Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը մերժեց Դոնալդ Թրամփին վաղաժամ պաշտոնանկ անելու դեմոկրատ կոնգրեսականների պահանջը։ Ի պատասխան՝ Կոնգրեսը խոստանում է անհապաղ իմփիչմենթ հայտարարել հեռացող նախագահին։
Ավելի քան հինգ տասնամյակ առաջ ընդունված Սահմանադրության 25-րդ լրամշակման համաձայն՝ Միացյալ Նահանգների փոխնախագահն ու կառավարության անդամները Կոնգրեսի պաշտոնական դիմումի հիման վրա կարող են վաղաժամ դադարեցնել նախագահի լիազորությունները՝ որպես պատճառ բերելով նրա կողմից երկրի ղեկավարի պարտականությունների կատարման անկարողությունը։
Դեռևս մինչ բանաձևի քվեարկությունը փոխնախագահն իր դիրքորոշման մասին տեղեկացրել է Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ առաջնորդներին հղած նամակում։ Փենսը գրել է, որ համոզված է՝ Թրամփն ի վիճակի է կատարել իր նախագահական պարտականությունները, և որ համաձայն չէ նախագահին պաշտոնավարման ավարտից հաշվված օրեր առաջ պաշտոնից հեռացնելու պահանջին։
Քվեարկությունը, այդուհանդերձ, կայացել է, և ինչպես ակնկալվում էր՝ դեմոկրատները կողմ են քվեարկել փաստաթղթին, հանրապետականները՝ դեմ։
Դեմոկրատ օրենսդիրները Սպիտակ տան հեռացող ղեկավարին մեղադրում են Միացյալ Նահանգների դեմ խռովություն հրահրելու մեջ։ Ընդդիմախոսների պնդմամբ՝ Թրամփն իր հակասահմանադրական գործողություններով նպաստել է հունվարի 6-ին Վաշինգտոնի կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների ծավալմանը՝ Կոնգրեսի շենքի վրա հարձակմանը, որի հետևանքով 5 մարդ է զոհվել, այդ թվում` Կապիտոլիումի շենքը հսկող ոստիկաններից մեկը։
«Կարո՞ղ եք արդյոք պատկերացնել մեր պատմության ընթացքում այլ նախագահի, որը կոգևորեր և կդրդեր ամբոխին բռնությունների Միացյալ Նահանգների Կոնգրեսի նկատմամբ։ Մեր ժողովրդի նկատմամբ։ Ահա թե որն է հարցը», - երեկ հայտարարում էր բանաձևի համահեղինակներից՝ դեմոկրատ կոնգրեսական Ջեյմի Ռասկինը։
«Ես կոչ եմ անում հանրապետական գործընկերներիս բացել իրենց աչքերը և վերջապես պատասխանատվության ենթարկել գործող նախագահին», - նույն օրը հայտարարում էր Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին՝ շեշտելով․ - «Նժարին մեր երկրի անվտանգությունն ու մեր ժողովրդավարության ապագան է»։
Թրամփը, մինչդեռ, իրեն պատասխանատու չի համարում Կոնգրեսի վրա հարձակման համար, երեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, թե «բոլորը» կարծում են, որ իր ելույթը, որով նա հրահրել է իր կողմնակիցներին, «միանգամայն տեղին էր»։
Փենսը, ով, ամերիկյան մամուլի տեղեկություններով, հունվարի 6-ից հետո կտրուկ փոխել է վերաբերմունքը Թրամփի նկատմամբ, և երբեմնի տանդեմն այլևս համերաշխ չէ, այդուհանդերձ, նույնպես չի կիսում Կոնգրեսի դեմոկրատների փաստարկները։ Նրա համոզմամբ՝ Թրամփին վաղաժամ իշխանությունից հեռացնելու համար 25-րդ լրամշակման կիրառումը «սարսափելի նախադեպ կստեղծի»։
«Ես չեմ կարծում, որ [նախագահին վաղաժամ պաշտոնանկ անելու նախաձեռնությունը] համընկնում է մեր ազգի շահերին կամ համապատասխանում է մեր Սահմանադրությանը», - Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին հղած նամակում գրել է փոխնախագահը։
Դեմոկրատական ճամբարում, սակայն, չեն ընկրկում։ Ներկայացուցիչների պալատն այսօր Վաշինգտոնի ժամանակով վաղ առավոտյան պատրաստվում է քննարկման դնել Դոնալդ Թրամփին երկրորդ անգամ իմփիչմենթի ենթարկելու հարցը։ Միացյալ Նահանգների Կոնգրեսի ստորին պալատում, հիշեցնենք, մեծամասնություն են կազմում դեմոկրատները, և կասկած չկա, որ նախաձեռնությունն այստեղ հավանության կարժանանա, ավելին՝ Թրամփին իշխանությունից հեռացնելուն կողմ քվեարկելու պատրաստակամության մասին են հայտարարել նաև չորս հանրապետականներ։
Բացի այդ, The New York Times-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ նախաձեռնությանը կողմ է նաև Սենատում հանրապետականների առաջնորդ, Թրամփի երբեմնի մերձավոր դաշնակից և քաղաքական հենարան Միթչ ՄըքՔոնելը։ Այդ տեղեկությունը հաստատել են նաև Fox News-ի աղբյուրները, ինքը սենատորն առայժմ չի մեկնաբանել լուրերը։