Սյունիքի սահմանային գոտում Ադրբեջանի հետ ընթացող աշխատանքները չեն նշանակում, թե տեղի է ունենում սահմանների դեմարկացիա՝ սահմանազատում, այլ այս փուլում տեղի է ունենում սահմանային որոշակի կետերի տեղորոշում, այսօր կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սյունիքի և ընդհանրապես Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ընդունված, ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի եղել և չի կարող լինել, մյուս կողմից սա չի նշանակում, թե այս պրոցեսները պետք է համարել սահմանների դեմարկացիա և սահմանների դելիմիտացիա: Դրանք բոլորովին տարբեր հարցեր են, այս փուլում տեղի է ունենում սահմանային որոշակի կետերի տեղորոշում, որի օպերատիվ նպատակն անվտանգության ապահովումն է: Այսինքն այդ տեղորոշումներն իրականացնել այնպես, որ անվտանգության որոշակի համակարգ գործի և այդ անվտանգության համակարգը լինի գործուն», - նշեց Փաշինյանը:
Արցախյան 44-օրյա պատերազմին հաջորդած նոյեմբերի 9-ի եռակողմ՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների հայտարարության համաձայն, հայկական զինված ուժերը դեպի Հայաստանի Հանրապետության սահման հետ քաշվեցին Կուբաթլուի, Զանգելանի շրջանների այն հատվածներից, որոնք շարունակում էին գտնվել հայկական ուժերի վերահսկողության ներքո։ Արդյունքում, Սյունիքի մարզի մի քանի բնակավայրեր, ինչպես օրինակ՝ Արավուս, Որոտան, Շուռնուխ գյուղերը, Կապան քաղաքը, դարձան սահմանամերձ, իսկ Գորիս-Կապան հիմնական ավտոմայրուղու որոշ հատվածներ անցան Ադրբեջանի տիրապետության ներքո։ Սա դժգոհության ալիք բարձրացրեց մարզում։
«Իհարկե, այնտեղ երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր, մեկը Սյունիքի մարզի Որոտան բնակավայրի մասին է, երկրորդը Շուռնուխ բնակավայրի մասին է, որտեղ կան որոշակի սահմանային հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում և այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել, բայց ես նաև ուզում եմ հավաստիացնել, որ բոլոր այն պարագաներում, եթե մեր քաղաքացիների շահերի տեսանկյունից որոշակի հարցեր կառաջանան, կառավարությունը լիարժեքորեն համարժեք փոխհատուցումներով հանդես կգա և մեր քաղաքացիների շահերը լիարժեք կլինեն պաշտպանված», - հայտարարեց Հայաստանի վարչապետը:
«Այս համատեքստում շատ մեծ է ապատեղեկատվական արտահոսքը, որովհետև մի դեպքի վերաբերյալ կարող են լինել հարյուրավոր հրապարակումներ՝ տարբեր դրվագներով, և այդ հարյուրավոր հրապարակումներից համապատասխան մասշատաբային տպավորություն ստեղծվի», - շարունակեց Փաշինյանը` միաժամանակ ընդգծելով, որ կառավարությունը սանտիմետրերի ճշգրտությամբ գիտի, թե սահմանի որ հատվածներում կարող են խնդիրներ ծագել։
Վարչապետի այսօրվա հայտարարությունից հետո հարցեր են առաջանում՝ եթե տեղի ունեցողը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի դեմարկացիա, դելիմիտացիա չէ, ե՞րբ է նախատեսվում այն սկսել և ի՞նչ մեթոդով է արվելու։ Պատասխանը ստանալու համար «Ազատությունը» հարցում է ուղարկել վարչապետի աշխատակազմ, Արտգործնախարարություն և Ազգային անվտանգության ծառայություն։
Վարչապետի հայտարարության վերաբերյալ ԱԱԾ-ից այսօր «Ազատությանը» փոխանցեցին. «Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից նշված հատվածում իրականացվում են օրենքով վերապահված գործառույթներ, որոնց մանրամասների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից սույն թվականի դեկտեմբերի 20-ին տարածվել է համապատասխան հաղորդագրություն։ Այս պահի դրությամբ հիշյալ հաղորդագրությանը հավելելու տեղեկատվություն առկա չէ»։
ԱԱԾ դեկտեմբերի 20-ի հաղորդագրությունը տեղեկացնում էր, որ «Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից, ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, իրականացվում են սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ: Հիշյալ գործընթացն ավարտվելու է առաջիկա օրերին, և տվյալ ճանապարհահատվածում լիարժեքորեն ապահովվելու է բնականոն ու անվտանգ երթևեկության կազմակերպումը»:
Ադրբեջանի հետ սահմանազատման թեմային այսօր Կառավարության շենքի մոտ կայացած բողոքի ակցիայի ժամանակ անդրադարձավ նաև ընդդիմադիր 17 ուժերի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Սյունիքը հիմա պահպանած կլինեինք ավելի շատ, եթե շուտ վերջացնեինք այս գործը, հիմա կուշացնենք, էլի բան կկորցնենք: Հիմա էլ պայմանագիր կկնքեն Ադրբեջանի հետ, որտեղ կֆիքսեն այդ սահմանները ու հետո մենք մեծ պրոբլեմ ենք ունենալու՝ այդ սահմանները հետ վերադարձնելու: Ամեն մի օր մի բան կորցնում ենք մենք: Պատերազմը շարունակվում է, էն ակտիվ ֆազան վերջացավ, հիմա էլ գնում է այդ սողացող օկուպացիան Հայաստանի», - ասաց Մանուկյանը:
Սահմանամերձ դարձած Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանն այսօր «Ազատությանը» հեռախոսով փոխանցեց, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի սահմանապահ ծառայությունների ներկայացուցիչներից կազմված մի խումբ էր օրերս գյուղում, որոնք «սահմանների տեղերն են որոշել ու գնացել»։
«Գյուղը բաժանվում է երկու մասի, մի փոքր հատված մնում է ճանապարհի՝ մայրուղու տակ, պետական մայրուղին, որ կա, որ գալիս ես, դրանից ձախ մասը իրանց GPS-ով ցույց է տվել, որ իրենցն է, էս արդեն քանի տարի է տենց ցույց է տալիս», - նշեց Արշակյանը:
«Ազատության» հարցին՝ այսինքն գյուղի մի մասը, ըստ այդ սահմանազատման, անցնելու է Ադրբեջանի՞ն, գյուղապետը պատասխանեց. «հա, դե տենց են ասում»:
Իսկ այդ հատվածի բնակիչները շարունակո՞ւմ են այնտեղ ապրել, Հակոբ Արշակյանը պատասխանեց. «Բա ինչ են անում, ապրում են, իրանց զենքերը ձեռքները, իրանց տներում»:
Հարցին էլ՝ մարդիկ մտադի՞ր են դուրս գալ, գյուղապետն արձագանքեց. «Չէ, ընդհակառակը՝ լրացուցիչ ուժեր ենք խնդրում, որ գան»: