Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն այսօր Ստրասբուրգում հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի և ԵԽԽՎ նախագահ Ռիկ Դայմսի հետ։
Ֆեյսբուքյան իր էջում Ռուբինյանը գրել է, որ երկու պաշտոնյաներն էլ հավաստիացրել են, որ Ադրբեջանում հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց ճակատագրի հարցը, ինչպես նաև Ադրբեջանում հայատյացության դրսևորումները պահելու են իրենց ուշադրության կենտրոնում։
«Խոսել ենք նաև ԵԽ և ԵԽԽՎ ներկայացուցիչների՝ Արցախ այցելության մասին», - գրել է ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավարը։
Նշենք, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների թվի և նրանց հնարավոր վերադարձի ժամկետների մասին հստակ տեղեկություններ չկան։ Գերիների վերադարձի հարցն ամրագրված է նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ։ Դեկտեմբերի սկզբին հայտարարվեց գերիների փոխանակման՝ «բոլորը բոլորի դիմաց» քաղաքական պայմանավորվածության մասին, սակայն մինչ օրս դեռ անորոշ է Ադրբեջանում գտնվող հայ գերիների ճակատագիրը, որոնց թիվը, հայկական կողմի տվյալներով, 200-ից ավելի է:
Հայաստանում համոզված են՝ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ այդ գործողություններից առաջ ու դրանց ավարտից հետո Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացները: