգիծ կառուցել, սակայն 2020-ին դուրս եկավ նախագծից այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգներն ընդլայնեց պատժամիջոցները իրանական տնտեսական նախագծերին մասնակցող այլ պետությունների ընկերությունների համար:

XS
SM
MD
LG