Ֆրանսիան չի ճանաչի Ղարաբաղի անկախությունը, երեկ հայտարարել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ մեր պարտավորությունն է աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցված լուծումը գտնելու ուղղությամբ, հատկապես՝ կարգավիճակի հարցում», - հայտարարել է արտգործնախարարությունն՝ ընդգծելով՝ «այդ բանակցությունների վերջնարդյունքը չի կարող որոշվել նախապես և միակողմանիորեն»։
Հայտարարությունը հնչել է նույն հարցով Ֆրանսիայի Սենատում մեկ օր առաջ ընդունված բանաձևից հետո, որով խորհրդարանի վերին պալատը 305 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ հորդորել էր կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը։
Խորհրդատվական բնույթ ունեցող այդ փաստաթղթում օրեսդիրները պնդել էին` Ադրբեջանն անցած տասնամյակների, ինչպես նաև վերջին պատերազմի ընթացքում ապացուցել է, որ չի կարող երաշխավորել հայ բնակչության անվտանգությունն ու ազատությունը, ուստի խնդրի միակ ու տևական լուծումը կարող է լինել Ղարաբաղի ճանաչումը։
Ֆրանսիացի սենատորները նաև հորդորել էին կառավարությանը՝ միջազգային հետաքննություն պահանջել Արցախում խաղաղ բնակչության դեմ արգելված զենք օգտագործելու և պատերազմական հանցագործությունների վերաբերյալ:
Ադրբեջանն ի պատասխան երեկ բողոքի նոտա էր հղել երկրում Ֆրանսիայի դեսպանին, խորհդարանն էլ հարց էր բարձրացրել Փարիզի կողմնակալության ու Մինսկի խմբից այդ երկրին դուրս թողնելու անհրաժեշտության մասին։
Արձագանքելով այս զարգացումներին՝ Ֆրանսիայի արտգործնախարարությունը երեկ հայտարարել է՝ Փարիզը հանձնառու է Մինսկի խմբի շրջանակներում ստանձնած իր պարտավորություններին և ձգտում է հասնել հակամարտության կարգավորմանը՝ հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր ժողովուրդների անվտանգության պահանջներն ու արժանապատվությունը։
«Մենք կշարունակենք անել հնարավոր ամեն բան՝ Հարավային Կովկասում իրավիճակը կայունացնելու համար», - վստահեցրել է արտգործնախարարությունն՝ ընդգծելով՝ նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրից հետո մի շարք հարցեր դեռ մնում են չլուծված։ Այս շարքում, Ղարաբաղի կարգավիճակից բացի, Փարիզը հատուկ ընդգծել է օտարերկրյա վարձկաններին հակամարտության գոտուց հեռացնելու, ինչպես նաև տարածաշրջանի պատմական ու մշակութային ժառանգությունը պահպանելու անհրաժեշտությունը։
«Ֆրանսիան հանձնառու է Մինսկի խմբի շրջանակներում շարունակել աշխատանքն ու առաջ շարժվել՝ այդ հարցերի լուծումը գտնելու համար», - հայտարարել է արտգործնախարարությունը՝ հավելելով, - «Այսօր մեր գերակայությունն է երաշխավորել վերջին պատերազմի պատճառով տեղահանված անձանց անվտանգ վերադարձն իրենց բնակավայրեր»։
Ավելի վաղ՝ Սենատի բանաձևի քվեարկությունից առաջ, Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան Բատիստ Լեմուանն էր հայտարարել ՝ Լեռնային Ղարաբաղի անկախությունը որևէ երկիր մինչ օրս չի ճանաչել, և Ֆրանսիայի կողմից միակողմանի ճանաչումն օգտակար չի լինի ոչ Հայաստանի, ոչ Ղարաբաղի ժողովրդի, ոչ էլ Ֆրանսիայի համար՝ խոչընդոտելով խաղաղ գործընթացին։