Նիկոլ Փաշինյանն ինքը պետք է նախաձեռնի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հանրապետություն կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:
Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն». - Կա՞ արդյոք վարչապետ Փաշինյանի օր առաջ հրաժարականի անհրաժեշտություն, ինչպես պնդում են փողոցային պայքար սկսած մի շարք ուժեր:
Արամ Սարգսյան. - Պատերազմի արդյունքները, դրա հետևանքները, բնականաբար, հանրության մոտ բազմաթիվ հարցեր են առաջացրել, որոնք նաև վստահության պակասի խնդիր են առաջացնում գործող իշխանությունների առումով, ողջ հայության էներգետիկան մի տեղ համախմբելու, ուղղորդելու առումով: Այս առումով, այո, ես կարծում եմ, որ քաղաքական խնդիրները քաղաքական գործընթացներով պիտի լուծվեն: Մենք գտնում ենք, որ վարչապետն ինքը Սահմանադրության տառին, կետին հետևելով պիտի նախաձեռնի գործընթացներ Ազգային ժողովի և նախագահի ինստիտուտի կիրառմամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որի ժամկետը հիմա արդեն պիտի հայտարարի, որ այս ժամկետին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Պիտի ասեմ խելամիտ ժամկետում, այդ մի քանի ամիսը կարող է լինել չորս ամիս, կարող է լինել վեց ամիս:
Ասեմ ավելին, այն ինչ որ ես ասում եմ, դա մաքսիմալ պետք է ձեռնտու լինի վարչապետին, որովհետև ինչքան այդ ժամկետը երկարաձգվի, այնքան ի վնաս իրեն է լինելու մի պարզ պատճառով՝ ունենք բացառիկ ծանր տնտեսական խնդիրներ, և խնդիրները շատ ծանր էին արդեն համավարակի՝ կորոնավիրուսի ժամանակ, սրան ավելացան պատերազմի խնդիրները, զոհվածների խնդիրները, հաշմանդամություն ստացածների, 50-60 հազար անտուն մնացած մարդկանց խնդիրները, սրան ավելացավ բարոյահոգեբանական իրավիճակը, սրան ավելացան այն խնդիրները, որոնք պատերազմից հետո քաղաքական առումով պետք է լուծվեն: Այս առումով ողջ հայության, յուրաքանչյուրս ներուժը, պոտենցիալը ամբողջությամբ դնելու պարագայում միևնույն է շատ բարդ է լինելու, որ մենք կարողանանք դա հաղթահարել: Դրա համար այս բողոքի ալիքը, դժգոհությունն իշխանությունից, անկախ նրանից՝ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, թե ով է, այդ ալիքն անընդհատ ավելանալու է, օր օրի ավելանալու է:
Պետք է ընդառաջ քայլեր անել բոլոր այն մարդկանց, ովքեր բողոքում են, ոչ թե խրամատների մեջ մտնել: Ցանկացած խրամատավորում երկիրը հետ է գցելու, միանշանակ:
«Ազատություն». - Վարչապետի պաշտոնում ինքն է մնո՞ւմ:
Արամ Սարգսյան. - Այդ խնդիրները վարչապետը նախագահի, Ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցությունների հետ թող քննարկի: Սահմանադրությամբ իրենք մաքսիմալ քվե են ստացել, ես երկու տոկոս քվե եմ ստացել, մեծ քվե ստացողներն այնտեղ են, թող իրենք քննարկեն, ընդհանուր հայտարարի գան: Ես չեմ կասկածում իրենցից որևէ մեկի սերն առ հայրենիք՝ ինձանից պակաս չի, ես չեմ կասկածում, որ էս մարդիկ բոլորն էլ հասկանում են, որ այն վիճակը, որում այսօր Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է ու առաջիկա վեց ամիսը այս պետության ամենադժվար վեց ամիսն է լինելու: Այդ մարդիկ պիտի միասնական, իրենց ստացած քվեն արդարացնեն ու ընդհանուր հայտարարի գան:
Եթե իրանք ընդհանուր հայտարարի կգան, որ վարչապետը մնում է ու ինքն է անցկացնում ընտրությունները ուղղակի փոխում է կազմը, թող այդպես անեն, եթե ընդհանուր հայտարարի չեն գա՝ վարչապետը հրաժարական է տալիս, նշանակում է, չգիտեմ, Ավինյանին, Պապիկյանին, ես որևէ դեմ բան չունեմ, բայց Սահմանադրությունը նման հնարավորություն է տալիս:
«Ազատություն». - Այդ համաձայնությունն առայժմ չկա, հակառակը՝ Ազգային ժողովում մեծությամբ երկրորդ խմբակցությունը՝ «Բարգավաճ Հայաստանը» Վազգեն Մանուկյանի թեկնածության շուրջ է այլ ուժերի հետ դաշինք կազմել: Ասում են, որ նա փորձառու մարդ է, հետագայում չի հավակնի պաշտոնի, այլ միայն այս անցումը կպահպանի:
Արամ Սարգսյան. - Ամենաքիչ էականը ապագա վարչապետի անուն-ազգանունի հարցն է: Ես հասկանում եմ, թե 16-ը ինչու է այսօր անուն ասում, որովհետև ասում էին՝ եթե ոչ Նիկոլ Փաշինյանը, ապա ո՞վ, բայց, ցավոք սրտի, մենք ինքներս մեր երկիրը հասցրել ենք այն աստիճանի, մենք իրար այնքան ենք վարկաբեկել, որ ցանկացած մարդու անուն, եթե այսօր տաս, միտինգում [մարդիկ] ոչ թե ավելանալու են, այլ պակասելու են: Չկա այդպիսի մարդ Հայաստանի Հանրապետությունում, ում անունը տալով կարող ենք ասել, որ միտինգում մարդը կավելանա ու այդպիսի բան լինի: Ցավոք սրտի, մի մարդ կա աշխարհում, ում անունը տալով Հայաստանում միտինգի մարդը կավելանա, էդ մարդու անունը Վլադիմիր Վլադիմիրի Պուտին է:
Մենք ենք հասցրել երկիրը սրան: Իմ համար այսօրվա գերկարևոր խնդիրը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն է, ազատագրած տարածքներից առավել, Ղարաբաղից առավել կարևորը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն է:
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.