Մատչելիության հղումներ

ԱՄՆ Կոնգրեսը այսօր քննարկելու է Թրամփի՝ պաշտոնից վաղաժամ հեռացման հարցը


Չի բացառվում, որ Դոնալդ Թրամփը ստիպած լինի Սպիտակ տունը լքել արդեն առաջիկա օրերին՝ մինչև հունվարի 20-ին ավարտվող իր նախագահական ժամկետի վերջը։ Դա տեղի կունենա այն դեպքում, եթե դեմոկրատ կոնգրեսականներին, առաջին անգամ ամերիկյան պատմության մեջ, հաջողվի գործի դնել ամերիկյան Սահմանադրության 25-րդ լրացումը։

1967 թվականին ընդունված սահմանադրական այդ դրույթը օրինական հնարավորություն է ստեղծում ԱՄՆ փոխնախագահի և կառավարության անդամների համար՝ պաշտոնից հեռացնել գործող նախագահին, եթե նա այլևս ի վիճակի չի կատարել իր վրա դրված պարտականությունները։

25-րդ լրացումը կյանքի կոչելու գաղափարը կոնգրեսականների մոտ ծագեց հունվարի 6-ին Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգություններից հետ, որոնց ընթացքում Դոնալդ Թրամփի կողմնակիցները գրոհեցին Կապիտոլիումի շենքը՝ առնվազն չորս մարդու մահվան պատճառ դառնալով։ Ամերիկացի դեմոկրատների պնդմամբ՝ իրադարձությունները նման ողբերգական սցենարով չէին զարգանա, եթե Դոնալդ Թրամփը ամեն կերպ չխրախուսեր իր կողմնակիցներին, մի քայլ, որն ըստ նրա քննադատների, ուղղակիորեն հակասում է երկրի ղեկավարի դիրքին և առաքելությանը։

«Խռովության նման կոչ հնչեցնելով՝ նախագահը անասելի ոտնձգություն է կատարել մեր պետության և ժողովրդի հանդեպ։ Ես միանում եմ Սենատի դեմոկրատական խմբակցության ղեկավարին՝ կոչ անելով փոխնախագահ Փենսին անհապաղ կերպով կյանքի կոչել Սահմանադրության 25-րդ լրացումը՝ հեռացնելով նախագահին զբաղեցրած պաշտոնից», - Վաշինգտոնում տեղի ունեցած բախումների հաջորդ օրը՝ հունվարի 7-ին, հայտարարել է Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին։

Ամերիկյան աղբյուրների փոխանցմամբ՝ նախորդ չորս օրերին դեմոկրատ կոնգրեսականները բավական ակտիվ իրավական նախապատրաստությունների են դիմել, ինչն, իրենց կարծիքով, թույլ չի տա Դոնալդ Թրամփին պաշտոնավարման վերջին օրերին նոր տհաճ անակնկալներ մատուցել։

Reuters-ի տեղեկություններով՝ 25-րդ լրացումը գործի դնելու մասին բանաձևի տեքստը արդեն իսկ պատրաստ է։ Նախաձեռնությունը պաշտոնապես շրջանառության մեջ կդրվի Ներկայացուցիչների տան այսօր մեկնարկող լիագումար նիստի ընթացքում։ Քննարկումները կմեկնարկեն, երբ Երևանում ուշ երեկո կլինի, իսկ հարցի շուրջ քվեարկությունն, ըստ ամերիկյան աղբյուրների, կայանալու է վաղը։

Վաշինգտոնում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Կապիտոլիումի վրա հարձակումից հետո նախագահ Թրամփի և փոխնախագահ Մայք Փենսի հարաբերությունները սրվել են։ Բանն այն է, որ անկարգությունների պահին Մայք Փենսը և նրա ընտանիքի անդամները գտնվում էին Կոնգրեսի շենքում։ Փոխնախագահի աշխատակազմը, սակայն, առայժմ որևէ կերպ չի մեկնաբանում կոնգրեսականների նախաձեռնությունը։ Սպիտակ տանը մոտ կանգնած աղբյուրները իրենց հերթին պնդում են, որ նախորդ շաբաթավերջի դրությամբ Մայք Փենսը դեմ էր 25-րդ լրացման հիման վրա Թրամփի լիազորությունների դադարեցմանը։

Եթե փոխնախագահ Փենսն ու ամերիկյան կառավարության անդամները ի վերջո որոշեն մերժել 25-րդ լրացման կյանքի կոչմանն ուղղված օրենսդիրների դիմումը, ապա դեմոկրատ կոնգրեսականները ձեռնամուխ են լինելու այսպես կոչված «Պլան Բ»-ին՝ նախագահ Թրամփի իմփիչմենթի գործընթացի մեկնարկին։

Այդ դեպքում ԱՄՆ 45-րդ նախագահը կդառնա երկրի առաջին ղեկավարը, որի դեմ պաշտոնավարման ընթացքում երկրորդ անգամ իմփիչմենթի գործընթաց կնախաձեռնվի։ Reuters-ի տեղեկություններով՝ օրենսդիրները Թրամփին ընդամենը մեկ՝ խռովության մեղադրանք են պատրաստվում առաջադրել։ Նույն աղբյուրի համաձայն, այդ դեպքում Ներկայացուցիչների տունը իմփիչմենթի հարցը կարող է քվեարկության դնել արդեն այս շաբաթավերջին։ Իմփիչմենթի նախագծի հեղինակներն, ի դեպ, պնդում են, որ Ներկայացուցիչների տանն անդամակցող 222 դեմոկրատ կոնգրեսականներից 200-ը արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել քվեարկել Թրամփի պաշտոնազրկման օգտին։

Եթե Ներկայացուցիչների տան անդամները կողմ քվեարկեն Թրամփի իմփիչմենթին և այդ որոշումն անհապաղ ուղարկեն Սենատ, ապա հարցը Կոնգրեսի վերին պալատի օրակարգում կհայտնվի գործող նախագահի պաշտոնավարման վերջին օրը՝ հունվարի 19-ին։ Ամերիկյան օրենսդրության առանձնահատկություններն այնպիսին են, որ այդ քայլը կարող է բարդություններ ստեղծել հունվարի 20-ին նախագահի պաշտոնը ստանձնող Ջոզեֆ Բայդենի համար։ Բանն այն է, որ Սենատում ընթացքի մեջ գտնվող իմփիչմենթի գործընթացը կարող է սահմանափակել նորընտիր նախագահի՝ կադրային նշանակումներ իրականացնելու հնարավորությունը։ Դա է պատճառը, որ Ներկայացուցիչների տանը իմփիչմենթի հաղթանակի դեպքում կոնգրեսականները այդ որոշումը կարող են Սենատ ուղարկել գարնանը՝ երբ Բայդենը արդեն ձևավորած կլինի նոր կառավարության կազմը։ Այդ դեպքում ամերիկյան պատմության մեջ նոր աննախադեպ մի իրավիճակ կստեղծվի, երբ Սենատը ձեռնամուխ կլինի արդեն իսկ Սպիտակ տունը լքած նախագահի իմփիչմենթի քննարկմանը։ Բայց եթե Սենատի անդամները ի վերջո որոշեն, որ Թրամփին ներկայացված մեղադրանքները արդարացված են՝ ԱՄՆ 45-րդ նախագահը կզրկվի 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից՝ մտադրություն, որի մասին Թրամփը արդեն իսկ բարձրաձայնել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG