Մատչելիության հղումներ

Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց


Արթուր Վանեցյան, արխիվ
Արթուր Վանեցյան, արխիվ

«Հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց։

Երեկ նա հրավիրվել էր ԱԱԾ, ապա ձերբակալվել։ Ազգային անվտանգության ծառայությունն այսօր նրան մեղադրանք առաջադրեց Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման նախապատրաստման), 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով։

Փաստաբան Լուսինե Սահակյանն ապօրինի է որակում մեղադրանքը։

Ազգային անվտանգության ծառայությունը նույն հոդվածներով մեղադրանք է առաջադրել նաև Հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանին, Սիսիանի ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։

Նրանք ևս մեղադրանքները չեն ընդունում։ Փաստաբանները հայտարարում են քաղաքական հետապնդման մասին։

ԱԱԾ-ն երեկ հաղորդեց, որ հանցագործության նախապատրաստության փուլում կանխել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական գործչի սպանության, բռնություն գործադրելու միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու, ինչպես նաև բացահայտել է մի խումբ անձանց կողմից այդ նպատակով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու դեպքեր:

Ըստ ԱԱԾ-ի, հիշատակված հանցավոր արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Ա. Վ.-ն, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վ. Բ.-ն, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Ա. Ա.-ն, ինչպես նաև Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Ա. Մ.-ն:

Օրերս իր ֆիզիկական ոչնչացման մասին ակնարկել էր վարչապետ Փաշինյանը. ժողովրդին հղած իր ուղերձում մասնավորապես ասել էր․ - «Փաստաթուղթը ստորագրելիս հասկացել եմ, որ անձամբ իմ զոհվելու հավանականությունը չափազանց մեծ է՝ ոչ միայն քաղաքական, այլև ֆիզիկական իմաստով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG