Կանցնի ևս 12 օր, և ԱՄՆ-ում գործադիր իշխանությունը կստանձնեն դեմոկրատական նախագահ Ջո Բայդենն ու փոխնախագահ Քամալա Հարիսը, բայց առնվազն տեսականորեն հանրապետական Դոնալդ Թրամփի նախագահությունը կարող է ավարտվել հունվարի 20-ից ավելի վաղ, քանի որ Կապիտոլիումի վրա զայրացած թրամփականների հարձակումը դեմոկրատ օրենսդիրների մեծամասնությանը, ինչպես նաև նրանց հանրապետական գործընկերներից շատերին ստիպում է քննարկել երկրորդ իմփիչմենթի տարբերակը:
Առաջին անգամ, հիշեցնենք, Թրամփի դեմ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և Կոնգրեսի աշխատանքը խոչընդոտելու հոդվածներով իմփիչմենթի գործ էր հարուցվել 2019 թվականին: Ըստ դեմոկրատների, Թրամփը փորձել էր ճնշում բանեցնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա, Ուկրաինային օգնություն տրամադրելու դիմաց պահանջել էր Ջո Բայդենի որդուն՝ Հանթերին վարկաբեկող տեղեկություններ:
2019-ի դեկտեմբերի 18-ին Թրամփը ենթարկվել է իմփիչմենթի, 2020-ին փետրվարի 5-ին հանրապետականների հսկողության տակ գտնվող Սենատը քվեարկությամբ արդարացրել է Թրամփին: Եվ, այնուամենայնիվ, ֆորմալ առումով նա ենթարկվել է իմփիչմենթի, ինչն առհավետ դարձել է ամերիկյան պատմության և Թրամփի քաղաքական կենսագրության անբաժան մասը:
Դեմոկրատների պնդմամբ՝ Թրամփին պետք է դատել, քանի որ նա դեմոկրատների կողմից հաղթանակը գողանալու մասին իր բանավոր ուղերձներով և թվիթերյան գրառումներով ամբոխներին դրդել է հարձակման, առաջարկել է հավաքվել Կապիտոլիումի մոտ:
Թեպետ նա Կոնգրեսի վրա հարձակվելու ուղիղ կոչ չի արել, այնուամենայնիվ, հենց նրա ուղերձներից հետո են զայրացած մարդիկ սկսել գրոհը:
Անկարգությունների արդյունքում սպանվել է 4 մարդ, վիրավորվել են տասնյակ մարդիկ, այդ թվում՝ իրավապահներ, իսկ ավելի ուշ հաղորդվել է, որ հիվանդանոցում վախճանվել է ոստիկան Բրայան Սիկնիկը, ով անկարգությունների հինգերորդ զոհն է դարձել:
Երեկ Թրամփը դիմել է ժողովրդին՝ հավաստիացնելով, թե ինքը կտրականապես մերժում է բռնությունը, և ասելով, թե դատապարտում է տեղի ունեցածը:
«Ես անմիջապես կարգադրել եմ Ազգային գվարդիային տեղակայվել Կոնգրեսի տարածքում, վերականգնել անդորրը և դուրս շպրտել խռովարարներին: Ամերիկան եղել է, է և կլինի կարգուկանոնի երկիր, Կոնգրես ներխուժածներ, դուք չեք ներկայացնում մեր երկիրը, դուք պղծել եք Ամերիկյան դեմոկրատիայի նստավայրը և պատասխանատվություն եք կրելու», - ազդարարել է Թրամփը:
Նա ընդգծել է, որ իր նպատակն է ապահովել խաղաղ և կանոնակարգված իշխանափոխություն:
Սակայն խռովարարների հետ կապ չունենալու և նրանց արմատական գործողությունները դատապարտելու մասին հայտարարությունները բնավ չեն ազդել դեմոկրատների վրա:
Ընտրյալ նախագահ Ջո Բայդենը հայրենակիցներին հորդորել է Կապիտոլիումի վրա հարձակված մարդկանց չանվանել բողոքողներ:
«Նրանք բողոքողներ չեն, չհամարձակվեք նրանց «բողոքող» անվանել, նրանք ամբոխ են, խռովարարներ են, տնաբույծ ահաբեկիչներ են, այդպես է, շատ պարզ է», - ասել է Բայդենը:
Մինչդեռ, Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին ասել է, թե Թրամփը մահացու վտանգ է դեմոկրատիայի համար և պետք է հեռացվի պաշտոնից:
Պաշտոնանկության մեկ այլ տարբերակ
