Մատչելիության հղումներ

Գեբրեյեսուսն անընդունելի է համարում Փոմփեոյի՝ ԱՀԿ-ի անկախությունը հարցականի տակ դնող մեկնաբանությունը


ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուս, արխիվ
ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուս, արխիվ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) անընդունելի և սխալ է համարում իր անկախությունը կասկածի տակ դնելու՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոյի մեկնաբանությունը և հայտարարում, թե կազմակերպությանը ոչինչ չի շեղի կորոնավիրուսի դեմ պայքարից։

ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը քննադատությունների է ենթարկվում հատկապես ԱՄՆ-ի ղեկավարների կողմից: Նախագահ Դոնալդ Թրամփի պնդմամբ՝ կազմակերպությունը պաշտպանում և սպասարկում է Չինաստանի շահերը, ժամանակին չի նախազգուշացրել կորոնավիրուսի տարածման վտանգների մասին։

Պետքարտուղար Մայք Փոմփեոն շաբաթվա սկզբին այցելել էր Լոնդոն, հանդիպել Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի, արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբի հետ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը Ժնևում երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե երեքշաբթի օրը Փոմփեոյի արած մեկնաբանությունն անընդունելի է:

Մեկնաբանություններն իրականությանը չեն համապատասխանում, անընդունելի են և որևէ հիմնավորում չունեն, պնդել է Գեբրեյեսուսը: Նրա խոսքով՝ կազմակերպության միակ նպատակը մարդկանց կյանքեր փրկելն է: «Այդ մեկնաբանությունները ԱՀԿ-ին չեն շեղի իր ճանապարհից, մենք ցանկանում ենք, որ միջազգային հանրությունը նույնպես չշեղվի», - ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը:

Նա նշել է, որ կազմակերպության դիտարկմամբ՝ կորոնավիրուսի բոլոր դեպքերի երկու երրորդն ընկնում է 10 երկրի վրա. - «Չնայած բոլոր երկրները տուժել են, մեր դիտարկմամբ՝ վիրուսն ակտիվորեն տարածվում է փոքր խմբի երկրներում, մոտավորապես 10 միլիոն դեպքերը՝ մինչև հիմա հաստատված դեպքերի 2/3-ը ընկնում են 10 երկրի վրա, իսկ այսօրվա հայտարարված դեպքերի մոտավորապես կեսն արձանագրվել է երեք երկրում»։

ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների տնօրեն Մայք Ռայանը նշել է, որ լոքդաունից դուրս եկող երկրներն անխուսափելիորեն հանդիպում են վարակի դեպքերի աճին, ինչպես տեղի ունեցավ Իսպանիայում։

Թեդրոս Գեբեյեսուսն, իր հերթին, ավելացրել է, որ եթե դեպքերը նվազել են, դա չի նշանակում, որ կարելի է կորցնել զգոնությունը։

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերն անցել են 15,6 հազարը

Այսօրվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսի դեպքերն անցել են 15 միլիոն 600 հազարը, վարակվածներից ավելի քան 600 հազարը մահացել է, 9 միլիոն 500 հազարից ավելին՝ ապաքինվել:

Վիրուսի ամենաբարձր թիվը Միացյալ Նահանգներում է, որտեղ ամենաշատ թեստերն են անցկացվում: ԱՄՆ-ում վարակվածների թիվն անցավ 4 միլիոնի շեմը:

Միացյալ Նահանգներում առաջին դեպքն արձանագրվել է հունվարի 21-ին, վարակվածների թիվը հասել է 14 միլիոնի երեք ամսվա ընթացքում, իսկ 2 միլիոնի՝ 43 օրվա ընթացքում, չորս շաբաթ անց վարակվածների թիվը դարձել է 3 միլիոն և ընդամենը 15 օրվա ընթացքում հասել է 4 միլիոնի:

Վարակվածներից ավելի քան 147 հազարը մահացել է, մոտավորապես 2 միլիոնը բուժվել է, շարունակում է բուժում ստանալ 2 միլիոնը:

Անցած մեկ օրում, ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների, Միացյալ Նահանգներում հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 84 հազար 500 նոր դեպք:

Եվրոպական որոշ երկրներում ևս կորոնավիրուսի աճ է նկատվում կարանտինային սահմանափակումները վերացնելուց հետո:

Իսպանիայում անցած մեկ օրում՝ 971 նոր վարակակիր: Իսպանիան կորոնավիրուսից տուժած եվրոպական երկրներից մեկն է, որտեղ ընդհանուր առմամբ արձանագրվել է 300 հազարից ավելի դեպք:

Ֆրանսիայում վերջին 24 ժամվա ընթացքում 1000-ից ավելի թեստերի պատասխանները դրական են եղել, Առողջապահության նախարարության շաբաթական ամփոփումը վկայում է, որ նախորդ շաբաթվա համեմատ Ֆրանսիայում կորոնավիրուսի դեպքերն աճել են 26 տոկոսով: Այստեղ վարակվածների ընդհանուր թիվը մոտենում է 180 հազարին, նրանցից ավելի քան 30 հազարը մահացել է:

Covid-19-ի նոր բռնկումները երկրի արևմտյան շրջաններում են, որոշ քաղաքներում այսօրվանից դիմակ կրելը պարտադիր է:

Անցած երկուշաբթի՝ հուլիսի 20-ին, Ֆրանսիան որոշել էր դիմակ կրելը պարտադիր դարձնել փակ տարածքների համար, բայց տեղական իշխանությունները, հաշվի առնելով իրենց մոտ տիրող իրավիճակը, պահանջները կարող են ավելի խստացնել՝ դիմակ կրել նաև բաց տարածքներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG