Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսականները պաշտոնապես բանաձև են ներկայացրել Թրամփին իմփիչմենթի ենթարկելու մասին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և փոխնախագահ Մայք Փենս, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և փոխնախագահ Մայք Փենս, արխիվ

Ամերիկացի դեմոկրատ կոնգրեսականները պաշտոնապես բանաձև են ներկայացրել Ներկայացուցիչների պալատ Դոնալդ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու մասին: Գործող հանրապետական նախագահը մեղադրվում է ապստամբություն հրահրելու մեջ:

Դեմոկրատների պնդմամբ, Թրամփը ցույց տվեց, որ պաշտոնավարելով՝ «սպառնալիք է ներկայացնում երկրի ազգային անվտանգության, ժողովրդավարության և Սահմանադրության համար»: Մասնավորապես, նա մեղադրվում է իշխանության խաղաղ փոխանցումը մերժելու մեջ։ Կապիտոլիումի հունվարի 6-ի գրոհից անմիջապես առաջ Վաշինգտոնում իր ելույթի ժամանակ Թրամփը մեկ անգամ ևս հայտարարել էր, որ հաղթել է նոյեմբերին անցկացված ԱՄՆ նախագահի ընտրություններում, ինչպես նաև պահանջել էր Ջորջիա նահանգի պաշտոնյաներից «գտնել» բավարար թվով ձայներ իր հաղթանակն ապահովելու համար։

Բանաձևի նախագծի հեղինակները կոչ են անում նաև արգելել Թրամփին հետագայում ընտրովի պաշտոններ զբաղեցնել:

Ընտրյալ նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունից ընդամենը օրեր առաջ Թրամփին պաշտոնից հեռացնելու համար օրենսդիրների երկու երրորդը պետք է կողմ քվեարկի: Հանրապետական խորհրդարանականների մեծամասնությունը ավելի վաղ դեմ է արտահայտվել նախաձեռնությանը, սակայն առնվազն 218 դեմոկրատ կոնգրեսականներ հայտարարել են դրան սատարելու մասին՝ օրենսդիրների այս քանակը բավարար է Ներկայացուցիչների պալատում բանաձևի հաստատման համար: Դրանից հետո դեմոկրատները կկարողանան իմփիչմենթի վերաբերյալ գործ հարուցել:

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Մայք Փենսը երեկ ուշ երեկոյան հանդիպել են Սպիտակ տանը: Թրամփն ու Փենսը պայմանավորվել են իրենց լիազորությունների մնացած ժամկետի ընթացքում շարունակել աշխատել՝ ելնելով երկրի շահերից։

XS
SM
MD
LG