Պաշտոնական Պեկինը չի թույլատրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասնագետների մուտքը Չինաստան, ովքեր պետք է պարզեին մարդկությանը հուզող թերևս գլխավոր հարցը՝ աշխարհում շուրջ մեկ 1 միլիոն 900 հազար մարդու կյանք խլած, ավելի քան 86 միլիոն մարդու վարակած կորոնավիրուսի ծագման հանգամանքները։
Միավորված Ազգերի Կազմակերպության առողջապահական գերատեսչությունը ամիսներ շարունակ բանակցել է պաշտոնական Պեկինի հետ Վուհան (նաև՝ Ուհան) քաղաք իր մասնագետների մուտքը թույլ տալու շուրջ, որտեղ, հիշեցնենք, 2019 թվականին առաջին անգամ հայտնաբերվել է կորոնավիրուսը։ ԱՀԿ-ն մասնավորապես փորձում էր Չինաստան ուղարկել տասը մասնագետի, ովքեր տեղում պետք է հավաքագրեին վարակի նմուշները՝ պարզելու՝ ինչպես է ծագել և տարածվել COVID-19-ը։ Անցած ամիս հաղորդվեց, որ չինական իշխանություններն ի վերջո համաձայնել են թույլատրել փորձագիտական խմբի մուտքը երկիր։ Այդուհանդերձ, Reuters-ի փոխանցմամբ, երեքշաբթի օրը խմբի առաջին երկու անդամներից մեկը դեպի Չինաստան ճանապարհից ետ է ուղարկվել, մյուսը մինչ այս պահը գտնվում է երրորդ երկրում։ Լրատվամիջոցին այս մասին հայտնել է ԱՀԿ -ի արտակարգ իրավիճակների հարցերով բաժնի ղեկավար Մայք Ռայանը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը, ով, ինչպես շեշտում է, գործընկերների Չինաստան այցելության հարցով մշտապես կապի մեջ է եղել չինացի բարձրաստիճան դիվանագետների հետ, երեկ հայտարարել է, թե հիասթափված է Պեկինի պահվածքից, որը տեղյակ լինելով, որ փորձագետներն արդեն Վուհանի ճանապարհին են, չի թույլատրել նրանց մուտքը երկիրը: «Ինձ հավաստիացրել էին, որ Չինաստանը կարագացնի իր ներքին գործընթացները՝ միջազգային մասնագետների մուտքն անհապաղ ապահովելու համար», - ասել է Գեբրեյեսուսը, ով անցած ամիսներին դրվատանքի խոսքեր էր հնչեցնում Սի Ծինփինի վարչակազմի հասցեին՝ «վարակի դեմ հաջող պայքարի և դրա տարածումը կանխելու համար»։
Պաշտոնական Պեկինը, արձագանքելով միջազգային սկանդալին, հայտարարել է, թե ԱՀԿ-ի փորձագիտական խմբի այցի ժամկետների և ձևաչափի շուրջ բանակցությունները դեռևս շարունակվում են։ «Ծագման ուսումնասիրության խնդիրը անհավանական բարդ գործընթաց է։ Որպեսզի Չինաստանում ապահովենք փորձագիտական խմբի անխափան աշխատանքը, մենք պետք է անհրաժեշտ գործընթացներ իրականացնենք և համապատասխան քայլեր ձեռնարկենք», - այսօր հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Հուա Չունյինգը։
Ըստ Չինաստանի իշխանությունների պաշտոնական վարկածի՝ կորոնավիրուսի առաջին դեպքը հայտնաբերվել է Վուհանի մսի շուկաներից մեկում, որտեղ էլ փոխանցվել է մարդուն և տարածվել։ Բազմաթիվ մասնագետներ, ինչպես նաև մի շարք երկրների հատուկ ծառայություններ, մինչդեռ, կասկածներ ունեն, որ COVID-19-ը սկիզբ է առել ոչ թե այդ շուկայում, այլ շուկայից քիչ հեռու գործող բիոլաբորատորիայում ու տարածվել մարդկային սխալի պատճառով: Քննարկումներն ու կասկածները է՛լ ավելի էին թեժացել, երբ հեղինակավոր The Washington Post-ը գրել էր, թե կորոնավիրուսի համաճարակի բռնկումից երկու տարի առաջ դեռ Չինաստանում աշխատող ամերիկացի դիվանագետները ներքին խողովակներով երկու անգամ նամակ են ուղարկել Վաշինգտոն ու ահազանգել` Վուհանի բիոլաբորատորիայում, որտեղ վտանգավոր փորձարկումներ են իրականացվում, անվտանգության պատշաճ նորմերը չեն պահպանվում:
Անցած տարվա մայիսին աշխարհի ավելի քան հարյուր երկրներ կոչ արեցին կորոնավիրուսի ծագման հարցով անկախ քննություն սկսել։ Ընդ որում, շատերը պնդում էին, որ իրականությունը պարզելու գործը չպետք է վստահել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, որը շարունակաբար գովեստի խոսքեր է հնչեցնում Չինաստանի հասցեին: Պեկինը, սակայն, համաձայնեց համաճարակի շուրջ անկախ հետաքննությանը՝ պայմանով, որ այդ աշխատանքը գլխավորի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
Համաճարակից աշխարհում ամենաշատը տուժած Միացյալ Նահանգները որևէ կերպ չէր աջակցել վարակի ծագման շուրջ անկախ հետաքննություն անցկացնելու գաղափարին: Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե Վաշինգտոնն ինքը կփորձի պարզել, թե որքանով են հիմնավոր պնդումները, որ կորոնավիրուսը ոչ թե կենդանուց է մարդկանց փոխանցվել, այլ սկիզբ է առել Վուհանի բիոլաբորատորիայում։
Թրամփը բազմիցս Չինաստանին մեղադրել է նաև վարակի մասին փաստերը կոծկելու մեջ, ինչն էլ, նրա կարծիքով, դարձել է համաճարակի պատճառ, իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ըստ ամերիկյան իշխանությունների, օգնել է Պեկինին թաքցնել կորոնավիրուսի բռնկումը: Այս կասկածները հիմք ընդունելով՝ Սպիտակ տան ղեկավարը համաճարակի տարածման ամենաթեժ պահին սառեցրեց ԱՀԿ-ին հատկացվող ֆինանսական օգնությունը: