Մատչելիության հղումներ

Այվազյանը Լավրովի հետ հանդիպմանը ընդգծել է ռազմագերիների փոխանակման հարցի հրատապությունը


Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանը առաջին այցն է կատարել Մոսկվա, այսօր կացել են նրա բանակցությունները Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Հանդիպումը տևել է մոտ երեք ժամ: Նախարարները նախ տետատետ ձևաչափով են բանակցել, այնուհետև նրանց են միացել պատվիրակությունների անդամները: Բանակցություններից հետո կայացել է նաև համատեղ մամուլի ասուլիս։

Լավրովի հետ իր առաջին ոչ հեռավար բանակցություններին հետևած ասուլիսի ընթացքում Արա Այվազյանը չի խոսել Արցախի կարգավիճակից։ Իր խոսքում միայն շեշտել է. «Հայաստանը հանդես է եկել և շարունակում է հանդես գալ այն դիրքորոշմամբ, որ Արցախի ժողովուրդը ունի ինքնորոշման իրավունք»։

Հայաստանի արտգործնախարարը, ով այս պաշտոնը համաձայնել է ստանձնել նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո, այսօր նշեց, որ Արցախի խնդրի կարգավորման շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով։

Ի դեպ, Սերգեյ Լավրովը այսօր, գուցե հատուկ, հիշեց, որ ի սկզբանե Մինսկի խմբի համանախագահ երկրները երկուսն էին՝ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները, Ֆրանսիան ավելի ուշ է միացել այս խմբին՝ սեփական նախաձեռնությամբ։ Ռուսաստանի ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ այսպես թե այնպես նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությունը հիմնված է այն սկզբունքների և փաստաթղթերի վրա, որոնք տասնյակ տարիների ընթացքում մշակել է Մինսկի խումբը: Լավրովը միայն չի ասել, որ Մինսկի խմբի փաստաթղթերում խոսվում էր միջազգային, այլ ոչ թե ռուս խաղաղապահների մասին, այդ փաստաթղթերում, որոնք հայտնի են, չկա Մեղրիի միջանցքի մասին ոչ մի խոսք, չկան նաև Հադրութը կամ Շուշին ադրբեջանական կողմին հանձնելու դրույթներ, ինչպես նաև Լաչինի միջանցքը հինգ կիլոմետրանոց լայնություն չուներ: Եվ թերևս ամենակարևորը, որ օրինակ՝ մադրիդյան սկզբունքներում հստակ խոսվում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին։

Հայաստանի արտգործնախարարը այսօր Լավրովի հետ հանդիպմանը, գոնե հրապարակային հատվածում, չի խոսել, այսպես կոչված, Մեղրիի միջանցքի հարցում Ռուսաստանի դիրքորոշումից, ինչպես նաև Հայաստանում բուռն քննարկվող հայ -ադրբեջանական սովետական տարիների սահմանի հետ կապված հարցերից, փոխարենը խոսել է ռազմագերիներից, եկեղեցիներից և Թուրքիայի կողմից տարածաշրջան բերված ահաբեկիչներից։

Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարները այսօր հայտարարեցին, թե այս հարցերով լուրջ աշխատանք է արվում, Սերգեյ Լավրովն ասաց նաև, թե Մոսկվան հավելյալ գումար է փոխանցել Ղարաբաղում աշխատող Կարմիր խաչի գրասենյակին հումանիտար հարցերի համար։

Հայաստանի նորանշանակ արտգործնախարարը թե՛ Լավրովի հետ հանդիպումը սկսելիս, թե՛ համատեղ ասուլիսին ընդգծեց ռազմագերիների փոխանակման հարցի հրատապությունը։ «Մենք արդեն հայտնել ենք մեր պատրաստակամությունը բոլորը բոլորի հետ փոխելու գործընթացին։ Հուսով ենք, որ ադրբեջանական կողմից չեն լինի խոչընդոտներ։ Միևնույն ժամանակ՝ հայտնի են բազմաթիվ դեպքեր ադրբեջանցիների մոտ գտնվող հայ գերիների անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ», - նշել է Այվազյանը:

Իր խոսքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հատուկ անդրադարձել է նաև Թուրքիայի դերակատարությանը, նշելով, թե այս պատերազմի գլխավոր հրահրողը Թուրքիան էր և պահանջել է Անկարայից անհապաղ դուրս հանել ահաբեկիչներին հակամարտության գոտուց։

«Թուրքիան պետք է դուրս բերի իր զինված ուժերի անձնակազմը և նրա հետ փոխկապակցված զինյալ ահաբեկչական խմբավորումները ԼՂ հակամարտության գոտուց և ընդհանրապես Հարավային Կովկասից», - ասել է Այվազյանը, նշելով, թե դեռևս չկան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների դուրսբերման հստակ ազդակներ:

«Ընդհակառակը՝ առկա են հավաստի տեղեկություններ այն մասին, որ Ադրբեջանը ծրագրում է ընդլայնել զինյալ ահաբեկիչների և վարձկանների տարածման աշխարհագրությունը և նրանցով վերաբնակեցնել Արցախի օկուպացված շրջանները», - ընդգծել է Հայաստանի ԱԳ նախարարը:

Պատասխանելով բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում վերսկսելու մասին հարցին՝ Ռուսաստանի արտգործնախարարը նախ ասել է, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարները ողջունել են եռակողմ հայտարարությունը և հրադադարը, և սա ամենակարևորն է ու հավելել, որ համանախագահները առաջիկայում կայցելեն տարածաշրջան, իսկ երբ վիճակը փոքր-ինչ հանդարտվի և կողմերը պատրաստ լինեն, բանակցությունները կվերսկսվեն։

Հայաստանի արտգործնախարարը այսօր հրաժարվել է մեկնաբանել Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունն այն մասին, որ հրադադարը կարող է օգնել, որ կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները։ Այվազյանն ասել է, թե ինքը սա չի մեկնաբանի, փոխարենը ներկայացրել է Անկարայի վերջին տասնամյակների ձեռնարկած քայլերը Հայաստանի նկատմամբ, հիշելով նաև հայ-թուրքական արձանագրությունները և շեշտել․ «Անկարան պետք է շահի մեր վստահությունը»:

Մինչ Այվազյանի հետ հանդիպելը Լավրովը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ: Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու նոյեմբերի 10-ին ստորագրված համաձայնագրի իրագործումը:

Հիշեցնենք՝ Բաքուն և Մոսկվան ունեն տարաձայնություններ կամ գոնե հարցեր, որոնք միանշանակ չեն մեկնաբանում: Ռուսաստանը դեռ չի մեկնաբանել Հայաստանի տարածքով Նախիջևանը Ադրբեջանի մյուս շրջանների հետ կապող միջանցք ստեղծելու մասին Իլհամ Ալիևի հայտարարությունը։ Ընդորում՝ Ալիևն ասել էր, թե Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները դրական են արձագանքել այս գաղափարին:

Նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությունում նման միջանցքի մասին խոսք չկա: Հայտնի չէ նաև, որտեղ է տեղակայված լինելու ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը, և արդյոք թուրք զինվորականները դե ֆակտո հնարավորություն կունենան վերահսկել հրադադարի ռեժիմը հենց Լեռնային Ղարաբաղի տարածքում։

XS
SM
MD
LG