Մատչելիության հղումներ

Ռուբինյանը քաղաքագիտական աբսուրդ է որակում այն, որ ընդդիմադիրներն արտահերթ ընտրություններ չեն պահանջում


«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն «Ազատության» հետ զրույցում անդրադառնում է վարչապետ Փաշինյանի հրաժարականի կոչերին:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն» - Ինչո՞ւ են արտահերթ ընտրությունների մասին միայն ակնարկներ արվում, որ կտրվի ժողովրդի կամարտահայտության հնարավորություն, և չեն հնչում ժամկետներ, հավաստիացումներ, որ անպայման դրանք կանցկացվեն, համբերեք, իրավիճակը կայունացնենք:

Ռուբեն Ռուբինյան - Մենք ոչ մի ակնարկ չենք արել կամ չարել այսքան ժամանակ, վարչապետը ներկայացրել է ճանապարհային քարտեզ վեցամսյա, որի մեջ ուրվագծվում է իր ու մեր քաղաքական ուժի տեսլականը` ստեղծված իրավիճակի հանգուցալուծման կամ կառավարման, այդ թվում` այո, այդ ճանապարհային քարտեզում խոսք կա նաև ժողովրդի կամարտահայտման հնարավորությունը երաշխավորելու վերաբերյալ: Իհարկե, նաև ոչինչ քարի վրա գրված չէ այն առումով, որ տարբեր իրավիճակներ տարբեր լուծումներ են ենթադրում, բայց եթե ավելի կոնկրետացնենք մեր խոսակցությունը, եթե Ձեր հարցը հետևյալն է` արդյոք պատրաստվո՞ւմ եք անել արտահերթ ընտրություններ կամ չեք պատրաստվում, կամ եթե պատրաստվում եք, ինչո՞ւ չեք ասում, կա կոնկրետ իրավիճակ` Հայաստանը նոր է դուրս եկել պատերազմից դրանից բխող տարբեր հետևանքներով, և հիմա համար մեկ խնդիրը կայունացումն է, ընդ որում և՛ ներքին կայունացումը, բայց առաջին հերթին արտաքին անվտանգային առումով կայունացումը:

Ես անձամբ, օրինակ, սկզբունքորեն դեմ չեմ արտահերթ ընտրությունների գաղափարին, բայց դա կախված է ընդհանուր իրավիճակից, և բացի սա, այս համատեքստում մի շատ հետաքրքիր հանգամանք էլ կա, որ ըստ էության, այն ընդդիմադիր ուժերը, որ իրենց հռչակել են առնվազն առաջամարտիկները ընդդիմադիր պայքարի հիմա Հայաստանում, չեն պահանջում արտահերթ ընտրություններ: Ես կարծում եմ` դա քաղաքագիտական աբսուրդ է:

«Ազատություն» - Դուք ասեք` ինչո՞ւ չեք նշանակում արտահերթ ընտրություններ:

Ռուբեն Ռուբինյան - Ես արդեն պատասխանեցի Ձեր հարցին: Ընդհանուր առմամբ եթե կան ուժեր, ընդդիմադիր ուժեր, որոնք կարծում են, որ այդպիսի օրակարգ կա, կամ որոնք ունեն այդպիսի օրակարգ կամ ունեն փաստարկներ, մենք պատրաստ ենք քննարկել իրենց հետ նման օրակարգեր, բայց ի վերջո արտահերթ ընտրություն անցկացնելը կամ չանցկացնելը, կարծում եմ` կհամաձայնեք, որ այդպիսի որոշումը ժողովրդավարական երկրում ենթադրում է ոչ միայն իշխանության որոշումը, այլ նաև որոշակի քննարկում քաղաքական ուժերի միջև:

Բայց վերադառնալով իմ ասելիքին` մենք հիմա գործ ունենք քաղաքական աբսուրդի հետ, երբ որ այն ուժերը, որ պահանջում են վարչապետի հեռացում, չեն պահանջում արտահերթ ընտրություններ: Ինչո՞ւ: Պատասխանը մեկն է և ակնհայտ է, այդ ուժերը ինչպես նախկինում ժողովրդին չեն համարել որոշող, այնպես էլ հիմա ժողովրդին չեն համարում որոշող: Նրանք շատ լավ գիտեն, որ իրենց չեն ընտրելու բավարար քանակով քաղաքացիներ, որպեսզի իրենք նույնիսկ խորհրդարանում հայտնվեն, և հետևաբար իրենք անում են այն, ինչ անում են:

«Ազատություն» - Պարոն Ռուբինյան, իրենք էլ հակառակն են ասում, որ այդ դուք վստահ չեք, որ ընտրվելու եք, դրա համար էլ վարչապետը հրաժարական չի տալիս, անպայման ուզում եք դուք անցկացնել արտահերթ ընտրությունները, որ կեղծեք, 2 տարի առաջ մեծ վարկանիշ ունեիք, չեք կեղծել, հիմա կկեղծեք:

Ռուբեն Ռուբինյան - Ես կարծում եմ` դա ևս մեկ քաղաքագիտական աբսուրդ է, որովհետև եթե նայենք Հայաստանի վերջին տասնամյակների բոլոր ընտրություններին, որոնք բոլորը կեղծված են եղել, բացառությամբ, եթե նայենք 90-ականների առնվազն կեսից մինչև այս պահը, բոլոր ընտրությունները կեղծված են եղել, բացառությամբ 99 թվականի խորհրդարանի, և միակ ընտրությունները, որոնք կեղծված չեն եղել, եղել է վարչապետ Փաշինյանի վարչապետության օրոք:

«Ազատություն» - Որովհետև դրա կարիքը չի եղել, պարոն Ռուբինյան:

Ռուբեն Ռուբինյան - Եվ շատ տարօրինակ է, որ կեղծված ընտրությունների ժամանակ իշխանության եղած ԲՀԿ, ՀՅԴ, ՀՀԿ և այլ մերձակա շրջանակների տրամաբանությամբ վարչապետ Փաշինյանի վարչապետության օրոք ընտրությունները պիտի կեղծվեն, իսկ իրենց իշխանության օրոք չպիտի կեղծվեն: Դա պրակտիկորեն ապացուցված փաստ է, որ իրականում ամեն ինչ հակառակն է:

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այստեղ.

XS
SM
MD
LG