Պաշտոնական Վաշինգտոնը կրկին ընդգծել է, որ ղարաբաղյան խնդիրը անհրաժեշտ է լուծել բանակցությունների ճանապարհով․ վերջին ռազմական բախումները չեն կարող տևական կարգավորում ապահովել, ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերը՝ ելույթ ունենալով Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում։
«Տպավորություն է, ասես Վաշինգտոնը այս խնդրում առաջնորդությունը հանձնեց Ռուսաստանին և Թուրքիային», - հարց է բարձրացրել հանձնաժողովի բարձրաստիճան անդամ, սենատոր Բեն Քարդինը։
«Վաշինգտոնը ողջունել է արյունահեղության դադարեցումը ղարաբաղյան հակամարտության գոտում և շարունակում է պնդել, որ այս խնդիրը չունի ռազմական լուծում», - ասել է Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան՝ պնդելով, թե դրա լավագույն ձևաչափը եղել և մնում է ԵԱՀԿ Մինսկի խումբը։
«Մենք աշխատում ենք համանախագահող մյուս երկրների հետ, և դեռևս բազմաթիվ հարցեր ունենք Ռուսաստանի նախաձեռնությամբ հաստատված հրադադարի, Թուրքիայի դերակատարության, օտարերկրյա զինյալների ներգրավման և տրամադրված զինատեսակների վերաբերյալ։ Մենք շարունակում ենք քննարկել այս հարցերը թե՛ Թուրքիայի, թե՛ Ռուսաստանի հետ», - ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը։
Ռիքերը նշել է, որ այս շաբաթավերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելելու են Երևան և Բաքու՝ քննարկելու խնդրի դիվանագիտական լուծմանը վերադառնալու հնարավորությունները։