Մատչելիության հղումներ

ԲՀԿ առաջնորդը հանդիպել է Ռուսաստանի դեսպանի հետ


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) և խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են տարածաշրջանում հետպատերազմական իրավիճակը, ռազմագերիների վերադարձի գործընթացին և ներքաղաքական օրակարգին առնչվող հարցեր:

Դեսպանը կարևոր է համարել երկկողմ աշխատանքների շարունակականությունը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով երկու երկրների միջև դարավոր ու եղբայրական կապերն է՛լ ավելի ամրապնդելուն ուղղված քայլերի անհրաժեշտությունը:

«Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում անվտանգության գլխավոր երաշխավորն է և Հայաստանի անփոխարինելի ռազմավարական գործընկերը: Հայ-ռուսական քաղաքական, տնտեսական կապերի ամրապնդումն ու շարունակական զարգացումը չունի որևէ այլընտրանք:

Դեսպան Կոպիրկինին խնդրել եմ փոխանցել իմ երախտագիտությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Արցախում պատերազմը դադարեցնելու գործում ներդրած ակտիվ ջանքերի և դժվարին իրավիճակում հայ ժողովրդի կողքին կանգնելու համար», - նաև նշված է Գագիկ Ծառուկյանի գրառման մեջ։

XS
SM
MD
LG