Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրների ակցիան ԱԺ շենքի մոտ ընթանում է միջադեպերով


ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյան
ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյան

Ազգային ժողովի արտահերթ նիստին զուգահեռ խորհրդարանի շենքի մոտ մեկնարկել է ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիան։

ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ պատգամավորներից պահանջում են «վարչապետի աթոռը գրկած մարդուն անվստահություն հայտնել»։

«Այսօր Ազգային ժողովի վերջին նիստն է, և եկել ենք պատգամավորներին ներկայացնելու այն պահանջները, որ կան՝ ռազմական դրության վերացում, որն այլևս դարձել է իշխանությունների ձեռքի գործիք և մեկ նպատակ է հետապնդում՝ օրենքի շրջանակներում բացառել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը և պահանջ ներկայացնել պատգամավորներին ՀՀ վարչապետի աթոռը գրկած մարդու նկատմամբ անվստահություն հայտնել»,- ասաց Մանուկյանը։

Ակցիայի ընթացում միջադեպեր են գրանցվել իմքայլական պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի, Սիսակ Գաբրիելյանի և ցուցարարների միջև։

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ ցուցարարները խոչընդոտում են պատգամավորների մուտքը խորհրդարան։

Նա Ազգային ժողովի ամբիոնից դիմեց Ոստիկանության պետին և ԱԱԾ տնօրենին՝ կոչ անելով շատ արագ վերականգնեն Երևան քաղաքում հասարակական կարգը։

«Այսօր առավոտյան մի շարք սադրիչներ՝ ունենալով անձնական շահեր, փակել են Ազգային ժողովի մուտքերը և սադրանքներ են գործել մի շարք պատգամավորների՝ մուտք գործելու ժամանակ։ Ես դիմում եմ Երևան քաղաքի ոստիկանութան վարչության պետին, խնդրում, հորդորում ու պահանջում եմ որպեսզի շատ արագ Երևան քաղաքում վերականգնվի հասարակական կարգը այլապես սա կբերի վատ զարգացումների», - հայտարարեց Սարգսյանը։

Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նստաշրջանը: Մի շարք հարցերի թվում Ազգային ժողովը կքննարկի նաև «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերն ու փաթեթները: Օրակարգում է նաև ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG