Մատչելիության հղումներ

Վրաստանում կտրականապես դեմ են Ռուսաստանի հետ սահմանի դեմարկացիային


Ռուս-վրացական սահման, արխիվ
Ռուս-վրացական սահման, արխիվ

«Ռուսաստանի հետ պետական սահմանի դեմարկացիայի՝ սահմանազատման մասին հնարավոր կլինի խոսել միմիայն Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացիայի ավարտից հետո», - Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն այսպես է արձագանքում Վլադիմիր Պուտինի կողմից հունվարի 2-ին ստորագրված հրամանագրին, որով մոսկվացի փորձառու դիվանագետներից մեկը՝ ԱԳՆ ԱՊՀ երկրների վարչության նախկին ղեկավար, Հարավային Աֆրիկայում Ռուսաստանի նախկին դեսպան Միխայիլ Պետրակովը նշանակվել է ԱՊՀ պետությունների, ինչպես նաև Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ սահմանների դեմարկացիայի գծով Կրեմլի հատուկ բանագնացի պաշտոնում։

Թբիլիսիում համոզված են՝ այս քայլով Ռուսաստանի իշխանությունները ցանկանում են ամրագրել Աբխազիայի և Հարավային Օսիայի փաստացի անջատումը՝ անտեսելով այն հանգամանքը, որ միջազգային հանրության համար այդ երկու հանրապետությունների և Ռուսաստանի սահմանները իրականում վրաց-ռուսական պետական սահմանի երկու հատվածներն են։

«Բնականաբար, սա սադրանք է և ագրեսիայի դրսևորում։ Այս քայլը Ռուսաստանի կողմից սադրանք է և միջազգային բոլոր նորմերի ոտնահարում», - հայտարարում էր Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկին՝ նշելով, սակայն, թե ստեղծված իրավիճակի և Մոսկվայի ագրեսիվ գործողությունների դրդապատճառներից մեկը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վարած անհեռատես արտաքին քաղաքականությունն էր, որն էլ, ըստ իշխող կուսակցության ներկայացուցիչների, ի վերջո հանգեցրեց Աբխազիայի և Հարավային Օսիայի փաստացի կորստին։

«Ազգային միացյալ շարժումը այն ուժն է, որ թույլ է տվել, որ նման իրավիճակ ստեղծվի։ Այսօր սակայն նրանք ամենաակտիվն են քննադատում իշխանություններին՝ վրացական պետության և վրաց ժողովրդի առջև գործած մեղքերի համար ապաշխարելու փոխարեն», - նշում էր Վոլսկին։

«Ազգային միացյալ շարժումը», սակայն, որի իշխանության օրոք տեղի ունեցավ 2008 թվականի պատերազմը և որի իշխանավարման շրջանում Մոսկվան ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, համոզված է՝ ռուսական կողմի նախահարձակ գործողությունների պատճառը ոչ թե 13 տարվա վաղեմության իրադարձություններն են, այլ այն վախվորած քաղաքականությունը, որ որդեգրել է «Վրացական երազանքը» վերջին տարիներին:

«Սա օկուպացիայի և ագրեսիայի քաղաքականության շարունակությունն է։ Միջազգային իրավունքի բոլոր սկզբունքների համաձայն, գրավյալ տարածքներում սահմանազատմանն ուղղված որևէ քաղաքականության մասին խոսք անգամ լինել չի կարող։ Վրաստանի կառավարությունը, սակայն, պետք է լավ հիշի, որ Մոսկվայի հետ հաշտեցնող ձևաչափերը, օրինակ, Կարասին-Աբաշիձե ֆորմատում ընթացող բանակցությունները, Ռուսաստանի քաղաքականության վրա որևէ կերպ չեն ազդում», - նշում է «Ազգային միացյալ շարժում» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Խաթիա Դեկանոիձեն։

Թբիլիսիում նաև ընդգծում են, որ վրաց-ռուսական սահմանի, այժմ Թբիլիսիի վերահսկողության տակ չգտնվող մի շարք հատվածները մինչ օրս վիճելի են համարվում և վտանգ կա, որ Սուխումիի և Ցխինվալիի ռուսամետ իշխանությունները դեմարկացիայի գործընթացի ժամանակ դրանք պարզապես կզիջեն Ռուսաստանին։

Խոսքը մասնավորաբար Հարավային Օսիայի, Ռուսաստանի և Վրաստանի սահմանների հատման կետում գտնվող Մամիսոնի լեռնանցքի մասին է։ Թբիլիսցի փորձագետների կարծիքով՝ նոր տարածքների կորուստը կանխելու միակ տարբերակը այս խնդիրը միջազգային օրակարգի մաս դարձնելն է։

«Վրաստանի արտգործնախարարության հայտարարությունը ընդհանուր առմամբ ճիշտ էր, սակայն միջազգային ասպարեզում մեր պետական շահերի պաշտպանության հարցում շատ ավելի լուրջ քայլեր է հարկավոր ձեռնարկել։ Կարևորագույն հարցը հետևյալն է՝ որտեղով է անցնում Վրաստանի սահմանը կամ ավելի ճիշտ ինչ սահմաններում է Մոսկվան ճանաչում Վրաստան պետությունը։ Հայտարարություններով այդ հարցը չի լուծվի։ Առավել ևս լավ արդյունքի չեն հանգեցնի Ռուսաստանին սիրաշահելու փորձերը», - պնդում է Թբիլիսում գործող «Ռոնդելիի ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի» փորձագետ Զուրաբ Բաթիաշվիլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG