Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է պաշտպանության, ԱԻ և սոցապ նորանշանակ նախարարներին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության և Արտակարգ իրավիճակների (ԱԻՆ) նախարարություններ:

Վարչապետը Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Մենք պետք է լրջորեն վերլուծենք տեղի ունեցածը, հասկանանք, թե որտեղ ենք սխալվել, ինչու ենք սխալվել և ինչ պետք է անենք այդ սխալներից հետևություններ անելու համար: Եվ, ընդհանրապես, ակնհայտ է, որ բանակի և Զինված ուժերի բարեփոխումների անհրաժեշտության առաջ ենք կանգնած: Եվ այլ հարց է, թե այդ բարեփոխումներն ի՞նչ տրամաբանությամբ պետք է ընթանան, ի՞նչ ժամանակացույցով պետք է ընթանան, ի՞նչ հարցերի պետք է անդրադառնան: Շատ կարևոր է, որ մեր բանակում և Զինված ուժերում եղած առողջ ու մրցունակ ավանդույթները, տրամաբանությունը չվնասելով՝ կարողանանք կառուցել նոր տրամաբանություն, նոր մարտավարություն, նոր ռազմավարություն, որը հաջողությունների կբերի մեր բանակին, մեր Զինված ուժերին: Որովհետև մեր երկրի անվտանգության երաշխավորը հենց Զինված ուժերն են, հենց բանակն է»,- ասել է վարչապետը:

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը իր խոսքում նշել է. «Մեծարգո պարոն վարչապետ, մեարծարգո պարոն նախարար, ես արդեն հնարավորություն եմ ունեցել իմ հրապարակային խոսքում հայտնել իմ կարծիքը, իմ մոտեցումները: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում անձնակազմին, որի հետ անցկացրեցինք այս դժվարին օրերը: Ունենք խնդիրներ, որոնք շուտափույթ լուծում են պահանջում»:

Նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանը, ըստ հաղորդագրության, նշել, որ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել. «Իրավիճակը կապված է տարածաշրջանում Թուրքիայի գործունեության հետ, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության և պատերազմից հետո ստեղծված այն իրավիճակի հետ, որը մենք ունենք: Ես համոզված եմ, որ մենք սպայական կազմով, պահպանելով այն դրականը, ինչ որ ունեինք բանակում, կարճ ժամանակում կնախապատրաստենք, կգնահատենք արդյունքները, սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառները և կնախապատրաստենք բարեփոխումների նոր փաթեթ, որը Ձեզ կզեկուցենք»:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը ԱԻՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Անդրանիկ Փիլոյանին։

Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է, որ ոլորտը և աշխատանքի բնույթը բոլորովին նոր է Անդրանիկ Փիլոյանի համար, քանի որ նա Արտակարգ իրավիճակների նախարարություն է տեղափոխվում բանակից. «Բայց, ըստ էության, Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Փրկարար ծառայությունը նույնպես մեր Զինված ուժերի մասն են, և այդ առումով կարող ենք ասել, որ փոփոխությունն այդքան էլ մեծ չէ և նույնպիսի անելիքներ կան նաև Արտակարգ իրավիճակների նախարարությունում»:

Համաձայն հաղորդագրության վարչապետն ընդգծել է, որ պատերազմի ընթացքում ԱԻՆ ստորաբաժանումները շատ ակտիվ դերակատարություն են ունեցել և հավելել. «Կարևոր եմ համարում նաև, որ Փրկարար ծառայությունը, ընդհանրապես՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, հետագայում զարգանա՝ նաև մեր նոր ի հայտ եկած մարտահրավերները, մեր նոր կարիքները հաշվի առնելով, իհարկե հենվելով այն ամենի վրա, ինչն արդյունավետ կերպով գոյություն է ունեցել մինչև այս պահը»:

Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանը նորանշանակ նախարարին հաջողություններ մաղթել ստանձնած պաշտոնում: «Երբ ինձ ներկայացնում էիք այստեղ նախարարի պաշտոնում, ես ասեցի, որ պատրաստ եմ ծառայելու Հայրենիքին և ժողովրդին. արել ենք մեր ուժերի ներածին չափով: Իսկապես շատ ծանր օրեր են եղել վերջին 8 ամիսը՝ համակարգն աշխատել է ժամացույցի նման», - իր խոսքում նշել է Ֆելիքս Ցոլակյանը:

Անդրանիկ Փիլոյանն իր հերթին նշել է. «Քանի որ նշված ոլորտն ինձ համար նորություն է, և ես բանակից եմ տեղափոխվում այստեղ, կարծում եմ, որ աշխատանքի ընթացքում այն լավը, այն դրականը, որ ունեցել եմ բանակում, կփորձեմ նաև ներդնել այստեղ, իսկ այն քայլը, որ պարոն Ցոլակյանի գլխավորությամբ արված է այս կառույցում, կփորձեմ մեկով կամ երկուսով ավելացնել: Ամեն դեպքում, ես այստեղ եկել եմ Ձեր հորդորով, միայն ու միայն մի պայմանով, որ ազգիս և մեր Հայրենիքին լինեմ օգտակար»:

Նիկոլ Փաշինյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Մեսրոպ Առա քելյանին:

«Ընդհանրապես կարող ենք ենթադրել, որ մի քանի հանգամանքների բերումով սոցիալական լարվածությունն էլ ավելի է սրվելու՝ կապված կորոնավիրուսի համաճարակի, պատերազմի, նրա հետևանքների, տնտեսական վիճակի հետ: Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում պետք է մեծ տեմպ հաղորդել աշխատանքին և կոնկրետ արդյունքներ արձանագրել: Քիչ առաջ պարոն Առաքելյանին ասում էի, որ հիմա այն ժամանակները չեն, որպեսզի ասեն, թե ժամանակ է հարկավոր աշխատանքի մեջ մտնելու, առանձնահատկութուները հասկանալու համար: Միանգամից պետք է անցնել գործի և կոնկրետ արդյունքներ արձանագրել: Հույս ունեմ, որ տիկին Բաթոյանը և նախարարության թիմն այս աշխատանքում լիովին կաջակցեն նորանշանակ նախարարին: Սա բոլորիս խնդիրն է և մենք պետք է կենտրոնացնենք մեր ուժերն այս խնդրի լուծման համար»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

Իր հերթին, նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար: «Ինչպես նաև տիկին Բաթոյանը նշեց՝ այս տարին սոցիալական խնդիրների առումով ավելի ծանրաբեռնված էր և այդ մասով իրոք նախարարության գործառույթուներն ու պատասխանատվությունն ավելի մեծ էր: Այս պահին նույնպես կարևորում եմ այն խնդիրները, որ սոցիալական հատվածում առաջացել են և որոնք պետք է օր առաջ կարգավորվեն: Իմ և նախարարության թիմի նպատակն է լինելու յուրաքանչյուր օր ստեղծել նոր արդյունք: Վստահեցնում եմ, որ շատ կարճ ժամանակում մենք էական արդյունքներ կապահովենք, որպեսզի առկա իրավիճակը հնարավորինս մեղմենք, միևնույն ժամանակ չմոռանալով կառավարության ծրագրերը, որոնք նախատեսել ենք իրականացնել սոցիալական ոլորտում»,- ընդգծել է նորանշանակ նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG