Մատչելիության հղումներ

Մանե Գևորգյանը հնարավոր է համարում Մոսկվայում եռակողմ հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարության ստորագրումը


Մոսկվայում Ղարաբաղի հարցի կամ տարածքային որևէ հարցի լուծմանը վերաբերող փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում, հայտարարում է Հայաստանի վարչապետի խոսնակը: Միաժամանակ Մանե Գևորգյանի տեղեկացմամբ` եթե հանդիպման ընթացքում օրակարգային հարցերի, այսինքն՝ տնտեսական թեմաների, գերիների փոխանակման, անհետ կորածների հարցի շուրջ հնարավոր լինի հասնել համաձայնությունների, հնարավոր է հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության ստորագրում:

Քիչ ավելի վաղ վարչապետի աշխատակազմից հայտնեցին, որ Նիկոլ Փաշինյանը վաղն աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստան, որտեղ նախատեսված է հանդիպում այդ երկրի նախագահ Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ:

Մանե Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը, այդ թվում` Հայաստանից դեպի Ռուսաստան, Իրան, ինչպես նաեւ Հայաստանի կենտրոնական հատվածներից Նախիջևանի երկաթուղով դեպի Սյունիքի մարզ:

«Ադրբեջանական կողմը և հայկական որոշ շրջանակներ անընդհատ շրջանառում են այսպես կոչված «Մեղրիի միջանցքի» թեման, սակայն ինչպես բազմիցս նշվել է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա ոչ Մեղրի, ոչ էլ Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին որևէ դրույթ:

Հայկական կողմի համար, սակայն, անկյունաքարային և սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: Առանց այս հարցերի լուծման կամ էական առաջընթացի չափազանց դժվար կլինի տնտեսական օրակարգի արդյունավետ քննարկումը, և հայկական կողմը այս խնդրի քննարկումը համարում է մոսկովյան հանդիպման առանցքային թեմաներից մեկը», - շեշտել է Գևորգյանը:

XS
SM
MD
LG