Մատչելիության հղումներ

Արա Այվազյանը և Ժան-Բատիստ Լըմուանն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին


Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը հանդիպել է Հայաստանում աշխատանքային այցով գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի և նրա գլխավորած պատվիրակության հետ, հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն:

Հայաստանի ԱԳ նախարարը և Ֆրանսիայի պետքարտուղարը հանգամանալից քննարկում են ունեցել հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի շուրջ՝ վերահաստատելով փոխադարձ պատրաստակամությունը գործնական քայլեր ձեռնարկելու բազմաոլորտ գործընկերության ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ: Որպես առաջնահերթություն ընդգծվել է առևտրատնտեսական համագործակցության ներուժի արդյունավետ օգտագործումը, ներառյալ՝ Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից Հայաստանում թիրախային նոր ծրագրերի իրականացման, ներդրումային նոր հնարավորությունների դիտարկման միջոցով։

Արա Այվազյանը և պետքարտուղար Լըմուանն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին: Հայաստանի արտգործնախարարը իր երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիային՝ Արցախի և հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի առնչությամբ անկողմնակալ դիրքորոշում և գնահատական հայտնելու համար:

Համաձայն հաղորդագրության, երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական կարգավորման հրամայականը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղության գործընթացի շրջանակում: Նախարար Այվազյանն նշել է, որ տարածաշրջանում տևական խաղաղության, անվտանգության և կայունության հաստատման առանցքը Արցախի իրավական կարգավիճակի սահմանումն է՝ հիմնված արցախահայության ինքնորոշման իրավունքի վրա։

ՀՀ ԱԳ նախարարը պետքարտուղար Լըմուանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցին և այդ ուղղությամբ Ադրբեջանի կողմից հարուցվող շինծու խոչընդոտներին։

Քննարկումների կենտրոնում են եղել նաև հայկական պատմամշակութային կոթողների պահպանման հարցերը: Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են ինչպես միջազգային մասնագիտացված կառույցների, հատկապես, ՅՈՒՆԵՍԿՕ-ի անխափան ներգրավվածությունը, այնպես էլ երկկողմ համագործակցության հնարավորությունների օգտագործումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG