Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանում է, որ ՀՀ ԱԱԾ և Ադրբեջանի ԱՊԾ տնօրենների միջև վաղը Տավուշի մարզում կայանալիք հանդիպման վերաբերյալ լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Միաժամանակ ԱԱԾ-ն հայտնում է, որ
նման ձևաչափով հանդիպում կայացել է այսօր Սյունիքի
մարզի Գորիս համայնքի Որոտան և Շուռնուխ բնակավայրերի տարածքում, որի ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման ու անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ևս, ինչպես երեկ հաղորդեց ԱԱԾ-ն, նման հանդիպում էր կայացել Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում, կրկին քննարկվել էին վերոնշյալ հարցերը:
Ըստ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության` իրականությանը չեն համապատասխանում լուրերը, թե հանդիպումների օրակարգում ներառվել կամ ներառվելու են տարածքային և սահմանային հարցեր: