Մինչ Ֆրանսիայի կառավարությունը մերժում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, երկու տասնյակից ավելի շրջանային ու քաղաքապետական խորհուրդներ, կազմակերպություններ շարունակում են հորդորել կառավարությանը ճանաչել այն: Նշում են, որ դա տևական խաղաղության հաստատման միջոցն է:
Նրանց թվում է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը, որի նախագահ Գի Տեսիեն իր հայտարարության մեջ Սենատի նոյեմբերի 25-ի բանաձևը համարել է Արցախի ճանաչման գործընթացում նշանակալի առաջին փուլը, հորդորել է, որ կառավարությունը շարունակի այդ գործընթացը` ճանաչելով Ղարաբաղի անկախությունն այնպես, ինչպես որ արել է Կոսովոյի դեպքում: «Այսօր մենք կարող ենք հպարտանալ մեր Սենատով. Սենատում քվեարկված բանաձևը պատիվ է բերում մեր հանրապետության արժեքներին: Ֆրանսիան չի կարող պաշտպանել այդ արժեքները և միաժամանակ խուսափել դրանք իրականացնելուց: Կառավարությունը պետք է ճանաչի Արցախի Հանրապետությունը», - հայտարարել է Գի Տեսիեն:
Նմանատիպ մի որոշում Նիսի քաղաքապետական խորհուրդն է քվեարկության դրել 2 օր առաջ` քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի գլխավորությամբ: Չնայած այս ամենին` պաշտոնական Փարիզը շարունակում է մերժել Արցախի ճանաչումը: Օրերս Երևան այցի ժամանակ Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և այլ կարևոր հարցեր կքննարկվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Այս դիրքորոշմանն իր անհամաձայնությունն է հայտնում միջազգային իրավունքի մասնագետ, ֆրանսահայ իրավաբան Րաֆֆի Գալֆայանը. «Այն բոլոր նախաձեռնությունները, որոնք ստանձնվում են Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման համար, ճիշտ է, որ որոշ խանդավառություն են ստեղծում և բարոյական, քաղաքական պաշտպանություն բերում Ղարաբաղին, ինչպես նաև սփյուռքին, բայց չեն կարող բերել ավելիին` չունենալով իրավական արժեք: Դրանք չեն կարող ավելի շատ պաշտպանել Ղարաբաղի անվտանգությունը, մանավանդ նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո: Ինչ վերաբերում է Ֆրանսիայի Սենատին, ապա քվեարկության օրը կառավարության ներկայացուցիչն արդեն հայտարարեց, թե Ֆրանսիան չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, բայց եթե բանակցությունները շարունակվեն, ինչը դեռ շատ հեռու է իրականանալուց, և եթե համանախագահները միասնաբար մի եզրակացության հանգեն, ապա Ֆրանսիայի կառավարությունը մյուս երկրների հետ համատեղ կճանաչի Ղարաբաղի անկախությունը»:
Ըստ իրավաբանի` եթե Ֆրանսիան դա անի այսօր, «ճանաչման արկածախնդրության մեջ մտնի այսօր», ապա դուրս կմնա Մինսկի խմբից, և դա վատ կլինի հայերի համար. «Հայաստանը նույնպես համաձայն է թվում այդ տեսակետի հետ, քանի որ Հայաստանի կառավարությունը շատ պարզորոշ ասել է, թե ինքը համաձայն է բանակցությունները վերականգնել Մինսկի խմբի շրջանակում: Հետևաբար, Հայաստանի շահը ևս պահանջում է, որ Ֆրանսիան մնա իր այժմյան դիրքորոշման մեջ և չճանաչի Արցախի անկախությունը»: