Մատչելիության հղումներ

Թուրքիայի ճեղքումը Կովկաս կունենա Պուտինի համար տհաճ հետևանքներ, գրում է DW-ի մեկնաբանը


Գերմանական Deutsche Welle-ի (DW) մեկնաբան Կոնստանտին Էգերտի կարծիքով` Ղարաբաղի պատերազմում հաղթել է Թուրքիան, որքան էլ Ռուսաստանը փորձի ցույց տալ, թե իր դիրքերը Հարավային Կովկասում անսասան են։ Նրա գնահատմամբ` Պուտինի վերջին հարցազրույցում չկար նախկին վստահությունը, փաստերի մանիպուլյացիան, պնդումները, փոխարենը` նա ավելի քան զգույշ էր, ինչը շատ քիչ է նկատվել վերջին երկու տասնամյակի ընթացքում։

«Հարավային Կովկասում Մոսկվայի ժամանակն ավարտվում է, գալիս է Անկարայի ժամանակը» վերնագրի ներքո վերլուծաբանը գրում է. «Ռուսաստանը Ղարաբաղում տեղակայում է իր զինուժը, որը կոչվում է «խաղաղապահ առաքելություն», իսկ Թուրքիան` իր զինվորականներին, որը կոչվում է «դիտորդական առաքելություն»։ Պաշտոնական Մոսկվան անվերջ կրկնում է, որ Թուրքիան խաղաղապահ գործողություններին չի մասնակցելու, այդ մասին ասում է նաև Պուտինը, բայց ինչպես էլ պտտացվի, ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի զինծառայողները պաշտոնապես կատարում են ռազմաքաղաքական գործողություններ նախկին միության տարածքում, այն էլ Ռուսաստանի համար զգայական տարածաշրջանում։ Սա այն է, ինչից միշտ զգուշացել ու վախեցել է պուտինյան ռեժիմն իր նոր կայսերական նկրտումներով` «արտոնյալ շահերի գոտիներ ունենալ հետխորհրդային տարածքում», - նշում է Կոնստանտին Էգերտը։

Էրդողանի հետ Կրեմլի երկարամյա խաղի հիմնական նպատակը ՆԱՏՕ-ի հարավային թևը թուլացնելն է, դաշինքը պառակտելը։ Թուրքիայի նախագահը դա հասկանում և օգտագործում է։ Նրա ճեղքումը Կովկաս կունենա հեռահար ու Պուտինի համար տհաճ հետևանքներ։ Թուրքիան կշարունակի զարգացնել իր ազդեցությունը Կովկասում։ Անկարայի խնդիրն է գերիշխող ուժ դառնալ Սևծովյան տարածաշրջանում, նշում է նա։

Կոնստանտին Էգերտը գրում է, որ Թբիլիսիի հետ իր շփումները ցույց են տալիս, որ Հայաստանի պարտությունը, որն ընկալվում է նաև Պուտինի պարտություն, Վրաստանում մեծ տպավորություն է թողել։ Վրաստանի ու Թուրքիայի հարաբերությունները միշտ լավ են եղել, հիմա այն ավելի կլավանա։ «Արդյոք Պուտինը հասկանում է, որ հետխորհրդային տարածքում Մոսկվայի գերիշխանության ժամանակն անվերադարձ անցել է,- պատասխանը պարադոքսալ է՝ հնարավոր է` հասկանում է, նշում է DW-ի մեկնաբանը` մեջբերեով Պուտինի խոսքերը. «Ադրբեջանն անկախ, ինքնիշխան պետություն է, Ադրբեջանը լիովին իրավունք ունի գործընկերներ ընտրել այնպես, ինչպես իրեն հարմար է»։

«Որպես «ազդանշանների երկրի» ղեկավար Պուտինը հասկանում է, որ այդ խոսքերը հենց ազդանշան են և ոչ միայն Ադրբեջանին։ Եթե Վրաստանը մոտենա ՆԱՏՕ-ի անդամակցությանը, ապա դրա համար պետք է շնորհակալ լինի Ռեջեփ Էրդողանին», - իր վերլուծությունը եզրափակում է Կոնստանտին Էգերտը։

Պաշտոնական Թբիլիսին անթաքույց ցանկանում է, որ Վրաստանում Միացյալ Նահանգները ներկայություն ունենան։ Նախօրեին ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպումներում Վրաստանի ղեկավարներն ասել են, թե ժամանակն է տարածաշրջանում մեծացնել ամերիկյան ներկայությունը։ Մայք Փոմփեոյի հետ բանակցելուց հետո Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է. «Վրաստանում, տարածաշրջանում կլինի ավելի շատ Ամերիկա»։

Իսկ փորձագիտական, նախկին պաշտոնյաների մակարդակով ուղիղ ասվում է, որ Վրաստանը պետք է ԱՄՆ-ին տարածք տրամադրի ամերիկյան ռազմակայան տեղակայելու համար։

Վրաստանում մի շարք քաղաքագետներ ու փորձագետներ գտնում են, որ ղարաբաղյան խնդրի նման լուծումը կարող է նախադեպ դառնալ երկրի ամբողջականությունը վերականգնելու համար:

Քաղաքագետ Թորնիկե Շարաշենիձեի կարծիքով` դեռ պետք չէ փոփոխություններ սպասել Վրաստանի օկուպացված տարածքների հարցով` ի տարբերություն Ղարաբաղի, նրանք գտնվում են Ռուսաստանի երաշխիքների ներքո, սակայն տարածքներ վերադարձնելու նախադեպ է ստեղծվել, և Սուխումին ու Ցխինվալին պետք է մտածեն, որ ոչինչ մշտական չէ։

Ռուսաստանցի փորձագետ Դենիս Սոկոլովի կարծիքով էլ` Ղարաբաղը պետք չէ ուղիղ համեմատել Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ, քաղաքական, ռազմական իրավիճակները տարբեր են, միաժամանակ, նրա խոսքով, համեմատություններ կարելի է անել Հարավային Կովկասից Ռուսաստանից հեռանալու տեսակետից, այսինքն` գլոբալ առումով Աբխազիայի ու Հարավային Օսիայի ճակատագիրը կանխատեսելի է, երբ հասնի ռուսական կայսրության փլուզման հաջորդ փուլը, ասել է նա։

Քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն ընդհակառակը, գտնում է, որ Աբխազիային ու Հարավային Օսիային ցնցումներ չեն սպառնում, նույնիսկ հեռավոր հեռանկարում։ «Ղարաբաղը հակամարտություն է Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Այդտեղ Ռուսաստանը միջնորդ է, իսկ Հարավային Օսիայում և Աբխազիայում` մասնակից։ Ես կտրականապես համեմատություններ չէի անցկացնի, ոչ մի ընդհանուր բան չկա և չի կարող լինել», «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծրագրին օրեր առաջ ասել է քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG