Մատչելիության հղումներ

Կորոնավիրուս. 5 հարցեր, որ դեռ անպատասխան են


COVID-19-ը շնչառակա՞ն, թե՞ անոթային հիվանդություն է։ Ինչո՞ւ են որոշ երեխաներ ծանր տանում հիվանդությունը, երբ փոքրիկների մեծ մասի վրա այն չի ազդում։ Արդյո՞ք հիվանդությունը երկարաժամկետ հետևանքներ է թողնում մարդու օրգանիզմի վրա։ Սրանք այս նոր և խորհրդավոր հիվանդության վերաբերյալ բազմաթիվ անպատասխան հարցերից մի քանիսն են։

Չինաստանի Ուհան քաղաքի իշխանություններն այս նոր ու տարօրինակ հիվանդության տարածման մասին առաջին անգամ հայտարարեցին 2019 թվականի դեկտեմբերին։

Հենց դեկտեմբերից գիտնականները սկսեցին ուսումնասիրել նոր կորոնավիրուսը։ Բայց շատ հարցեր դեռ անպատասխան են մնում։

Ինչպե՞ս է COVID-19-ը ազդում օրգանիզմի վրա

Ի սկզբանե թվում էր, թե COVID-19-ը գրիպի նման շնչառական հիվանդություն է։ Բայց ծանր դեպքերը բուժելիս բժիշկները նկատում էին, որ այն ազդում է ուղեղի, սրտի, երիկամների և մարսողական համակարգի վրա։ Շատ հիվանդների մոտ առաջանում էին արյան թրոմբեր, որոնք կարող են ինսուլտի և սրտի կաթվածի պատճառ դառնալ։

«Մենք տեսնում ենք ինսուլտի բարձր հակվածություն... Մենք թրոմբեր ենք հայտնաբերում, ավելի հաճախ՝ ոտքերի երակներում։ Մենք դեռ շատ բան պիտի սովորենք COVID-ի մասին: Մինչև հիմա ամեն ինչ չէ, որ հասկանալի է մեզ համար։ Նույնիսկ երիտասարդ հիվանդներ ենք ունեցել, որոնց մոտ ինսուլտը COVID-19 հիվանդության՝ առաջին ախտանշանն է եղել», - ասել է Սինայի լեռան առողջապահական համակարգի փոխնախագահ, նյարդավիրաբուժության պրոֆեսոր դոկտոր Ջ. Մոկկոն։

Որոշ հիվանդների մոտ վիրուսը էնցեֆալիտ՝ ուղեղի բորբոքում է զարգացրել։ Դեռ հասկանալի չէ, թե արդյոք արյան շրջանառության վրա ազդեցությունը առաջացնո՞ւմ է մի շարք այլ ախտանշաններ, թե՞ վիրուսը ուղղակիորեն ազդում է տարբեր օրգանների վրա։

Ինչո՞ւ է COVID-19-ը այլ կերպ ազդում երեխաների վրա

Ընդհանուր առմամբ երեխաները COVID-19 հիվանդությունը ավելի թեթև են տանում, քան մեծահասակները։

«Մեր ունեցած տվյալները այս պահին թույլ են տալիս ենթադրել, որ երեխաները ավելի քիչ են այն տարածում, նույնիսկ եթե վարակվել են, և անշուշտ նրանք հիվանդությունը ավելի թեթև են տանում», - նշել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր գիտնական Սումյա Սվամինաթան։

Բայց երեխաների շրջանում ևս գրանցվել են շատ ծանր դեպքեր, որոնք իրար շատ նման են։ Բժիշկները այն անվանում են COVID-19-ի հետ հնարավոր կապ ունեցող «մանկական բազմաօրգան բորբոքային սինդրոմ»։

«Մենք դա անվանում ենք բորբոքային սինդրոմ, որի ժամանակ լինում է տենդ, ցան, հաճախ տհաճ զգացողություն որովայնի շրջանում, փսխումներ, և արտաքինից էլ շատ հիվանդ տեսք են ունենում։ Եվ պատճառը, որ նրանք հայտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, նաև այն է, որ այդ սինդրոմը շոկ է առաջացնում օրգանիզմում», - ասել է մանկական ռեանիմացիոն խնամքի փորձագետ Սթիվեն Քերնին։

