Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նստաշրջանը:
Մի շարք հարցերի թվում Ազգային ժողովը կքննարկի նաև «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերն ու փաթեթները:
Ազգային ժողովի օրակարգում է նաև ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու հարցը:
Նախաձեռնությունն Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներինն է։ Որպես հիմնավորում, «Իմ քայլի» նախագծում նշված է, որ նման բառապաշարով հանդես եկող անձը չի կարող կատարել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները։
Իմքայլականները մասնավորապես մեջբերում են Նաիրա Զոհրաբյանի՝ օրերս ֆեյսբուքում կատարած հետևյալ գրառումը․ - «Ես ժեխին հայրենիք չեմ տալու։ Ժեխն իմ երկրում այլևս ոչինչ չի որոշելու: Ու եթե պետք լինի, այո, մինչև կրթական որոշակի ցենզի հասնելը, ժեխին պիտի զրկել որևէ կարգի որոշում կայացնելու և առաջին հերթին՝ ընտրելու իրավունքից: Ու բռնի ուժով տանել կրթելու: Սա այլևս տեսակի կռիվ է՝ ժողովրդի ու ժեխի կռիվ. Ո՞ր տեսակը կհաղթի՝ էնպիսի պետություն էլ կունենանք»։
Նաիրա Զոհրաբյանը չի ընդունում մեղադրանքներն՝ ընդդծելով՝ սա քաղաքական հետապնդում է անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից։