Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան պատերազմը ցույց տվեց մարտի դաշտում ավանդական սպառազինությունների գերիշխանության ավարտը


Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը վերջ դրեց Ղարաբաղում վեց շաբաթ շարունակված պատերազմին, որի հետևանքով մոտավորապես հինգ հազար մարդ է զոհվել։ Կարճատև, արյունալի պատերազմը զգուշացնում է, որ ավանդական սպառազինությունների, տանկերի գերիշխանության օրերը հնարավոր է` ավարտվում են։ Տասնյակ հազարավոր մարդիկ լքեցին իրենց տները` հիմնականում վախենալով անօդաչու թռչող սարքերի գրոհներից, գրում է «Բիզնես ինսայդերը»: Նշում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պատերազմի օրերին Բաքվի մարդաշատ վայրերում տեղադրված մոնիթորներին ցուցադրում էր, թե ինչպես են դրոնները հարվածում հայկական զորքերի թիրախներին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական բանակի հաջողությունը ուղղակիորեն կապել է հարվածային դրոնների օգտագործման հետ։ Դրոնների հարվածներից հայկական կողմը մեծ կորուստներ է կրել, հատկապես զրահատեխնիկան ու տանկերը, դրանք ցանկացած բանակում համարվում են գերիշխող սպառազինություն, սական ղարաբաղյան պատերազմում այդ սպառազինությունների մեծ կորուստները ամբողջ աշխարհում վերականգնեցին քննարկումները նման սպառազինությունների ապագայի վերաբերյալ:

Քննարկումները սկսվել էին դեռ 1973 թվականի արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ, երբ արաբները սովետական հակատանկային հրթիռներով ոչնչացնում էին Իսրայելի տասնյակ տանկեր ու զրահամեքենաներ։ 2011-ին Նիդեռլանդներն ամբողջովին հրաժարվել է տանկերից, Բրիտանիան շուտով կարող է հետևել այդ օրինակին, ԱՄՆ-ի ծովային հետևակը վերակազմավորում է իր տանկային միավորումները։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 26-ին ասել է, թե «ադրբեջանական կողմը հակառակորդի 252 տանկ ու 50 մարտական մեքենա է ոչնչացրել», հաջորդ օրը հայկական կողմն ասաց, թե «ադրբեջանական 784 տանկ ու զրահամեքենա է խոցել»։ Երկու կողմն էլ հավանական է` չափազանցնում են, բայց հրապարակված տասնյակ տեսանյութերը, բաց աղբյուրների ուսումնասիրությունները հստակորեն ցույց են տալիս, որ տանկային ու զրահամեքենաների ստորաբաժանումները աղետալի կորուստներ են ունեցել։

Ադրբեջանը մեծ ներդրումներ է արել Ռուսաստանից, Թուրքիայից, Իսրայելից մարտական դրոններ, այդ թվում` կամիկաձեներ գնելու համար։ Դրանց էֆեկտիվությունը ակնհայտ է։ Հրապարակված լուսանկարում ճակատամարտերից մեկում հայկական 7 տանկերից 5-ը խոցվել են դրոնների միջոցով։ Հարվածներից բացի, դրոնները կարողանում են հետախուզել հակառակորդի դիրքերը ու կոորդինատներ փոխանցել իրենց հրետանային ստորաբաժանումներին ճշգրիտ կրակ բացելու համար։ Ուկրաինայում նման կերպ են գործել ռուսական դրոնները, որի արդյունքում ուկրաինական բանակը ծանր հարվածներ էր ստացել ռուսամետ անջատականների հարվածներից։

«Բիզնես ինսայդերը» հիշեցնում է, որ Միացյալ Նահանգները երկար ժամանակ հակաօդային պաշտպանության համակարգ չուներ։ Միջին հեռահարության հրթիռները զինված ուժերի սպառազինությունից հանվել են սառը պատերազմի ավարտից հետո։ Ամերիկյան բանակը օդում գերիշխանության հասնելու համար հենվում է ռազմաօդային ուժերի կարողություննների վրա։ Սակայն հիմա մշակվում են հակաօդային պաշտպանության և հակադրոնային համակարգեր։ Բանակը զենիթային հրետանի է պատվիրել, ինպես նաև մշակվում են օդային ազդանշանների խլացման ու լազերային համակարգեր:

Վերադառնալով ղարաբաղյան պատերազմին` պարբերականը նշում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն առաջին կարգի ռազմական երկրներ չեն։ Հայաստանի հակօդային պաշտպանությունը բավականին հնացած է, դրոններ ոչնչացնելու հնարավորությունները սահմանափակ են, իսկ տանկերի վրա հնարավոր է` բացակայում են պաշտպանության նորագույն սպառազինությունները։

Ղարաբաղյան պատերազամի օրինակով նշվում է, որ մեծ տերությունների միջև ժամանակակից պատերազմը շատ ավելի աղետալի կլինի, քան վերջին տասնամյակներում տեսել են ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները։

Ռուսական «Էքսպերտ օնլայն» պարբերականը, լայնորեն վերլուծելով ղարաբաղյան պատերազմը, նաև նշում է ադրբեջանական կողմի ինֆորմացիոն լավ նախապատրաստվածությունը։ Ի տարբերություն 2016-ի` այս անգամ պատերազմի առաջին շրջանում ադրբեջանական կողմից տեղեկատվական արտահոսք չկար, իսկ հետո արդեն նրանց քարոզչությունն ավելի էֆեկտիվ էր, քան հայկական կողմինը։ Սա ևս խոսում է այն մասին, որ ադրբեջանական կողմը երկարատև ու հանգամանալից է նախապատրաստվել պատերազմին։ Ըստ ռուսական այս հարթակի` պատերազմում երկու կողմից մոտավորապես 10 հազար մարդ է զոհվել, ներառյալ խաղաղ բնակիչները։

XS
SM
MD
LG