Մատչելիության հղումներ

Չորս զոհ, տասնյակ ձերբակալվածներ՝ Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով


Ցուցարարները փորձում են ներխուժել ԱՄՆ Կոնգրեսի շենք, 6-ը հունվարի, 2021թ.
Ցուցարարները փորձում են ներխուժել ԱՄՆ Կոնգրեսի շենք, 6-ը հունվարի, 2021թ.

Չորս զոհ, առնվազն հինգ տասնյակ ձերբակալված՝ այսպես, մեկ տողով, կարելի է ամփոփել Վաշինգտոնում տեղի ունեցած գիշերային իրադարձությունները։ Առաջին անգամ ամերիկյան պատմության մեջ ցուցարարներին հաջողվեց գրավել երկրի ամենախիստ հսկողության տակ գտնվող պետական հաստատություններից մեկը՝ Կապիտոլիումի բլրում գտնվող Կոնգրեսի շենքը։

Բախումները ամերիկյան մայրաքաղաքի կենտրոնում սկիզբ առան այն բանից հետո, երբ պաշտոնից հեռացող նախագահ Դոնալդ Թրամփի ավելի քան 30 հազար կողմնակիցները հավաքվեցին Վաշինգտոնի կենտրոնում՝ պնդելով, որ նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունները կեղծվել են և ընտրյալ նախագահ Ջոզեֆ Բայդենը չի կարող ստանձնել երկրի ղեկավարի պարտականությունները։ Բողոքի գործողության օրը և ժամը պատահական չէին ընտրված։ Երեկ ԱՄՆ կոնգրեսը պետք է պաշտոնապես հաստատեր ընտրիչների կոլեգիայի կողմից Բայդենի ընտրության մասին կազմված արձանագրությունները։

Հանրապետական մի շարք կոնգրեսականներ, սակայն, պատրաստվում էին վիճարկել երկու նահանգներից՝ Արիզոնայից և Փենսիլվանիայից, ստացված արձանագրությունների հաստատումը՝ պնդելով, որ այդ նահանգներում ընտրությունները կեղծվել են հօգուտ դեմոկրատ թեկնածուի։ Քննարկումները նոր էին մեկնարկել, երբ Թրամփի մի քանի հազար կողմնակիցներ շարժվեցին դեպի Կոնգրեսի շենք և առանց մեծ դժվարության կարողացան գրավել այն։

Միակ բանը, որ կարողացավ անել Կոնգրեսի անվտանգությունը հսկող ոստիկանական ստորաբաժանումը, օրենսդիրներին և Կոնգրեսի աշխատանքը լուսաբանող լրագրողներին տարհանելն էր։

Շուրջ երկու ժամ Կապիտոլիումը գտնվում էր Թրամփի կողմնակիցների լիակատար հսկողության ներքո։ Անկարգությունների մասնակիցների կորիզը ծայրահեղ աջ ակտիվիստներն էին, որոնցից շատերը Կապիտոլիում էին մուտք գործել 19-րդ դարի ամերիկյան քաղաքացիական պատերազմի խորհրդանիշերից մեկը՝ ստրկատիրական հարավի դրոշը ձեռքներին։

Գիշերային անկարգությունների մեկ այլ խորհրդանիշն էլ Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի աշխատասենյակ ներխուժած Թրամփի կողմնակիցներից մեկի լուսանկարն էր, որում տղամարդը տեղավորվել է պետության ղեկավարներից մեկի բազկաթոռում՝ ոտքերը նրա աշխատասեղանին դրած։

Առաջիններից մեկը ծավալված անկարգություններին արձագանքեց ընտրյալ նախագահ Ջոզեֆ Բայդենը։ Դելավերում գտնվող իր տնից նա շտապ տեսաուղերձով դիմեց նախագահ Թրամփին՝ պահանջելով, որպեսզի երկրի ղեկավարը շուտափույթ կոչ անի իր կողմնակիցներին լքել Կոնգրեսի շենքը։

«Սա բողոքի գործողություն չէ, սա խռովություն է», - հայտարարել է Ջոզեֆ Բայդենը։

Ճգնաժամի առաջին ժամերին, սակայն, նախագահ Թրամփի պահվածքը բավական հակասական էր։ CNN-ի տեղեկություններով՝ մայրաքաղաքում կարգուկանոն հաստատելու նպատակով ոստիկանական հավելյալ ուժեր և Ազգային Գվարդիայի ստորաբաժանումներ ներգրավելու որոշումը կայացրել է ոչ թե նախագահը, այլ նրա տեղակալը՝ փոխնախագահ Մայք Փենսը։ Դա տեղի ունեցավ այն պահին, երբ արդեն իսկ հայտնի էր առաջին զոհի՝ Կապիտոլիումը հսկող ոստիկանների գործողությունների հետևանքով հրազենային վիրավորում ստացած ցուցարար կնոջ մասին։ Միայն դրանից հետո նախագահ Թրամփը դուրս եկավ Սպիտակ տան հարավային մուտքին հարող տարածք և հանդես եկավ հայտարարությամբ, որն, ի դեպ, լի էր այդ նույն պահին Կապիտոլիումի ներսում գտնվող ցուցարարների հասցեին հաճոյախոսություններով։

«Տեղի ունեցան ընտրություններ, որոնցում տարած մեր հաղթանակը գողացան։ Դա համոզիչ հաղթանակ էր, և բոլորը գիտեն դա, մասնավորապես, մեր ընդդիմախոսները։ Այնուամենայնիվ, դուք պետք է տուն վերադառնաք։ Մենք պետք է հարգենք մեր իրավապահներին և պահպանենք կարգուկանոնը։ Սրանք շատ դժվար ժամանակներ են։ Դրանք կեղծված ընտրություններ են, բացևայնպես մենք չենք կարող ձեռնարկել քայլեր, որոնք ձեռնտու են մեր հակառակորդներին։ Մեզ խաղաղություն է հարկավոր, գնացեք տուն։ Մենք սիրում ենք ձեզ, դուք առանձնահատուկ մարդիկ եք», - դիմելով իր կողմնակիցներին՝ հայտարարել է Դոնալդ Թրամփը։

Կապիտոլիումի տարածքից Թրամփի կողմնակիցներից ամբողջությամբ մաքրվեց միայն ուշ երեկոյան։ Ոստիկանական գործողության ավարտից հաշված րոպեներ անց օրենսդիրները վերադարձան նիստերի դահլիճ և մինչև վաղ առավոտ շարունակեցին քննարկել Բայդենի ընտրության արձանագրությունների հաստատման հարցը։ Սենատի և Ներկայացուցիչների տան անդամների մեծամասնությունը մերժեց հանրապետական կոնգրեսականների առարկությունները։ Բնական է, սակայն, որ գիշերային քննարկումների զգալի մասը նվիրված էր նախորդող ժամերի իրադարձություններին։

Նույնիսկ Թրամփի կուսակից հանրապետականների մի զգալի մասը խստորեն քննադատում էր գործող նախագահի կողմնակիցների գործողությունները։ Առաջատար հանրապետականներից մեկը՝ նախագահի նախկին թեկնածու, սենատոր Միթ Ռոմնին՝ պնդում էր, որ տեղի ունեցածը խռովություն էր՝ հրահրված անձամբ նախագահ Թրամփի կողմից։

Այսօր արդեն, երբ իրադրությունը հանդարտվել է և պարզ է, որ Ջոզեֆ Բայդենի պաշտոնամուտին խոչընդոտող գործոններ այլևս չկան, ամերիկյան մամուլում մեկ այլ հարց է հնչում՝ «ինչո՞ւ հնարավոր չեղավ պաշտպանել Կապիտոլիումը»։

Անվտանգության խնդիրներով զբաղվող վերլուծաբան Մարկ Էմբինդերն, օրինակ, Foreign Policy հանդեսում գրել է, որ Կոպիտոլիումի անվտանգության ծառայության աշխատակիցների թիվը գերազանցում է 1800-ը։

«Սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո, սակայն, այս կառույցի հիմնական գործառույթը ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարն է», - նշել է ամերիկացի հեղինակը՝ հավելելով, - «Քչերի մտքով կարող էր անցնել, որ մի օր ցուցարարները կարող են գրոհել Կոնգրեսի շենքը»։

XS
SM
MD
LG