Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները մտադիր են վաղը շրջափակել Կառավարության շենքը՝ բոլոր կողմերից


Վաղը ժամը 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերը շրջափակելու են Կառավարության շենքը՝ բոլոր կողմերից, այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին հայտարարեց Դաշնակցության ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը:

«Նրանց նիստերը վաղուց արդեն կոպեկի արժեք չունեն, նրանք չպետք է վաղը կայացնեն կառավարության նիստ: Նիկոլ Փաշինյանը վաղը պետք է զրկվի իբրև վարչապետ կառավարության նիստ անելու հնարավորությունից», - հայտարարեց Մանուկյանը:

Ընդդիմության հանրահավաքին այսօր մասնակցում էր նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Ասաց, որ պաշտպանում է ընդդիմադիրների վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: Օհանյանը, որը Շուշիում է եղել, ասաց նաև՝ այս պատերազմում հայկական բանակը չի պարտվել, պարտվել է իշխանությունն իր անգրագետ գործողություններով։

«Պարտվել է իշխանությունը իր կողմից ճիշտ չգնահատված ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը և ուժերի ու միջոցների ճիշտ չդասավորելով: Մենք ունեցել ենք առաջին գծում 283 կմ կահավորված ինժեներական սարքավորումներ և միայն երկու վայրում մոտավորապես 20 կմ-ում է եղել ճեղքվածք՝ մխրճում հակառակորդի կողմից, և մենք պարտավոր էինք, և ես համոզված եմ, որ կարող էինք այնպես անել, որ այդ մխրճված հատվածում հակառակորդը հանկարծ չկարողանար խորանալ, հատկապես լեռնաանտառային պայմաններում», - նշեց Օհանյանը:

Պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ այս կառավարությունը բոլոր ոլորտներում ձախողել է. «Մենք ձախողեցինք արտաքին քաղաքականությունը, խնամի, ծանոթ, բարեկամ գաղափարով նշանակումներն այս ժամանակահատվածում ավելացել են: Հարգելի հայրենակիցներ, աննպատակ, անփորձ մարդկանց նշանակումները ավելացել են այս 2,5 տարվա ընթացքում, չեն կարող մանրախնդիր մարդիկ լինեն պետության ղեկավարներ, իսկ մանրախնդիր են միայն անփորձները: Փորձառու մարդիկ են լինում մեծահոգի, որոնք որ շանս են տալիս բոլորին զարգանալու: Տեսեք՝ ինչ է կատարվում, ազատ խոսքի իրավունք ունի յուրաքանչյուրը, հենց մեկ մի հատ ազատ խոսք ասաց, միանգամից մեր իրավապահ մարմինները կանչում են տարբեր իրավական գործընթացների մեջ ներառելու համար: Մեզ պետք են փորձառու մարդիկ, իսկ այդ փորձը հենց այնպես չի առաջանում, այդ փորձը 2,5 տարվա ընթացքում չեն ստեղծում, չեն ունենում: 2,5 տարվա ընթացքում միայն կարելի է փոխադրվել բարձրագույն ուսումնական հաստատության երրորդ կուրս: Մենք շատ դեպքերում գործ ունենք երրորդ կուրսի ուսանողների հետ, ապիկար, անտաղանդ, անգրագետ աշխատանքի արդյունքում է, որ նույնիսկ այս 2,5 տարի աշխատանքի մեջ ունենալով նաև որոշակի դրական բաներ, նրանք չեն կարողանում այդ դրականը գեներացնել մեր ժողովրդի մեջ»:

Այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր ֆեյսբուքյան գրառում արել, թե «ապագայի վերաբերյալ խոսակցությունը այսօրվա ամենակարևոր հարցերից է, նույնիսկ ընթացիկ հարցերի լուծման տեսանկյունից»։ «Ցանկացած հարց ունի լուծման մի քանի տարբերակներ, որոնց միջև երբեմն անհնար է ընտրություն կատարել, եթե չես կողմնորոշվել, թե ինչ ապագա ես տեսնում, ինչ ապագա ես ուզում կառուցել: Հանրային-քաղաքական դիսկուրսը օր առաջ պիտի տեղափոխվի հենց այս հարթություն», - եզրակացրել է վարչապետն՝ առանց մանրամասնելու՝ ի՞նչ խոսակցություն նկատի ունի և ո՞ւմ հետ է պատրաստվում անցկացնել այն։

Արձագանքելով վարչապետի այս գրառմանը՝ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ասաց. «Իրականում մենք պետք է բոլորս մտածենք ապագայի մասին, անելիքների մասին, մեր երկիրը դզելու մասին, մեր անվտանգության աստիճանը բարձրացնելու մասին, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի կոչով կամ նրա մասնակցությամբ»:

Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրներից ոմանք այսօր շարունակելու են գիշերել Հանրապետության հրապարակում։ Նախորդ գիշերը խաղաղ էր անցել, միջադեպ չէին գրանցվել։

XS
SM
MD
LG