Թրամփին սպառնում է ոչ միայն իմփիչմենթը: Կա նրան պաշտոնանկ անելու մեկ այլ տարբերակ՝ խոսքը Սահմանադրության 25-րդ լրամշակման մասին է, որը թույլ է տալիս գործող նախագահին հռչակել անմեղսունակ կամ անաշխատունակ և հեռացնել աշխատանքից:
Փելոսին այդ կոչով դիմել է փոխնախագահ Մայք Փենսին, ով, եթե 25-րդ լրամշակումը կիրառվի, ժամանակավորապես կստանձնի նախագահի պաշտոնը: Այստեղ կա քաղաքական բարդություն՝ գործընթացը պետք է հենց փոխնախագահը նախաձեռնի:
Հանրապետականների քաղաքական վերնախավը, թերևս, չի ողջունի դեպքերի նման ընթացքը, սակայն բուն կառավարությունում արդեն ակնհայտ դժգոհ են նախագահից:
Անկարգություններից հետո հրաժարական են ներկայացրել նախ տրանսպորտի նախարար Էլեյն Չաոն, ապա կրթության նախարար Բեթսի Դե Վոսը:
Վերջինս նախագահին հասցեագրված նամակում առանց երկիմաստությունների գրել է, որ հենց Թրամփի ագրեսիվ հռետորաբանությունն է հանգեցրել բախումներին: «Սա ջրբաժան է, ես այլևս չեմ կարող չարձագանքել», - գրել է կրթության նախարարը:
Նրա գործընկերուհին՝ տրանսպորտի նախարար Չաոն գրել է, թե տեղի ունեցածն այնքան մտահոգիչ է, այն աստիճանի անընդունելի, որ ինքը չի կարող մի կողմ քաշվել և ձևացնել, թե բան չի պատահել:
Երկու նախարարներից բացի հրաժարականներ են ներկայացնում անվտանգության համակարգի աշխատակիցներ, խորհրդականներ և իրավապահներ:
Կա նաև մի քաղաքական-ընտանեկան հանգամանք՝ հրաժարական ներկայացրած տրանսպորտի նախարար Էլեյն Չաոն Սենատում հանրապետականների մեծամասնության ղեկավար և Թրամփի թվում էր թե հավատարիմ թիմակից Միթչ ՄըքՔոնելի կինն է:
Դժգոհությունը շատ մեծ է, ինքը Թրամփն էլ է գիտակցում, որ սա կարող է դառնալ իր քաղաքական կարիերայի անփառունակ ավարտը:
Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին, ինչպես նաև այսօրվա Սենատում դեմոկրատների փոքրամասնության ղեկավար Չաք Շումերն առաջարկում են Սահմանադրության 25-րդ լրամշակման կիրառմամբ պաշտոնանկ անել Թրամփին: Դրա համար անհրաժեշտ է կառավարության անդամների մեծամասնության համաձայնությունը:
Ազգային անվտանգության հարցերով Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն առաջարկում է պարզապես սպասել մինչև հունվարի 20-ը, և բացատրում է, թե ինչու:
«Դուք կարծում եք՝ Թրամփը կհանձնվի՞, եթե փոխնախագահ Փենսը նրան առաջարկի թողնել իշխանությունը: Նա կառարկի, կսկսվեն վեճեր: Դուք ուզում եք մնացած 13 օրերի ընթացքում երկու մրցակից նախագա՞հ ունենանք, կարծում եմ՝ այս դեպքում վատի փոխարեն վատթարը կընտրենք»,- ասել է Բոլթոնը:
Մինչդեռ, Փելոսին նշում է, որ 25-րդ լրամշակումը չկիրառելու դեպքում կարելի է գնալ Թրամփին երկրորդ իմփիչմենթը հայտարարելու ճանապարհով:
«Հեռախոսս պայթում է, ինձ անվերջ զանգահարում և ասում են՝ իմփիչ, իմփիչ, իմփիչ», - ասել է Փելոսին:
Ըստ փորձագետների, եթե Թրամփը երկրորդ անգամ իմփիչմենթի ենթարկվի, ինչն ինքնին կլինի սենսացիա և քաղաքական «ռեկորդ», ներկայիս Սենատը նրան պաշտոնանկ չի անի, թեպետ հանրապետական սենատորներից շատերն այլևս չեն սատարում նրան:
Այսպիսով, ըստ վերլուծաբանների, առավել հավանական է, որ հունվարի 20-ի ինաուգուրացիայով կփակվի Թրամփի քաոտիկ նախագահության վերջին էջը: