Մատչելիության հղումներ

Մինչև նոր կառավարություն չստեղծվի, ընտրությունների մասին խոսել անիմաստ է, ընդգծում է Վազգեն Մանուկյանը


Ամեն օր անհնազանդության ակցիաներ լինելու են, մինչև Նիկոլ Փաշինյանը չհեռանա, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ընդդիմադիր 17 ուժերի՝ ժամանակավոր կառավարության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: «Այն, ինչ որ արվեց, ներել հնարավոր չի, և այն, ինչ որ շարունակվում է, ամեն օրը կործանարար է երկրի համար», - կարծում է Մանուկյանը:

Վերջինս նշեց` Նիկոլ Փաշինյանն ուզում է դաշտը բաժանել 2 թևի` կուսակցություններ, որոնք ուզում են գնալ արտահերթ ընտրությունների, և նրանց, ովքեր չեն ուզում: Մանուկյանը վստահ չէ, որ գործող վարչապետը կգնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների. «Մենք հստակ ասել ենք` ոչ մի ընտրություն Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ չի կարող լինել Հայաստանում: Նախ և առաջ պետք է ինքը հեռանա, ձևավորվի կառավարություն, որը ինչ-որ ժամանակում` նախատեսված է մեկ տարի, գոնե մի քիչ ուշքի բերի, բարձրացնի մարտունակությունը մեր բանակի, գնա բանակցությունների` կամ եռակողմ, կամ Ադրբեջանի հետ սահմանների վերաբերյալ որովհետև այն, ինչ կատարվում է, խայտառակություն է, մենք շարունակում ենք տալ ու տալ: Մինչև նոր կառավարություն չստեղծվի, ընտրությունների մասին խոսել անիմաստ է», - հայտարարեց ընդդիմադիրների վարչապետի թեկնածուն:

Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետ Փաշինյանը խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրել է խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։

Հավելենք, որ Ազգային ժողովի արտահերթ նիստին զուգահեռ առավոտից խորհրդարանի շենքի մոտ մեկնարկել է ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիան։

ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանն «Ազատության»-ը փոխանցել է, որ պատգամավորներից պահանջում են «վարչապետի աթոռը գրկած մարդուն անվստահություն հայտնել»։

XS
SM
MD
LG