Մատչելիության հղումներ

Ադրբեջանն «ընդունել է պարտությունը նախորդ պատերազմում» և պատրաստվել է հաղթանակին»


Ռուսաստանցի խաղաղապահը հերթապահում է անցակետում, Ստեփանակերտ, 26 նոյեմբերի, 2020թ.
Ռուսաստանցի խաղաղապահը հերթապահում է անցակետում, Ստեփանակերտ, 26 նոյեմբերի, 2020թ.

Ղարաբաղի հարցը միավորել է ընդդիմությանը Թուրքիայում և Ադրբեջանում

Վերլուծաբան Պյոտր Մակեդոնցևը «Թուրքիա և Ադրբեջան՝ եվրոպական ինտեգրումից մինչև Մեծ Թուրան» վերնագրի ներքո EuraAsia Daily առցանց հանդեսում հրապարակած հոդվածում գրում է, թե ղարաբաղյան վերջին պատերազմում Թուրքիան դե ֆակտո աջակցել է Ադրբեջանին: Արևմտյան և ռուսական մամուլը վերջին ամիսներին հիմնականում ուշադրությունը դարձնում էր նախագահ Ռեջեփ Էրդողանի և նրա առաջնորդած «Արդարություն և զարգացում» կուսակցության մնացած լիդերների ռազմաշունչ հայտարարությունների վրա:

Որոշ փորձագետներ ենթադրում էին, որ եթե Էրդողանի ռեժիմը ներքին քաղաքական զարգացումների բերումով տկարանա, և իշխանությունը նվաճեն այլ ուժեր, Անկարայի և Բաքվի միությունը կթուլանա կամ ընդհանրապես կվերանա: Բայց Թուրքիայի ընդդիմությունն իր գործողություններով հերքել է այդ բոլոր կանխատեսումները, քանի որ անվերապահորեն սատարել է Ղարաբաղի հարցում Էրդողանի վարած քաղաքականությունը:

Թուրքական քաղաքական ամբողջ վերնախավը՝ «Արդարություն և զարգացումից» մինչև իշխող կուսակցության անհաշտ ընդդիմադիրներ, պատերազմի առաջին իսկ օրվանից սատարել են Իլհամ Ալիևին: Այդպես Թուրքիան և Ադրբեջանն ապացուցել են, որ նվիրված են համազգային նպատակներին, այդպես Մեծ Թուրանի գաղափարը վեր է դասվել եվրոպական ինտեգրման գաղափարից:

Քեմալականների գաղափարախոսությամբ առաջնորդվող Հանրապետական- ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քիլիչդարօղլուն պատերազմի օրերին Ալիևին հասցեագրված նամակում մեջբերել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հայտնի կարգախոսը՝ «Ադրբեջանի վիշտը մեր վիշտն է, Ադրբեջանի ուրախությունը մեր ուրախությունն է»:

Նույնիսկ ԱՄՆ-ում ապաստանած կրոնական առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը, որի հանդեպ Էրդողանն ատելությունից զատ այլ վերաբերմունք չի դրսևորում, վերջին պատերազմում իր աջակցությունն է հայտնել Բաքվին:

«Այս պատերազմը Ռուսաստանի համար լուրջ դաս էր, եվրոպական ինտեգրման մասին երազող թուրքական և ադրբեջանական ընդդիմությունները զարմանալի միասնություն են դրսևորել: Պատերազմի արդյունքն ապացուցում է, որ Եվրամիության շրջանակներում լիբերալ ինտերնացիոնալիզմը և բուն ազգային նպատակն անհամատեղելի են, հայեցակարգը չի գործել, և դրա վկայությունը պատերազմող երկու պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի ընդգրկումն է Արևելյան գործընկերության ծրագրում»,- գրել է Մակեդոնցևը: Նրա համոզմամբ, Ռուսաստանի համար դա հակափաստարկ է, որը պետք է ներկայացնել նրանց, ովքեր հանուն Եվրամիության հետ համագործակցության առաջարկում են հրաժարվել Ղրիմից, Դոնբասից, Մերձդնեստրից, Աբխազիայից և Հարավային Օսիայից, ովքեր պատրաստ են քայքայել Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությունը:

Ժամանակավոր հրադադարի փոխարեն պետք է մեծ համաձայնություն

Foreign Policy ամերիկյան հանդեսում լույս է տեսել «Երբ մեծ տերությունների քաղաքականությունը պահանջված չափով մեծ չէ» վերնագրած հոդվածը: Հեղինակը՝ Լոնդոնի տնտեսագիտության համալսարանի շրջանավարտ, գիտությունների դոկտոր Հանս Գատբրոդը, հետազոտում է կովկասյան թեմաները և այսօր դասավանդում է Թբիլիսիի պետական համալսարանում:

Թուրքիայի և Ռուսաստանի ջանքերով Լեռնային Ղարաբաղում հրադադար է հաստատվել, բայց անհրաժեշտ է մեծ գործարք-համաձայնություն ամբողջ տարածաշրջանի կտրվածքով: Հրադադարը երկարատև լուծում չէ: Հայտնի չէ, թե չհաշված ղարաբաղյան հրադադարը արդյոք Անկարայի և Մոսկվայի շահերը կշարունակեն համընկնել:

Հիմա օդի պես կարևոր է հարատև կարգավորում: Խաղաղության անավարտ գործընթացը շատ վտանգավոր է և կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսման:

Գուցե ժամանակն է գումարել մեծ տերությունների մեծ ժողով և քննարկել եվրասիական անավարտ բոլոր կոնֆլիկտների կարգավորումը, ժողով, որի մասնակիցները, այդ թվում` գերտերությունները պետք է կարողանան փոխզիջումների գնալ հանուն ընդհանուր նպատակի:

Այդպիսի օրինակ կա, Հանս Գատբրոդը նշում է, որ հենց այդ սկզբունքով է աշխատել 1814 թվականի սեպտեմբերին գումարված և 1815-ի հունիսին ավարտված Վիեննայի վեհաժողովը, որին հաջորդել են խաղաղության տարիներ:

21-րդ դարի զենքը առավելություն է ապահովել 20-րդ դարի զենքի նկատմամբ

Atlantic Council ամերիկյան վերլուծական կենտրոնը հրապարակել է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի փորձագետ Վյաչեսլավ Ինոզեմցևի հոդվածը, որի վերնագիրն է «Ուկրաինան պետք է դասեր քաղի Ադրբեջանի վերջին հաղթանակից»:

Քաղաքագետը նշում է, որ Մինսկի խմբի աշխատանքը ձախողվել է, 21-րդ դարի զինատեսակները վճռական առավելություն են ապահովել 20-րդ դարի զինատեսակների նկատմամբ: Դա հուժկու հարված է նախկին խորհրդային տարածքում Ռուսաստանի կայսերական ոտնձգություններին:

90-ականների պատերազմի ժամանակ Հայաստանը և Ադրբեջանը երկու աղքատ սովետական երկրներ էին, սակայն անցած քառորդ դարի ընթացքում իրավիճակը դրամատիկորեն փոխվել է:

Մինչ Հայաստանը փորձել է արդիական տնտեսություն կայացնել, Ադրբեջանը կառուցել է էներգակիրների արտահանման նոր խողովակաշարեր, նախաձեռնել է տնտեսական ակտիվ համագործակցություն աշխարհի հետ և հետևողականորեն արդիականացրել է տեխնոլոգիաները:

Դա արդյունք է ապահովել, 2010-ին նավթի արդյունահանումը 90-ականների համեմատությամբ ավելի քան հնգապատիկ աճ է գրանցել, ներքին համախառն արդյունքը Հայաստանի համեմատությամբ էապես ավելացել է, ով այցելել է այդ երկու երկրները՝ անձամբ է համոզվել, թե որն է ծաղկում, և որն է տեղում դոփում:

Հաշվի առնելով ազդեցիկ Սփյուռքի գործոնը և թշնամական պետություններով շրջապատված լինելու հանգամանքը` Հայաստանը հաճախ համեմատում են Իսրայելի հետ, սակայն տնտեսական առումով որևէ համեմատություն հնարավոր չէ: Ի տարբերություն Հայաստանի` Իսրայելը կարողացել է տնտեսապես առաջ անցնել հարևաններից և ապահովել արտասահմանյան հսկայական ներդրումներ:

Ուստի, զարմանալի չէ, որ փոքրիկ Իսրայելն այսօր գերարդիական զենք արտահանող երկրների ցանկում աշխարհում 10-րդն է: Մինչդեռ, Հայաստանը զենքի առումով հույսը կապել էր ռուսական և խորհրդային հին ու հետամնաց տեխնոլոգիաների հետ:

Ադրբեջանի հաղթանակի հիմքը տնտեսական առաջընթացն է: 1994 թվականի նվաստացուցիչ պարտությունից հետո Ադրբեջանը կարողացել է արդիականացնել տնտեսությունը և տարածաշրջանում կազմել դաշինքներ, որոնք երաշխավորել են այսօրվա հաղթանակը:

Ուկրաինան պետք է դասեր քաղի, այսօրվա թույլ դիրքերից ռազմական եղանակով տարածքները վերադարձնելու անհույս փորձի փոխարեն Ուկրաինան պետք է արդիականացնի տնտեսությունը և ենթակառուցվածքները, ապահովի միջազգային ներդրումներ:

Սոսկ հայրենասիրությունը և դրսում աշխատող ուկրաինացիների դրամական փոխանցումներն այլևս բավական չեն:

Առաջիկա 20-25 տարիների ընթացքում Ռուսաստանի դիրքերն անխուսափելիորեն կթուլանան, քանի որ այդ երկրի տնեսական կարողության երաշխիքը նավթի և գազի արտահանումն է, իսկ աշխարհն աստիճանաբար սկսում է հրաժարվել այդ էներգակիրներից:

Ադրբեջանը կարողացել է ընդունել պարտությունը նախորդ պատերազմում և ամեն ինչ արել է հաղթանակին պատրաստվելու համար: Ռուսաստանի հետ վեճում Ուկրաինային հենց այդ հեռատեսական մոտեցումն է անհրաժեշտ:

XS
SM
MD
LG