Մատչելիության հղումներ

Ազատանցիները դժգոհ են, որ համայնքի ղեկավարը, առանց իրենց կարծիքը հարցնելու, միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջին


Ազատանցիները համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանից այսօր պարզաբանում էին պահանջում, թե ինչու է մի ողջ գյուղի անունից հանդես եկել ու առանց համագյուղացիների կարծիքը հարցնելու միացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։

«Մեր անունից ինչի՞ են հայտարարություն տալիս։ Գյուղապետարանը ընտրված է մեզնով, մեր ձեներով, գյուղապետը, գյուղապետարանի աշխատողները էս ժողովրդից են․․․ թող հլը իրանք հրաժարական տան», - ասաց դժգոհ ազատանցիներից մեկը։

Մոտ 5000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարը, սակայն, հակադարձում է՝ ոչ թե համայնքի անունից է ստորագրել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, այլ իր ղեկավարած համայնքապետարանի ու աշխատակազմի․ - «Հայտարարությունը տեղադրված է, ճիշտ է տեղադրված, որ Ազատանի գյուղապետարանը՝ աշխատակազմով, ոչ թե համայնքը, ոչ էլ ավագանին։ Որովհետև մենք էդ շրջանակներում չենք քննարկել։ Մենք մեր քաղաքական կամքն ենք դրսևորել, և եթե ժողովրդի պահանջ լինի, որ ժողովուրդը կուզենան մասնակցեն էդ հրաժարականի պահանջով՝ կամ դրական կամ բացասական առումով, թող ժողովուրդը որոշի։ Ես ոչ մի անգամ չեմ փորձում իրենց ինչ-որ ուղղորդեմ, կամ փորձենք բռնանանք, որովհետև դրա ժամանակները վաղուց անցել են»։

Վարդան Իկիլիկյանը նախկին իշխող՝ Հանրապետական կուսակցության անդամ է։ Ասում է՝ ճամբար չի փոխել ու չի էլ պատրաստվում։

Վարչապետի հրաժարականի պահանջի համար էլ մի քանի հանգամանք է մատնանշում, մասնավորապես, որ 2018-ի հեղափոխությունից հետո սպասելիքները տարբեր ոլորտներում չարդարացան անփորձ կառավարման և վարած սխալ քաղաքականության հետևանքով:

Իկիլիկյանը գտնում է, որ պետք է համախմբվել և ստեղծված իրավիճակից ելք գտնել․ - «Մենք պիտի համախմբվենք, ամեն մեկն իր ուժի կողքին, հասկանանք որն է ճիշտ, որ մեկը դուրս կբերի մեր ազգը էս իրավիճակի միջից։ Եվ չփորձեն աթոռակռվի վերածեն»։

Ազատանցիներն էլ ասում են, որ հիմա միայն ու միայն պատերազմին կռված ու հիմա էլ դիրքերը պահող զինվորի խոսքը կարող է իրենց համար ընդունելի լինել։

«Նախ մենք առաջնահերթ պետք ա հարցնենք մեր սահմանին կանգնած տղաներին՝ հրաժարական պահանջե՞նք, թե՞ չէ», - ասաց հավաքվածներից մեկը։

Մյուս հավելեց․ - «Մեր երկրի տերը մեր զինվորն է, ոչ թե այ էս կանգնած թափթփուկները, որ Նիկոլը հրաժարական տա։ Երբ որ զինվորը ասեց, որ Նիկոլը պիտի հրաժարական տա, թող հրաժարական տա»։

Համայնքապետարանի, հետո գյուղի մշակույթի տան մոտ հավաքված գյուղացիներն ասում էին՝ վարչապետի հրաժարականի հարց իրենց օրակարգում չկա:

Մայրաքաղաքում վարչապետի հրաժարականի պահանջով 17 կուսակցությունների նախաձեռնած բողոքի ակցիաներն էլ «աթոռակռիվ» որակեցին։

XS
SM
MD
LG