Մատչելիության հղումներ

Վարչապետի հրաժարականը պահանջող ուժերը պնդում են՝ ղեկավար պաշտոնյաների փոփոխությունը «ամենակարևոր հարցը» չի լուծում


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր քաղաքական ուժերը պնդում են՝ վերջին օրերին ղեկավար պաշտոնյաների փոփոխությունը «ամենակարևոր հարցը» չի լուծում:

16 ընդդիմադիր ուժերն այսօր հերթական հանրահավաքն էին հրավիրել Ազատության հրապարակում: ՀՅԴ անդամ ԳԵղամ Մանուկյանն, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրերս հրապարակած գործողությունների ճանապարհային քարտեզին, հայտարարեց, որ դրանում տեղ են գտել Նիկոլ Փաշինյանի կառավարման ընթացքում չիրականացված բոլոր խոստումները: Դաշնակցականի գնահատմամբ՝ վարչապետն այդպիսով ժամանակ է ձգում:

«Որպեսզի ժամանակ ձգի, գնաց սեփական կուսակիցների, ընկերների զոհողության տալու», - ասաց Մանուկյանը:

Նիկոլ Փաշինյանը 15 կետով ներկայացրել էր առաջիկա վեց ամիսների անելիքները, որոնց իրագործման համար էլ փոփոխություններ է իրականացնում կառավարության կազմում։ Վարչապետը հայտնել էր, որ 2021-ի հունիսին հանդես կգա այս քայլերի իրագործման հաշվետվությամբ, հանրային կարծիքն ու արձագանքը հաշվի առնելով իշխանությունները որոշում կկայացնեն հետագա անելիքների վերաբերյալ։ Առաջիկա անելիքների թվում, մասնավորապես, թվարկել էր Մինսկի խմբի ձևաչափում Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը, բանակցություններում Արցախի կարգավիճակը և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցը։ Փաշինյանը խոսել էր նաև Զինված ուժերում բարեփոխումների մեկնարկից։

Ընդդիմությունն էլ իր ճանապարհային քարտեզն է ներկայացրել, որով առաջարկում է ձևավորել ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիք» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը չի կարող լուծել հումանիտար, առողջապահական, տնտեսական խնդիրները։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի պնդմամբ՝ ընդդիմադիր ուժերը վարչապետի հրաժարականը պահանջելով պատերազմը վերսկսելու նպատակ չունեն:

«Մենք ասում ենք հետևյալը՝ պարտված առաջնորդը, այս ստորացուցիչ հայտարարություն ստորագրած առաջնորդը չի կարող ներկայացնել մեր շահերը, հայերի շահերն այդ հայտարարության արդյունքում կնքվող պայմանագրում», - հայտարարեց Վանեցյանը:

Ի պատասխան այն պնդումներին, թե իշխանության փոփոխության արդյունքում կվերադառնան նախկինները, Վանեցյանը վստահեցրեց՝ նախկինին վերադարձ չի լինելու:

«Նախկինին վերադարձ չի լինելու, ներկան մերժված է և մերժվելու է: Մենք գալիս ենք, մենք ապագան ենք», - նշեց նա:

Վանեցյանն անդրադառնալով վերջին օրերին բողոքի ակցիաներ իրականացնողների նկատմամբ ոստիկանական ուժի կիրառմանը՝ պնդեց, որ 2019-ի ամռանը Իջևանում անտառահատների բողոքի ցույցերի ընթացքում Փաշինյանը զանգահարել է իրեն ու այդ ժամանակ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Վալերի Օսիպյանին և ասել՝ ուզում է՝ «արյան գետեր տեսնել, հրահանգելով սատկացնել բոլորին», կառավարությունից Վանեցյանի այս հայտարարությունը չեն մեկնաբանում։

Հանրահավաքի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում, այն հարցին, թե արդյոք Վանեցյանն ապացույցներ ունի Փաշինյանի հրահանգի վերաբերյալ, ընդդիմադիր գործիչը միայն ասաց՝ իր խոսքն է ապացույց: «Մեկնեցինք այնտեղ և իմ ու Վալերի Օսիպյանի աշխատանքի արդյունքում, որ չտրվեցինք այդ ապօրինի հրամանի կատարմանը կամ այդ էմոցիաներին, չիրականացրինք այդ միջոցառումը», - ասաց ԱԱԾ նախկին տնօրենը:

Վանեցյանի խոսքով՝ ինքը հեռացել է զբաղեցրած պաշտոնից, այն բանից հետո, երբ հասկացել է, որ Փաշինյանը երկիրը կառավարել չի կարող։ Նշենք, որ վերը նշված իջևանյան դեպքերը ԱԱԾ նախկին տնօրենի հրաժարականից մի քանի ամիս առաջ էին։ Արթուր Վանեցյանի պնդմամբ՝ երբ Հայաստանին առաջարկվում էր ղարաբաղի հարակից շրջանները լավրովյան պլանով Ադրբեջանին հանձնել, վարչապետ Փաշինյանը պետք է հեռանար, տեղը զիջելով այն մարդկանց, ովքեր համաձայն կլինեին գնալ այդ քայլին։

«Եթե դու չես անում այս ամեն ինչը, հիմա ինչի՞ց ես կառչել, իմաստը ո՞րն է քո մնալու այս երկրում, ամոթ է, սթափվեք ժողովուրդ, մենք իշխանության կռիվ չենք անում, հլը Նիկոլի գնալուց հետո պետք է հասկանանք՝ ով ա էն մարդը, որ իր վրա վերցնելու է այդ պատասխանատվությունը ու էս փլուզված երկիրը փորձի ոտքի կանգնեցնի: Ես էլի եմ ասում՝ այո, ես պատրաստ եմ վերցնել ինձ վրա պատասխանատվություն, բայց ես որտեղ կլինեմ այս մեր հայրենիքի փրկության գործընթացում, կորոշենք բոլորս», - նշեց Վանեցյանը:

XS
SM
MD
LG