Առաջիկա օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելելու են տարածաշրջան։ Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի հետ երեկ երեկոյան Փարիզում տեղի ունեցած մամուլի համատեղ ասուլիսում։
«Մեր դերն է ապահովել հրադադարի ռեժիմի պահպանումը, և առաջիկա օրերին երեք համանախագահները այցելելու են տարածքներ՝ ստուգելու այդ ամենի իրականացումը», - ասել է նա։
Ժան-Իվ Լը Դրիանը դրական է համարել, որ Հայաստանը նոյեմբերի 9-ին ստորագրել է Ղարաբաղում կրակը դադարեցնելու հայտարարությունը։
«Հայաստանի իշխանությունների որոշումը խիզախ քայլ էր։ Դա թույլ տվեց դադարեցնել մարտական գործողությունները և բազմաթիվ կյանքեր փրկել։ Խիստ անհրաժեշտ է լույս սփռել հակամարտության ընթացքում կատարված հանցագործությունների մասին տեղեկատվության վրա», - ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը, միաժամանակ նշելով, որ հակամարտության հարատև կարգավորման համար անհրաժեշտ է վերսկսել բանակցությունները։
«Մեզ անհրաժեշտ է վերականգնել երկխոսությունը, քանի որ հրադադարը համաձայնագիր չէ, այլ պատերազմի ավարտ։ Հիմա մեզ անհրաժեշտ է հակամարտության կայուն կարգավորում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի, նրա վարչական սահմանագծման, կառավարման միջոցների հետ կապված հարցերում», - ընդգծել է Լը Դրիանը։
Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի խոսքով՝ միջազգային հանրությունը հասկացավ, որ Լեռնային Ղարաբաղի հարցը սոսկ տարածքային վեճ չէ՝ Արցախի բոլոր այն հատվածներում, որոնք անցան Ադրբեջանի հսկողության տակ, տեղի ունեցան էթնիկ զտումներ և ռազմական հանցագործություններ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ անհրաժեշտ է անդրադառնալ Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը։
«Միայն այդ դեպքում է հնարավոր հասնել տևական և արդար խաղաղության, և միայն այդ ժամանակ կարելի է մտածել Հարավային Կովկասում խաղաղ գոյատևման և նոր ժամանակաշրջանի մասին», - ասել է Այվազյանը և ընդգծել՝ ռազմական ուժի կիրառմամբ ինքնորոշման իրավունքը հնարավոր չէ հանել օրակարգից։
Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատները՝ Սենատն ու Ազգային ժողովը Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևեր են ընդունել, սակայն կառավարությունը մերժել է կյանքի կոչել պարտադիր ուժ չունեցող այդ բանաձևերը։