Այս սինդրոմը շատ հազվադեպ է հանդիպում, և դրա կապը COVID-19-ի հետ դեռ այնքան էլ լավ ուսումնասիրված չէ։ Կա մի տեսություն, որ որոշ երեխաների իմունային համակարգը չափազանց ագրեսիվ է պատասխանում կորոնավիրուսին։

Ինչպե՞ս է տարածվում կորոնավիրուսը

Դեռ հայտնի չէ, թե արդյոք վարակը հիմնականում տարածվում է փռշտոցից և հազից առաջացած կաթիլների, թե՞ շնչելու և խոսելու ընթացքում արտազատվող փոքր մասնիկների միջոցով։

Նոր ապացույցներ կան վարակի կլաստերների մասին, որոնց անվանում են «գերարագ տարածումներ»։

Մի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հիվանդների ընդամենը 20 տոկոսը պատասխանատու է նոր վարակների 80 տոկոսի համար։ Բայց հայտնի չէ` արդյո՞ք որոշ հիվանդներ ավելի վարակիչ են, կամ արդյո՞ք որոշակի աշխատավայրեր կամ սոցիալական միջավայրեր են «մեղավոր» տարածման համար։

Արդյո՞ք վիրուսը բուժված հիվանդների օրգանիզմի վրա երկարաժամկետ հետևանքներ է թողնում

Քանի որ COVID-19-ը նոր հիվանդություն է, երկարաժամկետ արդյունքների մասին տեղեկատվություն չկա։

Որոշ հիվանդներ ապաքինումից շաբաթներ անց էլ հոգնածություն ու շնչարգելություն են ունենում։

«COVID-19 համավարակի հետևանքով մենք կունենանք ապաքինվածների մի մեծ խումբ, որոնք կունենան մի շարք բարդություններ, օրինակ, շնչառական համակարգի, այսինքն թոքերի խնդիրներ, ինչպես նաև հոգեբանական խնդիրներ՝ կապված սուր հիվանդությունից ապաքինվելու հետ։ Անորոշ է COVID-19-ից ապաքինվածների տոկոսը, որոնց մոտ կզարգանան այս բարդությունները։ Բայց հույս ունենք, որ որոշ ժամանակ անց ավելի լավ կուսումնասիրենք և ավելի լավ կբնութագրենք դա», - նշել է Էմորի համալսարանի վարակիչ հիվանդությունների մասնագետ Դոկտոր Ջեյ Վարքեյը:

Արհեստական շնչառություն սարքին միացված լինելը լրացուցիչ ռիսկի գործոն է։

Ապաքինվածների մոտ կարող են վնասված լինել թոքերն ու երիկամները։

Արդյո՞ք մարդիկ կարող են COVID-19-ի հանդեպ իմունիտետ ձեռք բերել

Հիվանդների իմունային համակարգը արտադրում է հակամարմիններ, որոնք պայքարում են կորոնավիրուսի դեմ։ Բայց ոչ ոք չգիտի, թե որքան ժամանակ են դրանք պահպանվում կամ որքանո՞վ են պաշտպանում կրկին վարակվելուց։ Դեռ շատ վաղ է ասել, որ բուժված հիվանդները կարող են անտեսել սոցիալական հեռավորության կանոնները։

«Գրեթե միանշանակ է, որ դուք ցկյանս իմունիտետ ձեռք չեք բերի: Այնպես որ, հակամարմինների թեստի հիման վրա ձեռք բերված այսպես կոչված «իմունիտետի անձնագիրը» այսօր չի երաշխավորում, որ երեք, չորս, հինգ տարուց հետո դուք այդ իմունիտետը դեռ կունենաք», - հայտնել է Արևելյան Անգլիայի համալսարանի բժշկագիտության պրոֆեսոր Փոլ Հանթերը:

Իմունիտետի տևողությունը կորոշի, թե պատվաստանյութը որքան ժամանակի համար պաշտպանություն կապահովի։ COVID-19-ի այս և այլ բազմաթիվ ասպեկտների վերաբերյալ վերջնական պատասխաններ գտնելու համար ավելի շատ ժամանակ և հետազոտություններ են անհրաժեշտ։

XS
SM
MD
LG